Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հրավիրված ասուլիսում ռազմական փորձագետ Արծրուն Հավհաննիսյանը նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից ոչնչացված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն իսրայելական արտադրության է և թողարկվել է այս տարվա մարտին: Նրա հավաստիացմամբ` սարքը 5000 մետր և ավելի թռիչքային բարձրության է, դրա ոչնչացումը բավական բարդ գործընթաց է: Հայաստանում նոր է դրվում նման միջոցների դեմ պայքարի հիմքը, սակայն էականն այն է, որ անօդաչու ինքնաթիռ ոչնչացնող տեխնիկան տեղական արտադրության է և համաշխարհային պատմության մեջ եզակի է: Տեղական արտադրություն լինելուց բացի, այն բավական էժան է և կարող է հետագայում հետաքրքրել նաև ԱՊՀ երկրներին: Անօդաչու սարքի ոչնչացման դեպք գրանցվել է նաև 2008-ին, սարքը ոչնչացվել է ռուսների կողմից, սակայն ոչնչացնող և ոչնչացվող սարքերը համարժեք են եղել գնային առումով, ինչը չի կարելի ասել հայկական տեխնիկայի դեպքում: Ոչնչացված «Հերմես 450»-ի գինը կարող է տատանվել 2-18 մլն դոլարի սահմանում: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանն ունի նմանատիպ 3 անօդաչու թռչող սարք, սակայն մեր` թշնամաբար տրամադրված հարևանները, դեռևս շոկից ուշքի չեն եկել և աշխատում են չարձագանքել: Նաեւ մտածում են, թե ինչպես պետք է խաբեն Ադրբեջանի հասարակությանը, որին գերզինվածության մասին հեքիաթներով են մշտապես սնել` կոծկելու համար ներհասարակական խնդիրները: Ըստ փորձագետի` Ադրբեջանի կողմից գերժամանակակից տեխնիկայի վրա ծախսված գումարները զրոյանում են, քանի որ նրանց տեխնիկային դեմ հանդիման գործում է հայկական արտադրության առավել էժան զենքը: «Սա ազդակ է, որը ցույց է տալիս, որ հայկական ռազմարտադրությունը վերականգնվում է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: