Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ (ՈՒՀԿ)»-ի նախագահ Սամվել Մկոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանում սովորելու ընթացքում սփյուռքահայ ուսանողների մոտ ծագած խնդիրները: Ըստ նրա` ամենակարեւորը ուսման վճարի հարցն է:
«Ի տարբերություն տեղացիների` սփյուռքահայերը 30%-ով ավելի ուսման վարձ են վճարում: Սակայն այս խմբի մեջ չեն մտնում ԼՂՀ-ից եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք եւ Քարթլի շրջաններից եկած հայ ուսանողները: Այս որոշումը ընդունվել է 2009-ին, համաձայն որի` նշված տեղամասերից եկած ուսանողները վճարում են այնքան, ինչքան տեղացիները: Ներկայումս քայլեր են ձեռնարկվում տեղացի եւ սփյուռքահայ ուսանողների վարձավճարների չափը հավասարեցնելու ուղղությամբ»,- ասաց Մկոյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում կա 4309 սփյուռքահայ ուսանող: Նրանց մեծ մասը Վրաստանից է: Մեծ է նաեւ Ռուսաստանից եւ Սիրիայից եկած ուսանողների թիվը: Ինչ վերաբերում է սիրիահայ ուսանողներին, ապա նրանց խնդիրները հիմնականում բնակության եւ ուսման վճարի հետ են կապված, սակայն նրանց համար սահմանվել են որոշակի առավելություններ: «Ըստ ԿԳՆ-ի հրամանի` սիրիահայ ուսանողների համար բուհ դիմելու կոնկրետ ժամկետներ չկան: Նախապատրաստական փուլում ուսման վճարը 50%-ով կրճատվում է, իսկ բակալավրում նրանք վճարում են այնքան, ինչքան տեղացի ուսանողները, այսինքն` վարձավճարի չափը հավասարվում է»,- ասաց Մկոյանը եւ ավելացրեց, որ Համահայկական երիտասարդական հիմնադրամը մոտ 40 մլն դրամի օգնություն է սահմանել սիրիահայերին` վարձավճարը փակելու համար:
Մկոյանը նաեւ տեղեկացրեց, որ սփյուռքահայ ուսանողները հիմնականում նախընտրում են սովորել Հերացու անվան բժշկական համալսարանում եւ ԵՊՀ-ում: