կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-14 15:06
Իրավական

Զարմացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի` ՀՀ-ում անչափահասների հանդեպ բռնության դեպքերի մասին զեկույցից

Զարմացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի` ՀՀ-ում անչափահասների հանդեպ բռնության դեպքերի մասին զեկույցից
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության հետ համագործակցությամբ ներկայացրել է Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին ուսումնասիրություն՝ անչափահասների արդարադատության համատեքստում:
ՀՀ ոստիկանությունը դրա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Բնավ կասկածի տակ չդնելով հեղինակավոր կազմակերպությունների աշխատատար և թանկարժեք (շուրջ մեկուկես միլիոն եվրո արժեցող) հետազոտությունների անչառությունը և հետազոտողների բարի կամքը, այնուամենայնիվ, փաստաթղթի մի շարք կետեր և դրույթներ, որոնք արձանագրում են ՀՀ-ում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունք և խոշտանգումներ, նրանց իրավունքների լուրջ ոտնահարման դեպքեր ոստիկանությունում` տարակուսանք ու զարմանք են հարուցում:
Տպավորությունն այնպիսին է, որ խոսքը բնավ այսօրվա Հայաստանի Հանրապետության մասին չէ: Ներկայիս խոսքի ազատության, տեղեկատվական հասարակության, թափանցիկ ու հրապարակային աշխատող ոստիկանության պարագայում անհնար է պատկերացնել, որ դեռահասը կարող է շփվել ոստիկանի հետ առանց ծնողի կամ առանց փաստաբանի, հանրային պաշտպանի ներկայության:
Զեկույցում նշված է՝ անչափահասների հետ անցկացրած հարցազրույցները բացահայտեցին, որ դաժան վերաբերմունքի ամենատարածված ձևերը խոստովանություն ձեռք բերելու նպատակով կիրառվող ծեծն ու ֆիզիկական ճնշումն էին: Ավելին, նշվում է, որ նախաքննական մարմինը երեխայից ցուցմունք է կորզել մատները դռան տակ թողնելով կամ ատրճանակի սպառնալիքով և այլն: Ձևակերպումներ, որ, մեղմ ասած, տարակուսանք են հարուցում. այդքան ապօրինություն և՝ ոչ մի դիմում-բողո՞ք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, տարբեր իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների ոչ մի միջամտությո՞ւն: Մի՞թե նման բան հնարավոր ու պատկերացնելի է…»:
Այնուհետ ոստիկանությունը մի քանի փաստ է բերում` զեկույցը պատրաստած, անչափահասների խնդիրներով «մտահոգ» հեղինակավոր կազմակերպությունների համար և նշում, որ այս ամենով հանդերձ՝ զեկույցը պատրաստողները որպես վերջին ճշմարտություն հրապարակում են անանուն հարցման արդյունքում իբր բացահատված փաստեր՝ պնդելով, որ մեր երկրում 2010, 2011, 2012 թվակաների ընթացքում դեռահասներին խոշտանգումների, կտտանքների են ենթարկել, նսեմացրել ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները, պարբերաբար խախտել են նրանց իրավունքները, և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետներից, ԶԼՄ-ների, տարաբնույթ իրավապաշտպան կազմակերպությունների ամենատես աչքից այդ դեպքերը վրիպել են, կամ նրանք բոլորը, ձեռքները ծալած ու շունչները պահած սպասել են փետրվարի 13-ի զեկույցում դրանց հրապարակմանը:
«Համաձայնեք, որ իսկապես տարօրինակ է և իրականում հռետորաբանության, ոչ թե հիմնավոր ուսումնասիրության ու արժանահավատ եզրակացությունների տպավորություն է թողնում:
Ոստիկանությունն այլ հարթության մեջ է տեսնում այս և ցանկացած խնդրի լուծումը: Պրոբլեմը ոչ թե պետք է հռչակագրվի, այլ ուսումնասիրվի, հայտնաբերվի և լուծվի»,- գրված է հայտարարության մեջ, որում նշված է նաև, որ ոստիկանությունն իր համագործակցությունն է առաջարկում զեկույցը պատրաստողներին՝ համատեղ ուժերով և հրապարակավ քննության առնել անչափահասների հանդեպ բռնության և  խոշտանգումների մասին փաստաթղթում բերված բոլոր օրինակները, հասցեական անաչառ ուսումնասիրությամբ ի հայտ բերել բոլոր իրողությունները և նման փաստերի հաստատվելու դեպքում օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին: