կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 17:17
Տնտեսական

"Երբ ցորեն էղնի քանց ընկույզ մի, եւ գարին` քանց մասուր մի…’’

"Երբ ցորեն էղնի քանց ընկույզ մի, եւ գարին` քանց մասուր մի…’’

Ծրագրերը, սովորաբար, սահմանափակ են լինում` իրենց կատարման ժամկետների եւ նյութական միջոցների մեջ, ունենում են հստակ նշված նպատակ, շոշափելի, վերահսկելի արդյունքներ: Բացի այդ` նշում են նաեւ բոլոր այն աղբյուրները, հնարավորությունները, որտեղից պետք է հայթայթվեն միջոցներ` այդ ծրագիրը կյանքի կոչելու համար: Մեկ էլ` ծրագրերը պարունակում են թվեր` դարձյալ սովորաբար:

 

Այնպես ստացվեց, որ կառավարությունն անցյալ շաբաթ խորհրդարանում «անցկացրեց» հերթական` 2013 թվականի ծրագիրը: Ով մեկ անգամ աչքի տակով անցկացրել է այդ ծրագիրը, պետք է նկատած լինի, որ այն շատ հետաքրքիր նկարագրություններ ունի, իսկ թվեր, ցուցանիշներ, շոշափելի արդյունքներ եւ այլն հազվադեպ են աչքի ընկնում: Օրինակ` որ նախատեսվում է ՀՆԱ 5-7 տոկոսանոց աճ, ինչպես նաեւ կառավարությունն իր ծրագրով խոստանում է նվազագույն աշխատավարձի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության գծի համեմատ առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, աղքատության կրճատում 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ապահովում:

 

Սա նշանակում է, որ եկող տարի Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի նվազագույնը 70 հազար դրամ: Կառավարության ծրագիրը պետք է իր թոշակների, նպաստների եւ այլնի համար սկսի մոտ 1.4 անգամ ավելի շատ փող ծախսել, որ կարողանա իրագործել այդ ծրագրերը: Այնպես չէ, որ դա անհնար է, ուղղակի կառավարության ծրագրից պարզ չէ, թե ինչպես պետք է դա արվի` որտեղի՞ց այդ միջոցները եւ այլն:

 

Ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, Հայաստանի բնակչության 35 տոկոսը համարվում է աղքատ, այսինքն` մոտ 1 միլիոն մարդ: Հայաստանում ազքատության գիծը մոտ 36 հազար դրամն է, այսինքն` ամսական դրանից ավելի քիչ եկամուտ ունեցող մարդը համարվում է աղքատ, իսկ ծայրաղքատության գիծը մոտ 21 հազար դրամն է: Եթե կառավարությունը հաջողի, ապա պետք է աղքատության մակարդակը Հայաստանում հասնի 25-27 տոկոսի, այսինքն` մոտ 100 հազար մարդ դադարեն աղքատ լինելուց, այսինքն` սկսեն 36 հազարից ավելի ամսական եկամուտ ունենալ: Սա, իհարկե, համատեղելի է այն խոստման հետ, որ 100 հազար նոր աշխատատեղեր պետք է ստեղծվեն:

 

Բայց հետաքրքիր է` այդ ինչպե՞ս է կառավարությունը դա հաջողելու, երբ գազն էլ նրանց հակառակ թանկանում է, հետը կթանկացնի էլեկտրաէներգիան ու ամեն ինչը, նշանակում է մարդկանց ծախսերն էլ կշատանան, ու արդյոք կառավարությունը կարո՞ղ է այնքան միջոց տրամադրել, որ ոչ միայն աղքատությունն ավելի չխորանա` նոր մարդիկ չաղքատանան գնաճի, թանկացումների պատճառով, այլեւ նվազի…

 

Ինչ վերաբերում է ՀՆԱ աճին, ապա այն միանգամայն իրականանալի թիրախադրում է. համոզված ենք, որ կառավարությունն այն ոչ միայն կկատարի, այլեւ, հնարավոր է, որ կգերակատարի: Որովհետեւ գազի թանկացման բերած ընդհանուր գնաճի պայմաններում անվանական ՀՆԱ-ի աճը նույնիսկ ավելի շատ կարող է լինել. ապրանքները թանկանալու են, զուտ թվերով ավելի մեծ թվեր են երեւալու, բայց դա որևե կապ չի ունենալ իրական տնտեսական փոփոխությունների հետ: Այսինքն` սպասվող ինֆլյացիան ոչ միայն 5-7 տոկոս, այլև ավելի մեծ ՀՆԱ աճ կարող է ցույց տալ, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե երկրում կստեղծի վճարունակ պահանջարկ, կամ ժողովրդի եկամուտները կշատանան: Բայց կառավարությունը կոնկրետ չի ասում` ա'յ, այս բանի համար պետք կլինի այսքան միջոց, որը մենք ձեռք կբերենք այսինչ տեղից:

 

Ի դեպ, կառավարությունը դեռ հստակ չի պատասխանում նաեւ, թե որտեղի՞ց, ի՞նչ միջոցներով պետք է սուբսիդավորի գազի ավելացած գնի 30 տոկոսը: Չնայած նշվում է, որ այդ միջոցները կարող են գոյանալ Հայաստանի թողարկած պարտատոմսերի վաճառքից, «որոնց պահանջակը հավանաբար կլինի միջազգային շուկաներում, քանի որ այդ է ենթադրում մեր երկրի տնտեսական վարկանիշը», բայց պետք չէ մոռանալ, որ դա եւս պարտքի մի տեսակ է, որ վաղ, թե ուշ հենց նույն ժողովուրդն է փակելու կամ սերունդները…

 

Հավանաբար, էլի ականատես ենք լինելու հերթական «ծրագրի» տապալմանը:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ