կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 16:56
Իրավական

Մեղադրյալի աթոռին են նախագահի և վարչապետի շնորհակալագրերին արժանացածները

Մեղադրյալի աթոռին են նախագահի և վարչապետի շնորհակալագրերին արժանացածները

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց Գեղարվեստի ակադեմիայում կաշառակերության գործով հերթական դատական նիստը:

 

Դատարանն, ըստ էության, ավարտել էր վկաների հարցաքննությունների փուլը և անցել ապացույցների հետազոտության փուլին:

 

Քրեական գործում առկա փաստաթղթերի հրապարակումից պարզ դարձավ, որ 5 ամբաստանյալներն էլ նախկինում դատապարտված չեն եղել: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում վկաները ցուցմունքներ են տվել և դրական հատկանիշներով գնահատել Գեղարվեստի ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանին, ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանին, ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանին:

 

Դատարանը հրապարակեց նաև այն շնորհակալագրերն ու կոչումները, որոնց արժանացել են հիշյալ անձինք: Ամբաստանյալներից Հայկ Փայասյանը շնորհակալագիր է ստացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, իսկ Խաչիկ Ազիզյանը` ՀՀ ներկայիս վարչապետից: Ազիզյանը նաև արժանացել է Արաբկիր վարչական համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը:

 

Դատավորը հրապարակեց ամբաստանյալների հեռախոսների գաղտնալսման թույլատվության մասին արձանագրությունները: Այդ առնչությամբ պաշտպանական կողմը հայտարարեց, որ երեք անձանց հեռախոսահամարների գաղտնալսումների արձանագրությունները կազմվել են նույն ժամին` նույն ընթերակաների մասնակցությամբ, և խոստացավ այդ և քրեական գործերի նյութերի նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած այլ ապօրինությունների մասին բարձրաձայնել վիճաբանությունների փուլում:

 

 

Պաշտպանական կողմը հայտնեց, որ հակասություններ կան երկու ամիս ժամկետով իրենց պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն ու ձայնագրառումը թույլատրելու դատարանի որոշման և քաղվածքի միջև:

 

 

Դատավորն անդրադարձավ նաև ամբաստանյալների խուզարկության վերաբերյալ արձանագրություններին: Նա նշեց, որ արձանագրությունները գրվել են սև գրիչով, իսկ արձանագրության ամսաթվերը` կապույտ գրիչով:

 

 

Ապացույցների հետազոտությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

 

Հիշեցնենք, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`  Երեւանի գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Ս. Գեւորգյանը եւ ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հ. Փայասյանը, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձինք, միաժամանակ` 2012-2013 թթ ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի` համապատասխանաբար նախագահի տեղակալ ու պատասխանատու քարտուղար, իրենց վերապահված լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

 

Նախաքննության համաձայն` Ս. Գեւորգյանը եւ Հ. Փայասյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը: Այնուհետեւ 2012թ մայիսին Խ. Ազիզյանի միջոցով Ս. Գեւորգյան եւ Հ. Փայասյանը ստացել են առանձնապես խոշոր չափերի 3.500 ԱՄՆ դոլար կաշառք` դիմորդ Է. Բարբարյանին ակադեմիա ընդունելու համար:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Գեւորգյանին եւ Հ. Փայասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Խ. Ազիզյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Ֆահրադյանին եւ Ա. Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: