կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-23 11:34
Առանց Կատեգորիա

Սահակաշվիլին շոկի մեջ է եղել, որ Ջավախքում վրացերեն չգիտեն

Սահակաշվիլին շոկի մեջ է եղել, որ Ջավախքում վրացերեն չգիտեն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում չի շրջանցել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացման հարցը` պահանջ, որն օրերս ներկայացրել էին ջավախահայերը. տեղեկացնում է Apsny.ge-ն:

 

Ըստ նախագահի` ինքը ժամանակին ձեռնպահ է մնացել այդ խարտիայի վավերացումից: «Խնդիրն այն է, որ երբ մենք իշխանության եկանք, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող մտնել Ջավախք: Մի անգամ Թեւզաձեն (պաշտպանության նախկին նախարարը) փորձեց, սակայն նրան այնտեղից դուրս արեցին: Այնտեղ ռուսաստանյան ռազմակայանն է, որի հետ կապված` Պուտինի հետ մեծ տարաձայնություններ ունեինք: Եվ ահա միջազգային ճնշման տակ կարողացանք այդ ռազմակայանը դուրս բերել այնտեղից, բայց գործակալները մնացին»,- նշել է նա:

 

Սահակաշիլիի խոսքերով` իր իշխանությունը սկսեց աշխատել Ջավախքի ժողովրդի, այլ ոչ թե տեղի հեղինակությունների հետ: Ըստ նրա` իրեն մտահոգել է նաեւ լեզվի հարցը: «Երբ առաջին անգամ գնացի Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում, եւ դա ինձ շոկի մեջ գցեց: Մենք հազարավոր վրացի ուսանողների, իդեալիստների ասացինք, որ կֆինանսավորենք նրանց մագիստրատուրան, եթե Ջավախքում վրացերեն դասավանդեն, կտանք աշխատավարձ: Արդեն երիտասարդության շրջանում, 6-7-րդ դասարանցիները վրացերեն են խոսում»,- հայտարարել է նա:

 

Սահակաշվիլին նշել է, որ իր նպատակը ոչ թե հայերենը վերացնելն է, այլ այն, որ վրացերենը դառնա Ջավախքի երիտասարդության` հաջողության հասնելու լեզուն:

 

Նա անդրադարձել է նաեւ Վահագն Չախալյանին. «Չէր կարելի ազատ արձակել Չախալյանին: Նա ջախջախեց վրացական համալսարանը եւ վրացական թեմը: Կարդացեք նրա ասածները: Այդ մարդը գրքեր է գրել, թեեւ մտավորականի տեսք չունի, սակայն այդ թեմայով գրքեր ունի գրած: Նա բանտից դուրս կգար 6 տարի անց: Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի երկաթուղային կարեւոր հանգույցներից մեկը: 6 տարի անց Ջավախքում արդեն 10 նոր ՀԷԿ կկառուցվեր, 6 տարի անց Ջավախքում կյանքի մակարդակը 2-3 անգամ կբարձրանար, նաեւ 6 տարի անց Ջավախքի բնակչության բացարձակ մեծամասնությունը կխոսեր վրացերեն»: Այնուհետեւ հավելել է. «Եթե ասում են` Չախալյանը սովորական հանցագործ է, ի՞նչ էր անում երեկ խորհրդարանում»:

 

«Համարում եմ, որ Վրաստանում գլխավորը վրացերեն լեզուն է: Համարում եմ, որ Վրաստանի նման բազազգ երկրի համար այդ թեմայով ավելորդ խաղերն անընդունելի են»,- հայտարարել է Սահակաշվիլին: