կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-26 13:03
Քաղաքական

Ոչ մի գեներալ, ոչ մի մարզպետ չեն կարող ժողովրդի միջից հանել ազատատենչ ոգին

Ոչ մի գեներալ, ոչ մի մարզպետ չեն կարող ժողովրդի միջից հանել ազատատենչ ոգին

«Էջմիածնի հրապարակն այսօր Էջմիածնին հարիր բազմամարդ չէ. գիտենք ինչու է այդպես, որովհետեւ գիտենք, թե համապատասխան մարդիկ որքան ջանքեր են գործադրել, որ այս հրապարակը բազմամարդ չլինի: Բայց ընտրությունների արդյունքները` որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 57 տոկոս քվե, այսինքն` Էջմիածինը կատարել է իր ընտրությւոնը, եւ եթե այսօր վախեցնում են էջմիածինցիներին, դա նշանակություն չունի»,- այսօր Էջմիածինում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 

Նա հիշեցրեց «Չարի վերջը» հեքիաթը, երբ աղվեսը վախեցնում էր, թե կացին կբերի ու ծառը կկտրի, բայց բոլորը գիտեն, որ ո’չ կացին ուներ եւ ո’չ էլ ծառ կարող են կտրել: «Այնպես որ` չվախենաք, դրանք հուսահատ քայլեր են»,- նշեց Բախշյանը:

 

Նա ասաց նաեւ, թե երբ ժողովուրդը սիրում է երկիրը եւ երբ ցանկանում է ապրել օրինական ու իրավական երկրում, այդ ժողովուրդը ոչնչի առջեւ չի ընկրկում եւ չի վախենում:

 

Իսկ այդպես մտածող մարդկանց, ըստ Բախշյանի, մնում է ավելի համախմբվել: Նա շեշտեց, որ «ոչ մի գեներալ, ոչ մի մարզպետ եւ այլք չեն կարող ժողովրդի միջից հանել ազատատենչ ոգին»: Այնուհետեւ Բախշյանը էջմածինցիներին համեմատեց Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործության հպարտ արծիվների հետ` նշելով. «Պատվով, թասիբով, նամուսով, հպարտ քաղաքացիներ, դուք հաղթեցիք ինքներդ ձեզ եւ ձեր քաղաքում հաղթեցիք: Ու մեզ մնում է ամբողջ երկրում հաղթահարել այն վախը, որը դուք արդեն հաղթահարել եք»: