կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 13:39
Քաղաքական

Պետք է ունենան տղամարդկություն եւ շիտակություն. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի մասին

Պետք է ունենան տղամարդկություն եւ շիտակություն. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի մասին

Ազատության հրապարակում մեկնարկել է եռյակի հանրահավաք-երթը՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Նշենք, որ, բացի «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից, եռյակի մյուս երկու ուժերի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարները ներկա չեն:

 

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է լիդերներից միայն ինքը ներկա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես լիդեր չեմ, շարքային քաղաքացի եմ»:

 

Իսկ հարցին ի պատասխան, թե որքա՞ն կարող է սպասել` մինչեւ Ծառուկյանը եւ Տեր-Պետրոսյանը իշխանափոխություն պահանջեն, նախ` երկու րոպե լռեց, այնուհետեւ ասաց, որ կսպասի եւ կպայքարի ժողովրդի հետ միասին: «Ես ոչ մեկի չեմ սպասելու, ես սպասելու եմ, որ ՀՀ քաղաքացին տիրանա հրապարակին»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ եթե ժողովրդի հուսալքության համար մեղքի իր բաժինն ունի, կրկին ներողություն է խնդրում:

 

Լրագրողների այն դիտարկմանը, որ մի անգամ ասել է, որ ոչ հրապարակային, կուլիսային խոսակցություններում եռյակի մյուս երկու լիդերները բարձրաձայնում են իշխանափոխության մասին, ե՞րբ դրա մասին հրապարակային պահանջ ներկայացնելու պատրաստ կլինեն, Հովհաննիսյանը արձագանքեց. «Պետք է ունենան տղամարդկություն եւ շիտակությունը` ասելու, որ իշխանափոխություն են ուզում»:

 

Նա նաեւ ասաց, որ 2015թ.-ի սկզբին կլինեն քաղաքացիական ժողովներ: Միասնական օրակարգի իրացումն էլ, ըստ Հովհաննիսյանի, իր վճռելիքը չէ, այլ ՀՀ քաղաքացու: