կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-04 12:55
Հասարակություն

Դուդուկահար և դհոլահար քույրերն առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել ծննդավայրում

Դուդուկահար և դհոլահար քույրերն առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել ծննդավայրում

Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել իրենց հայրենի Վանաձոր քաղաքում: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացված համերգին ներկայացվել է բոլորովին նոր ծրագիր:

Երեկոյի ընթացքում քույրերի հետ ելույթ են ունեցել պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ):

«Մենք ծնունդով Վանաձորից ենք, որոշել էինք, որ մեր առաջին մենահամերգը պետք է անպայման այնտեղ լինի: Շատ բուռն էր ընդունելությունը, հանդիսատեսը հիմնականում Վանաձորից էր, չնայած Երևանից էլ հյուրեր ենք ունեցել: Ազատ տեղեր ընդհանրապես չեն եղել: Մեզ շատ լավ ընդունեցին, շատ տպավորված էինք»,-նշում է Անահիտ Մխիթարյանը:  

Նշենք, որ քույրերը ծրագրում ներկայացվել են ջազային մշակումներ, ազգային, աշուղական ստեղծագործություններ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվել է նաև «Մաճկալ» ստեղծագործությունը, որը քույրերը նվիրել են իրենց հայրիկի հիշատակին: Հնչել են նաև վոկալ համարներ:

Մինչ այս մենահամերգը քույրերը հասցրել են հանդես գալ տարբեր բեմահարթակներում, այդ թվում` Մոսկվայում: Փաստում են`նմանատիպ երաժշտության նկատմամբ հանդիսատեսի մոտ առկա է հետաքրքրություն և այն իսկապես պահանջված է:

Առաջիկայում Աննա և Անահիտ Մխիթարյանները համերգներով հանդես են գալու մարզերում, Երևանում և արտերկրում: Երևանյան ելույթը նախատեսված հունիսի վերջից հուլիսի սկիզբն ընկած ժամանակատվածում: