կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 18:12
Իրավական

Ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացածների տվյալներ

Ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացածների տվյալներ

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

 

Մասնակիցներին հիշեցնելով, որ օրերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր արագ լուծում տալ ընտրությունների նախապատրաստական փուլի կոնկրետ խնդիրներին, Հունան Պողոսյանը աշխատանքային խմբերի պատասխանատուներին առարկայական քննարկման կոչ արեց:

 

Պատասխանատուները ներկայացրին օպերատիվ շտաբի նախորդ խորհրդակցությանը հաջորդած աշխատանքները: Մասնավորապես նշվեց, որ փետրվարի 15-ի դրությամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 29 դեպք, որից, որպես ստուգման ենթակա տեղեկություն, նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 26 դեպքով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ Հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցված քրեական գործը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:

 

Ինչ վերաբերում է ընտրացուցակների ճշգրտմանը, ապա նշվեց, որ 2013 թ. հունվարի 9-ից՝ նախնական ընտրացուցակների հրապարակումից հետո, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում մշակվել է ընտրացուցակներին առնչվող անճշտությունների վերաբերյալ 4018 տեղեկություն, որից` 1928-ը ստացվել է ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, 2090-ը` ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից: Ընտրացուցակներում կատարվել է ընդամենը 19 անճշտության շտկում:

 

Ընտրացուցակներից հանվել են նաև 2028 մահացած անձանց տվյալներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ռեգիստրը վարող մարմինը չէր ստացել: Աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցեցին նաև ընտրատարածքներում ոստիկանական ծառայության իրականացման, քվեաթերթիկների ուղեկցման և պահպանության, բուն տեղամասերի անվտանգության ապահովման, քրեածին իրավիճակի վերահսկման և այլ ուղղություններով տարվող աշխատանքների մասին: