Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսեւորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:
2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններին թիվ 17/5 ընտրական տեղամասում, որպես դիտորդ, մասնակցել է ԹԻ ՀԿ-ում պրակտիկա անցնող ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմաելին, ով դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անունից: Նշված տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, որով Նարինե Էսմաելին հանդես է գալիս որպես վկա:
2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի եւ հանձնաժողովի քարտուղարի միջեւ առերես հարցաքննության ժամանակ, քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության եւ օրինականության շուրջ վիճաբանություն է ծագել Նարինե Էսմաելիի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանի եւ գործով քննիչ Հովակիմյանի միջեւ: Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի արգելում վկայի հարցաքննության ժամանակ ձայնագրառում կատարելը, այդուհանդերձ, քննիչը թույլ չի տվել փաստաբանին ձայնագրել առերեսումը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո քննիչը դուրս է եկել սենյակից եւ այնուհետև ներս մտել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով գոռգոռալով, վկայի եւ նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել եւ կարգադրել է քննիչներից մեկին (սենյակում ներկա է եղել հինգ քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարան: Այնուհետեւ, չսպասելով իր կարգադրության կատարմանը, Տիգրան Եգորյանի ձեռքից կոպտորեն խլել է ձայնագրիչը եւ նետել պահարանի մեջ: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ այդ ընթացում ինչ-որ մեկը հաջողեցրել է ջնջել ձայնագրությունը:
Նշված միջադեպի մասին «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում (www.hetq.am, www.news.am) հրապարակել են հայտարարությունը` դատապարտելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և նրա ղեկավարի ոչ իրավաչափ վարքագիծը ընտրախախտումների գործերով քննության ընթացքում:
2013թ. մարտի 6-ին ՀՔԾ-ն իր պաշտոնական կայքում եւ ԶԼՄ-ներով տարածել է հայտարարություն, որում, հղում կատարելով ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը, փորձել է հիմնավորել ՀՔԾ պետի եւ քննիչի գործողությունների իրավաչափությունը` բացարձակ սուտ որակելով ՀԿ-ի հայտարարության մեջ վկայակոչած հոգեբանական ճնշման եւ ձայնագրառումը ապօրինի արգելելու փաստերը: Սակայն, իրենց իսկ մատնանշած քրեադատավարական նորմերը (հոդված 201, հոդված 206) չեն պարունակում դրույթներ քննչական գործողությունը ձայնագրելու արգելքի մասին:
«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, այդ թվում` «հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս» (հոդված 28, մաս 3, կետ1, 3,4,5):
Ակնհայտ է, որ Մ.Միրզոյանի վերոնշյալ վարքագիծը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաև հարգանքի և վստահության ձևավորումը նրա ներկայացրած մարմնի' ՀՔԾ-ի նկատմամբ, մասնավորապես, ընտրախախտումների գործերի օբյեկտիվ քննության եւ բացահայտման առումով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն