Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երեկոյան որոշում ընդունեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին երկամսյա կալանքի ենթարկելու մասին: Նրան ներկայացվել է չափազանց ծանր մեղադրանք` ՀՀ քր. օրենսգրքի 38, 34 և 305-րդ հոդվածներով` (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու պատվիրում) հատկանիշներով: Սեդրակյանը, ըստ այդմ, մեղադրվում է նախընտրական շրջանում ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձը պատվիրելու մեջ:
Դեռ այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն ձերբակալեց այդ մահափորձը կատարելու մեջ մեղադրվող երկու անձանց, որոնք, ինչպես պարզվեց ավելի ուշ, ուղղակի առնչություն ունեին Սեդրակյանի հետ, ինքնահռչակ էպոսագետը հայտարարեց, թե այդ մարդկանց միջոցով «իր վրա» դուրս գալու խնդիր է դրված: Նա նույնիսկ հայտարարել էր, թե իրեն ձերբակալելու են ընտրություններից անմիջապես հետո` մոտավորապես փետրվարի 25-26-ին, և, փաստորեն, սխալվեց միայն ժամկետների մասով: Դեռ այդ ժամանակ էր պարզ, որ Սեդրակյանն այդ հայտարարություններն անում է ավելի շատ ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով` ի սկզբանե փորձելով ստեղծել կանխակալ կարծիք, թե ԱԱԾ-ն, իր նկատմամբ «գործ սարքելով», քաղաքական պատվեր է կատարում: Սակայն այդ կանխարգելիչ միջոցառումները Սեդրակյանն այնքան հապճեպորեն ու անգրագետ ձևով էր իրականացնում, որ ավելի շատ խորացնում էր կասկածները Հայրիկյանի մահափորձի հետ ուղղակի առնչություններ ունենալու առումով, քան ցրում դրանք:
Խնդիրը, սակայն, ոչ այնքան Սեդրակյանի այդ տարօրինակ վարքագիծն է, որքան շարժառիթները` և' Հայրիկյանին սպանելու հնարավոր մտադրության ու մոտիվացիաների, և' ԱԱԾ-ի կողմից նրան թիրախավորելու առումով: Քանի դեռ գործը գտնվում է նախաքննության փուլում, իհարկե, դժվար է լինելու ստանալ այս հարցերի հիմնական պատասխանները: Սակայն փաստը, որ Հայրիկյանի դեմ մահափորձ է իրականացվում հենց ընտրությունների շրջափուլում, և հիմնական մեղադրյալը ևս նախագահի թեկնածու է, չափազանց հետաքրքրական է:
Նախընտրական շրջանում իր նկատմամբ իրականացված մահափորձի և Սեդրակյանի` դրա հետ ուենցած կապերի մասին Հայրիկյանի անդրադարձները որևէ հիմք չեն տալիս ենթադրելու, թե այս երկու անձանց միջև ինչ-որ ընդհանուր բան կա կամ կարող էր լինել: Սեդրակյանի մասին Հայրիկյանը բացառապես խոսում էր իբրև «տարօրինակ» մարդու, ինչից ակնհայտորեն երևում էր, որ նա ինքն էլ չի հասկանում վերջինիս նման էքսցենտրիկ վարքագծի և իր նկատմամբ ունեցած` հիմնականում բացասական վերաբերմունքի պատճառը: Եվ դժվար է պատկերացնել, որ մահափորձը կապված է եղել նրանց միջև անձնական հարաբերությունների հետ կամ ունեցել է կենցաղային ենթատեքստ: Այս հանգամանքն ավելի է ընդգծում Հայրիկյանի նկատմամբ մահափորձի և Սեդրակյանի` դրա հետ ունեցած կապերի խորհրդավորությունը:
Հիմնական հարցը մնում է այն, թե արդյո՞ք ԱԱԾ-ն Սեդրակյանին է համարում Հայրիկյանին վերացնելու փորձի իրական պատվիրատուն, թե՞ ընդամենը նրան, այսպես կոչված, «միջնորդի» դերում է տեսնում: Այս տեսանկյունից կալանավորումն ավելի շատ նոր հարցեր է առաջացնում, քան պարզեցնում իրավիճակն ու հանգամանքները:
Խնդիրն այն է, որ Սեդրակյանն այնքան էլ պարզամիտ կամ գուցե թեթևամիտ մարդ չէ, ինչպիսին փորձում էր իրեն մատուցել նախընտրական շրջանում` տեղավորվելով խեղկատակի կամ ծաղրածուի կերպարի մեջ: Նախ` նրա ֆետիշային ընկալումները էպոսի վերաբերյալ, բոլոր հարցերում իրականությունը դրա պրիզմայով անցկացնելու հանգամանքը Սեդրակյանին ավելի շատ մոտեցնում էին ֆանատիկոսի: Իսկ այդպիսի տիպերը կարող են նման գործերի մեջ ուղղակիորեն ներգրավվել ոչ միայն խորը թաքնված, շրջապատի համար առաջին հայացքից անհասկանալի անձնական, գաղափարական մոտիվներով, այլ նաև այլ, ավելի շահագրգիռ շրջանակների ձեռքին հեշտությամբ գործիք դառնալով: Միայն այն հանգամանքը, որ նա անցել է թե' հոկտեմբերի 27-ի և թե' մարտի 1-ի գործերով, ցույց է տալիս առնվազն մութ գործերում ներքաշվելու` նրա հակումները, իսկ նմանները սովորաբար պատահական մարդիկ չեն լինում:
Մյուս կողմից` ո'չ նա, ո'չ էլ պետական որևէ պատկան մարմին այդպես էլ հստակ պարզաբանում չտվեցին համեստ ունակություններ ու մտավոր պոտենցիալ ուենցող այս անձնավորության պատկառելի ֆինանսական և նյութական միջոցների ծագումնաբանության մասին: Այնպես որ` անկախ գործի ելքից և այն հանգամանքից, թե որքանով են հիմնավորված Սեդրակյանին ներկայացված մեղադրանքները, հասարակությունն ավելի շատ այս հարցերի պատասխանները ստանալ է ցանկանում:
Բայց այն փաստը, որ Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացվել է հենց նախընտրական փուլում, ցույց է տալիս դրա քաղաքական ենթատեքստը` անկախ նրանից դրանք ուղղակիորեն առնչվում էին անմիջականորեն Հայրիկյան-անձին, քաղաքական գործչին, թե նա պարզապես ընտրվել էր որպես ամենահարմար և խոցելի թիրախ` բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար: Ակնհայտ է, սակայն, որ այս փուլում Վարդան Սեդրակյանին կալանավորելու որոշումը կարող էր ունենալ նաև հանրային ուշադրությունը բոլորովին այլ տեղեկատվական խայծերի ու զարգացումերի վրա կենտրոնացնելու, այսինքն` ներքաղաքական, հետընտրական գործընթացներից շեղելու նպատակ: Եթե իսկապես ԱԱԾ-ն ի սկզբանե արդեն պլանավորել էր Սեդրակյանի կալանավորումը և սպասում էր ընտրությունների ավարտին, ապա կարող էր սպասել ևս մի քանի օր` մինչև նախագահի երկու թեկնածուների` Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած` ընտրությունների սահմանադրականությունը վիճարկող դիմումների կապակցությամբ Սահմանադրական դատարանը որոշում կկայացներ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ