կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 12:01
Տնտեսական

Դիլետանտ մոտեցում է՝ հայտարարել, թե ով 3000 հեկտարին մոտ հող ունի, թող ցորեն ցանի. Վահե Հակոբյան

Հայաստանը հացահատիկի մեծ մասը ստանում է Ռուսաստանից, բայց քանի որ ՌԴ-ն կարող է սահմանափակումներ մտցնել, մենք կկանգնենք խնդրի առաջ․ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։

«Կառավարության նիստում խոսք հնչեց, թե՝ ով 3000 հեկտարին մոտ հող ունի, թող ցորեն ցանի։ Դա մի քիչ դիլետանտ մոտեցում է, որովհետև ամեն հողի վրա հնարավոր չէ ցորեն կամ այլ հացատեսակ ցանել և ստանալ», - ասաց Հակոբյանը։ 

«Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն էլ նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռիսկերը և տնտեսական հետևանքները մեր տարածաշրջանի համար ակներև են։ 

«Դրանք արդեն կան։ Բայց կարևոր է նաև արձանագրել, որ կան նաև հնարավորություններ։ Օբյեկտիվորեն կան  ՀՀ տնտեսական պոտենցիալը մեծացնելու, ներդրումային ներուժն ավելացնելու և դեպի ՌԴ և ԵԱՏՄ տարածք արտահանումը խթանելու հնարավորություններ»,- ասաց պատգամավորը: 

Նրա խոսքով՝ կառավարությունը ԿԲ-ի հետ պետք է անի առավելագույնը, որ ռիսկերը հնարավորինս չեզոքացվենի, և պոտենցիալ ստեղծվի, որպեսզի մենք առավելագույնս օգտվենք այն հնարավորություններից, որոնք այսօր տեսանելի են։