կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-10 20:52
Սպորտ

Բազկամարտի հուշամրցաշար՝ անվանի մարզիկի ծննդավայրում

Բազկամարտի հուշամրցաշար՝ անվանի մարզիկի ծննդավայրում

Այսօր Կոտայքի մարզի Քաղսի գյուղում  կայացավ բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Ավետիսյանի անվան հուշամրցաշարը: Արդեն 2-րդ տարին անց կացվող մրցաշարին մասնակցում էին մինչև 18 տարեկան 50-ից ավելի  մարզիկներ Երևանից, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերից:

 

 

Մրցաշարի անցկացման վայրը պատահական չէր ընտրված: Քաղսի գյուղն անվանի բազկամարտիկ Արթուր Ավետիսյանի ծննդավայրն է: Մարզիկի մտերիմները և ընկերները ակնածանքով էին հիշում մարզական ասպարեզում նրա արձանագրած հաջողությունների մասին և ցավով փաստում, որ նա այլևս մեզ հետ չէ: Արթուրը դաժանաբար սպանվել է 2008թ-ին ՌԴ -ում:

 

 

Արթուրի մարզիչ,  բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ծանրամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, <<Կոտայքի դյուցազն>>  կոչումը կրող Գրիգոր Պողոսյանը շնորհակալություն հայտեց  ծառայության մեջ գտնվող  իր սաներին, որոնց մտահաղացմամբ նախորդ տարի կազմակերպվել էր հուշամրցաշարը: Նա հույս հայտնեց, որ մրցաշարն էլ ավելի մասսայական կդառնա և կընդգրկի Հանրապետության բոլոր մարզերը, միաժամանակ  հավաստիացնելով, որ այն ավանդական է  դառնալու:

 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ, բազկամարտի ֆեդրացիայի գլխավոր քարտուղար Սուրեն Պրազյանը yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց գյուղական համայնքներում մարզական միջոցառումների անցկացումը: Ըստ նրա՝  նման մրցաշարերը խթանում են գյուղական սպորտի զարգացմանը և նոր հեռանկարներ ստեղծում գյուղի մարզիկների համար:

 

 

Բազկամարտի երիտասարդական ասոցացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանն էլ իր հերթին գոհունակություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին:

 

 

8 քաշային կարգերում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ բացարձակ քաշային կարգում(աջ և ձախ ձեռքով) չեմպիոն ճանաչված մարզիկը՝ նաև գավաթով:

Մրցաշարի ամենաուժեղ մարզիկ ճանաչվեց Գրիգոր Պողոսյանի սան Արամ Հարությունյանը, ով ներկայացնում էր Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղը:Նրան պարգևատրեց ՀՀ Պաշտպանության նախարարության փոխգնդապետ  Արսեն Մանուկյանը: