կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 13:39
Տնտեսական

''Երբ ցորեն լինի հանց մասուր մի եւ գարին` հանց ընկույզ մի...''

''Երբ ցորեն լինի հանց մասուր մի եւ գարին` հանց ընկույզ մի...''

Այս տարի բոլոր գյուղացիական տնտեսությունների պահանջարկը դիզելային վառելիքի եւ ազոտական պարարտանյութերի մասով կբավարարվի. կառավարության այսօրվա նիստից հետո, հանդես գալով մամուլի ասուլիսում, նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարաը նշեց, որ սա մեծ աջակցություն է գյուղացիական տնտեսություններին, որովհետեւ վառելիքի եւ պարարտանյութերի տրամադրումը կատարվում է շուկայական գներից անհամեմատ ցածր գներով` 6000 դրամ` 50 կիլոգրամանոց մեկ պարկ պարարտանյութի եւ 350 դրամ 1 լիտր դիզելային վառելիքի համար, ինչով, ըստ նախարարի, հաջողվել է բավարարել ամբողջ հանրապետությունում բոլոր գյուղացիական տնտեսությունների կողմից ներկայացված պահանջարկը:

 

Սրանից բացի, նշեց Սերգո Կարապետյանը, շարունակվելու է նաեւ գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը: Նա նշեց, որ վարկերը բանկերը տալիս են 14 տոկոսով, իսկ գյուղացիական տնտեսություններն այդ վարկերը ստանում են 10 տոկոսով` մնացած 4 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից:

 

«Այս վարկերից արդեն օգտվել են 43 հազարից ավելի գյուղացիական տնտեսություններ, եւ տրամադրվել է 32 միլիարդ դրամից ավելի վարկային միջոցներ»,- ներկայացրեց գյուղատնտեսության նախարարը:

 

Այս ծրագրերից բացի, կառավարությունն իրականացնում է նաեւ տավարի մսի արտադրության ծավալների ավելացման ծրագիր, եւ ընդհանրապես` տավարաբուծության զարգացման ծրագիր, ինչը կապված է կերային կուլտուրաների արտադրության հետ: Նախարարը նշեց, թե նախատեսվում է մինչեւ 2020 թվականը հանրապետությունում տավարի արտադրության ծավալները ավելացնել տարեկան շուրջ 10-11 հազար տոննայով եւ 2021 թվականին հասցնել մինչեւ 60 հազար տոննայի:

 

«Դրանով մենք կկարողանանք կրճատել ներկրման ծավալները եւ ընդհանրապես` 2021 թվականից հետո մեր հանրապետություն, այլեւս տավարի միս չի ներկրվի, եթե կարողանանաք այդ ծավալներն ապահովել»,- նշեց Սերգո Կարապետյանը:

 

Որպես շատ կարեւոր խնդիր, գյուղատնտեսության նախարարն անդրադարձավ նաեւ ձկնաբուծության հարցերն` նշելով, որ այն մեր երկրի համար հեռանկարային ճյուղ է եւ ունի զարգացման մեծ հնարավորություններ: Բանախոսը հայտնեց, որ այս ոլորտի հետ կապված, կան լուրջ խնդիրներ ջրօգտագործման մասով: Այս հարցերը լուծելու համար, ինչպես տեղեկացրեց Սերգո Կարապետյանը, նախատեսվում է ձկնաբուծական տնտեսությունների` նոր տեխնոլոգիաների անցում. առաջիկայում նախատեսվում է ձկնաբուծությունը եւ ձկան արտադրությունն իրականացնել փակ եւ կիսափակ ցիկլերով:

Նախարարը խոսեց նաեւ գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների զարգացման, անմշակ կամ ոչ նպատակային օգտագործվող հողատեսքերի օգտագործման ծավալների մեծացան ծրագրերից: