Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն բաղադրատարրն այսօր էլ շարունակում է մնալ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը: Իսկ հայկական կողմից այդ հարցի շուրջ բանակցությունները վարում է հենց ՀՀ նախագահը: Ուստի շատ կարեւոր է իմանալ, թե նախագահի թեկնածուներից ով ինչ տրամադրվածություն ունի այս կարեւորագույն հարցում:
Այսպիսով` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ Հայաստանն իրավունք ունի եւ պարտավոր է օրինականացնել իր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ, իսկ ԼՂՀ քաղաքացիների իրավական կարգավիճակի, ինչպես նաեւ նրանց անքակտելի իրավունքների եւ ազատությունների ճանաչումը Հայաստանի համար միջազգային իրավունքի համաձայն իր պարտավորությունների կատարում է:
Ղուկասյանը համարում է, որ Հայաստանի ազգային շահերը միջազգային հարաբերություններում պաշտպանելու համար հանրապետության նախագահը պարտավոր է ԵԱՀԿ մասնակից պետությունների մոտ հստակ պատկերացում ձեւավորել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման եւ Ադրբեջանի հետ խաղաղության մասին պայմանագրերը չեն կարող ձեռք բերվել այնպիսի փոխզիջման ճանապարհով, որը հիմնված է Հայաստանի կողմից այդ պետությունների այն ինքնիշխան իրավունքների ճանաչման վրա, որոնք իրենք զավթել են ուժի միջոցով 1920 և 1991 թվականներին`ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը:
Եվ որպեսզի ԵԱՀԿ սկզբունքներն ու նորմերը կիրառելի լինեն հակամարտությունը կարգավորելու համար, Ղուկասյանը նշում է նախապայման`Ադրբեջանը պետք է չեղյալ հայտարարի իր ազգային իրավական ակտերի այն դրույթները, որոնք հակասում են միջազգային իրավունքին եւ խախտում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օրինական իրավունքները:
Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի ծրագրում ասվում է, որ Հայաստանը ԼՂ հարցում ազատ է ձեռնարկել երկրի տնտեսական, քաղաքական եւ ռազմական անվտանգությունն ու հետագա զարգացումն ապահովող հետևյալ առաջնային քայլերը` դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգում ներառելու առաջարկով, անիրավազոր ճանաչել 1989թ. ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի կազմում ներառելու մասին որոշումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում վերականգնել ԼՂՀ մասնակցությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցություններին զուգընթաց բանակցություններ սկսել ԼՂՀ-ի հետ` վերջինիս անկախությունը ներկա սահմաններում ճանաչելու հարցով, նույն ձեւաչափով քննարկել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ սահմանների ճշգրտման եւ դեմարկացիայի հարցը, առաջարկել ԼՂՀ-ին, որպես ադրբեջանահայ փախստականների կրած նյութական ու բարոյական վնասների մասնակի փոխհատուցում, վերջիններիս տրամադրել ազատագրված տարածքները` սեփականության իրավունքով, նպաստել ազատագրված տարածքների բնակեցմանն ու տնտեսապես շահավետ յուրացմանը:
Հրանտ Բագրատյանի համար ԼՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը, թեկնածուի համոզմամբ, հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂ եւ Ադբեջանի միջեւ տեղափոխելու դեպքում: Բագրատյանն իր ծրագրում ամրագրում է, որ ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրում ամրագրում է Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչում կամ նրա միացում Հայաստանի Հանրապետությանը, եթե այդպես որոշի Արցախի ժողովուրդը: Հովհաննիսյանն առաջարկում է, որպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու գրավական, ԼՂՀ իշխանությունների մասնակցության ապահովում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին:
Հովհաննիսյանը խոստանում է նաեւ Արցախյան հիմնախնդրի լուծում հակամարտության կողմերի միջազգայնորեն ստանձնած պարտավորության` խաղաղ կարգավորման ճանապարհով, հասարակությունների իրազեկման, ներգրավման ու համաձայնության միջոցով եւ հետեւյալ սկզբունքների հիման վրա` հարգել Արցախի ազատության, ինքնորոշման եւ ապագաղութացման իրավունքը` առանց կանխորոշելու նրա միջազգային վերջնական կարգավիճակը, ապահովել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին, Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունները վարել առանց որեւէ նախապայմանի` հաշվի առնելով խնդրի իրավական եւ քաղաքական հիմքերն ու իրական պայմանները, բանակցային գործընթացը վարել միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում` բացառելով կողմնակալ դիրքորոշում ունեցող որեւէ երկրի մասնակցությունն այդ խմբին, Հայաստանում, Ադրբեջանում եւ Արցախում հաստատել ժողովրդավարություն:
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր ծրագրում նշում է, թե միջազգային իրավունքի եւ համապատասխան միջազգային կառույցների օգնությամբ պետք է վերջ տալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հակամարտությանը: Հայաստանը, Հայրիկյանի պատկերացումներով, պետք է միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին իրազեկի բանակցային գործընթացներից իր դուրս գալու մասին՝ բանակցությունները Արցախի ներկայացուցիչներին թողնելու նպատակով:
Արցախի` անկախ պետություն ճանաչվելու, միջազգային իրավունքի ենթակա պետություն դառնալու կամ Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու գործում Հայաստանի իշխանություններից պահանջվում է հետեւողական եւ իրապես սկզբունքային դիրքորոշում: Ինքնորոշումն անբեկանելի սկզբունք է:
Ինչ վերաբերում է գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա, ըստ նրա ներկայացրած ծրագրի, Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Սերժ Սարգսյանը խոստանում է, որ շարունակելու ենք միջնորդների ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խաղաղ կարգավորումը հնարավոր դարձնող վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտության վրա: Այս նպատակով Սերժ Սարգսյանն ասում է, որ ակտիվորեն օգտագործելու է նաև խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:
Գործող նախագահը համարում է, որ բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի խոստանում է ջանքերն ուղղել այդ հարցի շուտափույթ լուծմանը: Սերժ Սարգսյանը խոստանում է նաեւ լրացուցիչ ջանքեր գործադրել Արցախի եւ միջազգային հանրության շփումները սերտացնելու համար:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ