Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսկ դուք գիտեի՞ք, որ «արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Եթե չգիտեիք, ապա բացեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայքը և PDF ֆորմատով նախընտրական ծրագրում ընթերցեք այդ և այլ իրավական սահմանումների մասին: Կարող եք նույն սահմանումները լսել նաև MP3 ձայնային ֆորմատով:
Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ է ձեռնարկելու գործող նախագահն արդար Հայաստան ստեղծելու համար, ասենք` Սերժ Սարգսյանը մտադիր է էապես վերանայել քրեական արդարադատության ամբողջ փիլիսոփայությունը: Սակայն այս կարևոր բարեփոխումը տեղի կունենա միայն նախագահի վերընտրվելու դեպքում:
Արդարադատության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ` անցնող 5 տարիների ընթացքում պարբերաբար կայացած հանդիպումներն ու հանձնարարականները որեւէ էական առաջընթաց, կարծես, չեն արձանագրել, ու թե որքանով Սերժ Սարգսյանի «արդարադատության փիլիսոփայությունը» հաջողություն կունենա, դժվար է ասել: Ամեն դեպքում` արդարադատության նախարարն ինքն է խոսում դատարանների նկատմամբ 80 տոկոս անվստահության մասին:
Նախագահի պաշտոնի մեկ այլ հավակնորդ` Արման Մելիքյանը, իր «Նոր հայացք, նոր կենսակերպ» նախընտրական ծրագրում համոզմունք է հայտնում, որ Հայաստանը իրավական պետություն չէ, իրավական նորմերի կիրառումն ու դատական համակարգի գործունեությունն ուղղված են իշխանական բարձրագույն պաշտոններում գտնվողների անձնական շահերի սպասրակմանը և, սովորաբար, հակասում են հանրային շահերին, այդ իսկ պատճառով իրենք ոչ մի հարցով չեն դիմելու ՀՀ դատական ատյաններին: Բացի այդ` թեկնածուն մեջբերել է մի քանի դրույթներ ՀՀ Սահմանադրությունից` նշելով, որ ժողովուրդը գրեթե ոչինչ չգիտի իր իրավունքների և պարտականությունների մասին:
ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համարում է, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետը պետք է խմբագրել` պետք է նշել բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնց նշանակումը կատարում է ՀՀ նախագահը։ Առաջին ատյանի բոլոր դատավորները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Բացի այդ` Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը։ Դրա հետ միասին մեր երկրում կգործեն «եվրադատարաններ»` պետական թույլտվությամբ` եվրոպական կամ այլ առաջադիմական դատարաններ (արտասահմանցի դատավորներով)։ ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգ պահպանելու և տարածքային կառավարման մարմին պետք է լինի։ Միաժամանակ, գլխավոր դատախազությանը պետք է ենթարկվեն քննություն և նախաքննություն իրականացնող մարմինները։
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առաջարկում է հիմնել հատուկ մարմին` անկախ դատախազի հաստատություն, որը կնշանակվի խորհրդարանի կողմից, եւ որի իրավասությունների մեջ կմտնի պետական ու հասարակական շահի ոտնահարման դեպքերում քրեական գործերի հարուցումը: Բացի դրանից` առաջարկում է բացահայտել եւ արդարադատություն իրականացնել 2008թ. մարտի 1-ի ոճրագործության եւ հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր գործողությունների եւ դրանց մեղավորների նկատմամբ: Տուժած քաղաքացիների վնասները Րաֆֆի Հովհաննիսյանը կփոխհատուցի ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի եւ ունեցվածքի հաշվին: Արմատապես կբարեփոխի ոստիկանության համակարգը: Պատասխանատվություն կհարուցի քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների նկատմամբ:
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի քաղաքական ծրագրում` «Սասնա ծռեր» էպոսի 4-րդ ճյուղում, իրավական դրույթներ վերհանել այդպես էլ չհաջողվեց: Ժողովրդի ծոցից դուրս եկած ստեղծագործությունում ո'չ Սահմանադրությունը վերանայելու, ո'չ էլ մարտիմեկյան գործով պահանջ կար: Գուցե սպասենք` մինչև Փոքր Մհերը դուրս գա քարանձավից և մեկնաբանություն տա իրավական նորմերի վերաբերյալ:
Երբ Հայաստանում վերանայվի արդարադատության ամբողջ փիլիսոփայությունը, ինչպես առաջարկում է գործող նախագահը, գուցե ցորենի հատիկն էլ ընկույզի չափ դառնա: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում` ամեն ինչ հնարավոր է:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ