կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 18:11
Առանց Կատեգորիա

Ինչ էր Րաֆֆի Հովհաննիսյանը փնտրում Ծառուկյանի գրասենյակում

Ինչ էր Րաֆֆի Հովհաննիսյանը փնտրում Ծառուկյանի գրասենյակում

Անցած շաբաթավերջին Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպում ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ, որի մասին լայն հասարակայնությունը տեղեկացավ միայն այդ հանդիպումից հետո` Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ:

 

ՀՅԴ-ի ղեկավարներին ավելի վաղ հանդիպելուց հետո, իհարկե, տրամաբանական է թվում ԱԺ-ում մեծությամբ երկրորդ խմբակցությունը կազմած ուժի` ԲՀԿ նախագահին հանդիպելու` Հովհաննիսյանի նախաձեռնությունը, մանավանդ եթե նկատի առնենք ծավալված հասարակական ըմբոստության շարժման շուրջ քաղաքական լայն ալյանս ձևավորելու` Հովհաննիսյանի հետապնդած նպատակները: Սակայն որքան էլ տրամաբանական, այնուամենայնիվ, այս փուլում ԲՀԿ-ին դիմելը շատ ավելի ռիսկեր է պարունակում, քան բացում է ինչ-որ հեռանկարներ: Խնդիրը միայն այն չէ, որ Հովհաննիսյանը Ծառուկյանին հանդիպել է Ազատության հրապարակից թե' բովանդակային և թե' տարածքային առումներով դուրս, կարելի է ասել` նույնիսկ նրա թիկունքում, այլ այն, թե ինչ սպասելիք կարող է նա` որպես շարժման կամա թե ակամա լիդեր, ակնկալել Ծառուկյանից և որքանով կարող է այդ ակնկալիքն արդարանալ:

 

Այս երկու քաղաքական ուժերի միջև առկա է վստահության այնպիսի դեֆիցիտ, որը հեշտ չէ չեզոքացնել պրոտոկոլային ձեռքսեղմումներով: Խորհրդարանական ընտրություններից առաջ այս երկու ուժերը միմյանց մեղադրում էին իշխանության կամակատարը լինելու մեջ: «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով Հովհաննիսյանի հետ գնացել էր ԲՀԿ գրասենյակ բանակցությունների, ամիսներ առաջ ցուցադրաբար լքեց ԱԺ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար ստեղծված միջկուսակցական շտաբի նիստը` հայտարարելով, որ չի հավատում արդար ընտրություններ անցկացելու հարցում ԲՀԿ-ի դրսևորած կամքին և նրա ընդդիմադիր լինելուն: Ավելի ուշ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի դնի իր ստորագրությունը որևէ նախաձեռնության կամ փաստաթղթի տակ, որտեղ կլինի «Ժառանգության» մասնակցությունը: «Ժառանգությունն» ինքնուրույն քաղաքական ուժ չէ, այն կառավարվող քաղաքական ուժ է...»,-այդ ժամանակ ասել էր Զոհրաբյանը:

 

Անցած ամիսների ընթացքում ո'չ «Ժառանգությունը» և ո'չ էլ ԲՀԿ-ն որևէ կերպ հասկացնել չեն տվել, որ փոխել են միմյանց մասին ունեցած կարծիքը: Մյուս կողմից` Հովհաննիսյանը գնացել էր ԲՀԿ գրասենյակ` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ընտրությունները «բոյկոտած» երեք հայտնի ուժերից ԲՀԿ-ն միակն էր, որն այդպես էլ չհստակեցրեց դիրքորոշումը կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

 

ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաքին միանալուց առաջ արդեն ԳՄ մակարդակով ընդունած հայտարարությամբ փաստել էր. «Խորհրդարանական ընտրություններին իշխանության կիրառած վարչական-ֆինանսական անսահմանափակ ռեսուրսին այս անգամ շատ տեղամասերում գումարվեցին նաև համակարգված խախտումները ձայների հաշվարկման ժամանակ: Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին...»: ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը ՀՀՇ վերջին համագումարում հստակ ասաց. «Արդյունքներն ինձ համար միանշանակ են` Սերժ Սարգսյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆին, ես դրանում ոչ մի կասկած չունեմ: Ռեժիմը կիրառել է ընտրակաշառք, սպառնալիք, վարչական ռեսուրս, բայց, միևնույնն է, չի հաղթել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և սա է իրականությունը»:

 

Իսկ ահա ԲՀԿ-ն, ամենավերջինը հանդես գալով հայտարարությամբ, ընդամենը ասաց, որ ժողովրդի կողքին է, որ առկա է ընտրական համակարգի հանդեպ անվստահություն, և որ քաղաքացիների բացարձակ իրավունքն է պաշտպանել իրենց ընտրելու իրավունքը: Նման լղոզված մեկնաբանություններ հնչեցնող ուժի ոչ մի ներկայացուցիչ, սակայն, այդպես էլ Ազատության հրապարակում չերևաց: ԲՀԿ-ն ոչ մի բանով ցույց չտվեց ո'չ ժողովրդի կողքին կանգնած լինելը, ո'չ էլ նրա ընտրական իրավունքը պաշտպանելու պատրաստակամությունը: Մինչդեռ այն բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներում, որոնք փաստաթղթավորեցին Սերժ Սարգսյանի հաղթանակը, ԲՀԿ-ն ուներ ներկայացուցիչներ, որոնք փաստացի գործեցին իշխանության հետ հանաձայնեցված և իշխանության պլանով: Չի արձանագրվել և ոչ մի դեպք, երբ ԲՀԿ այս կամ այն հանձնաժողովականը կասեցրած լինի որևէ ընտրախախտում, կազմած լինի որևէ արձանագրություն:

 

Հիմա հարց է առաջանում` արդյոք բոլոր այս անորոշությունների պատասխանը գիտե՞ր Հովհաննիսյանը, երբ գնում էր բանակցությունների: Որքանո՞վ է նա վստահ, որ ԲՀԿ-ն այլևս իր պատկերացրած իշխանության կամակատարը չէ, և եթե վստահ չէ, ապա ո՞ւմ է տանելու Ազատության հրապարակ` ի տես բազահազար այն հանրության, որն սպասում է կոնկրետ գործողությունների, եթե, իհարկե, ԲՀԿ-ն ընդհանրապես երբևէ գա այդ հրապարակ: Այլ կլիներ իրավիճակը, երբ ոչ թե Րաֆֆին ինքը գնար Ծառուկյանի մոտ, որն այս պահին ուղղակի քաղաքականապես զրոյական միջակում է, այլ վերջինս հերթապահ հայտարարություն անելուց զատ նախ միանար հանրահավաքին կամ «Ժառանգության» հետ բանակցելու օրակարգ առաջադրեր` ելնելով այն իրողությունից, որ դա ոչ թե կոնկրետ Րաֆֆիին, այլ իր իրավունքը պաշտպանող քաղաքացուն և հանրությանը միանալ է նշանակելու:

 

Մինչդեռ հիմա Հովհաննիսյանն ընդամենը իր թեթև ձեռքով ակամա ռեաբիլիտացնում է մարգինալ դաշտում հայտնված ԲՀԿ-ին, նրան մանևրելու միջոցով ջրի երես դուրս գալու հնարավորություն տալիս` առանց դրանից շարժման համար որևէ առարկայական օգուտ քաղելու: Րաֆֆին դա անում է` ոչ մի երաշխիք չունենալով, որ ԲՀԿ-ի նպատակը, շարժման շուրջ մուկնուկատու խաղալով, ընդամենը առաջիկայում հնարավոր կոալիցիան ձևավորելուն և Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ սեփական գինը բարձրացնելն է:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ