կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 18:29
Տնտեսական

Սեւանից ձուկը քամել են

Սեւանից ձուկը քամել են

2011-ին պետական բյուջեից հատկացվել է 60 մլն դրամ Սեւանում 166.7 հազար 5 գրամանոց գեղարքունի եւ 200 հազար 3 գրամանոց ամառային իշխանի մանրաձուկ բաց թողնելու համար:

 

«Երկիր»-ի թղթակիցը, զրուցելով Գեղարքունիքի մարզի մի քանի ձկնորսների հետ, պարզել է, որ ձուկը խիստ պակասել է կամ ավելի ճիշտ` չկա: «Քամվել է ձուկը Սեւանից, քամվել»,- ասել են ձկնորսները եւ հավելել, որ թեեւ  ամեն նավակի համար կանոնավոր վճարումներ են անում` «ծով դուրս գալիու համար», այնուամենայնիվ, որս չկա:

 

Մեկ այլ տեղեկության համաձայն`  Սեւանի ձկնորսները, իրոք, յուրաքանչյուր նավակի համար մուծում են 30-40 հազար դրամ, որ կարողանան մուտք ունենալ լիճ: Համաձայն մեր տեղեկությունների` ձկնորսներն, այդքան գումարը մուծելով, կարող են մեկ կամ մեկուկես ամիս ամեն օր լիճ դուրս գալ: Ավելին` երբ ազգային պարկի տեսուչներն առգրավում են ձկնորսական ցանցերը եւ համապատասխան պարագաները, դրանք հետո դարձյալ վաճառում են նույն ձկնորսներին:

 

Նախկինում, երբ վերահսկողություն ընդհանրապես չկար, ամեն օր Սեւան էր դուրս գալիս մոտ 400 նավակ, իսկ այսօր դրանց թիվը մոտ 100 է, այսինքն` պարզ մաթեմատիկական հաշվարկներով` ամեն ամիս «Սեւան ազգային պարկ»-ը մոտ 3 մլն դրամ գումար է «կպցնում» օդից:

 

Ըստ ասեկոսեների` գործարքն իրականացվում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության պետ Կարեն Մալխասյանի (մականունը` Եզո) գիտությամբ:

 

ՀՀ բնապահպանության նախարարությունում մեզ հայտնեցին, որ նման տեղեկություններ չունեն, եւ ներկա պահին արդյունագործական ձկնորսությունն արգելված է, թույլատրվում է միայն խեցգետնի որսը, թեեւ Սեւանում կրճատվել են նաեւ խեցգետնի ծավալները:

 

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ` 2009-2010 թթ. իրենց ուսումնասիրությունների համաձայն` Սեւանում զգալիորեն պակասել են ձկնապաշարները: «Իսկ եթե այս սեզոնին շուկայում մի քանի հատ ձուկ կա, պատճառն այն է, որ հիմա ձվադրման սեզոնն է` ձուկը բարձրանում է դեպի գետեր: Դա էլ թող հանեն ու պրծնեն»,- ասաց նա:

 

Զարմանալի է` այդ դեպքում ամեն տարի ի՞նչ թվեր է ներկայացնում բնապահպանության նախարարը, եթե արդեն երկու տարի անընդմեջ ԳԱԱ-ն արձանագրում է, որ Սեւանում ձկնապաշարները զգալիորեն պակասել են: