կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-15 13:15
Իրավական

Այժմ արդեն 6 մլն դրամի արգելանք` ''Ժողովուրդ''-ի վրա

Այժմ արդեն 6 մլն դրամի արգելանք` ''Ժողովուրդ''-ի վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գործարար Խաչիկ Խաչատրյանի հետ կապված դատավարության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ այժմ 3 միլիոն դրամի փոխարեն, օրաթերթի վրա դրված է 6 միլիոն դրամի արգելանք:

 

Ստորև ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի տարածած հաղորդագրությունը.

 

Նախօրեին  «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն եւ հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ  եւ լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների եւ բանկային հաշիվների:

 

Այս իրավիճակը մտագոհիչ է այնքանով, որ դեռեւս հունվարի 24-ին նույն դատարանի մեկ այլ դատավոր` Ռուբեն Ափինյանը, եւս բավարարել էր «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը եւ 3 միլիոն դրամի չափով արգելանք էր դրել «Ժողովուրդ» օրաթերթի եւ Սոնա Գրիգորյանի գույքի վրա: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի գույքի վրա արդեն 6 մլն դրամի արգելանք է դրված եւ ԴԱՀԿ աշխատակիցները շուտով նորից կհյուրընկալվեն:

 

Հիշեցնենք, որ դատավոր Ռուբեն Ափինյանի կայացրած որոշումից հետո հունվարի 30-ին «Ժողովուրդ»-ը կազմակերպեց բողոքի ակցիա, որին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ ու լրագրողներՙ դատապարտելով «Ժողովուրդ» օրաթերթի դեմ սկսված արշավը:

 

Այնուհետեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այս առիթով հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ` արձանագրելով, որ. «Դատարանի պատճառով այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ Վճռաբեկ դատարանը (17 մարդ) եւ ՀՀ Արդարադատության խորհուրդը (11 մարդ)…»:

 

Ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահագությունն արտահայտեց նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը. «Ես իմ խորին մտահոգությունն եմ հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցադիմումների եւ դատական պրոցեսի կապակցությամբ: Անթույլատրելի է նման վերաբերմունքը լրատվամիջոցի նկատմամբ, եւ սա միանշանակ իր բացասական ազդեցությունն է ունենալու ե՛ւ լրատվամիջոցների, ե՛ւ, ընդհանրապես, պետության համար: Ինձ համար խիստ անընդունելի և դատապարտելի է այս դատական գործընթացը»:

 

12 հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ օրերս հանդես եկան հայտարարությամբ` արձանագրելով, որ «Դատարանների համար մոդայիկ է դարձել հայցի ապահովման միջոցների պահանջները մասամբ բավարարելով` արգելանք դնել լրատվամիջոցի հիմնադրի գույքի վրա: Ֆորմալ առումով, կարծես թե, անխոցելի այս որոշումներն արատավոր պրակտիկա են ձեւավորում, երբ հայցվորների համար գայթակղիչ պայմաններ են ստեղծվում լրատվամիջոցին ճնշելու՝ նախքան վճռի կայացումը»:

 

Սակայն դատարանները  շարունակում են  կացնային քաղաքականությամբ մամուլին լռեցնելու փորձերը` ջանալով հնարավորինս հաճոյանալ օլիգարխներին: Նրանց չի հետաքրքրում քաղաքացիական հասարակության կայացումը, խոսքի ազատության կարեւորությունն ու մարդու իրավունքները: Հակառակ Սերժ Սարգսյանի նախընտրական հավաստիացումներին, գործող ռեժիմի համար շարունակում է հարազատ մնալ փողը եւ փողատեր օլիգարխիան:

 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հայտարարում է, որ Խաչիկ Խաչատրյանը (ձվերի Խաչիկ) նպատակ ունի սննկացման ճանապարհով ճնշել ազատ խոսքը: Բայց «Ժողովուրդ»-ը դատարանում կապացուցի, որ Երեւանի թռչնաֆաբրիկան շուկայում իրացրել է ժամկետանց եւ անորակ հավկիթներ, հետեւաբար` Խ. Խաչատրյանը պետք է անձամբ ներողություն խնդրի օրաթերթից»: