Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսումնասիրենք ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերը` պարզելու համար` ով որքանով է անդրադարձել բնապահպանությանը, շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը, կենդանական եւ բուսական աշխարհին:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Մելիքյանն այդ ոլորտը չի մոռացել եւ իր նախընտրական ծրագրում մեջբերել է ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված «Պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերարտադրությունը, բնական պաշարների բանական օգտագործումը» 10-րդ հոդվածը: Թե ի՞նչ է նախատեսում անել բնապահպանական ոլորտում Ա. Մելիքյանը, եթե նրան բախտը ժպտա եւ 5 տարի անցկացնի Բաղրամյան 26 հասցեում, կարդում ենք «Ի՞նչ անել» բաժնում. «Որակի բնապահպանական բաղադրիչները կարեւորագույն դեր են խաղում շրջակա միջավայրի պահպանության եւ առողջացման խնդիրների լուծման, երկրի եւ երկրագնդի բնապահպանական անվտանգությունն ապահովելու համար»:
Խոսելով համաշխարհային բնապահպանական խնդիրների մասին եւ նշելով, օրինակ, «օդի աղտոտում», «բնական պաշարների` հաճախ չհիմնավորված եւ անխնա օգտագործում» արտահայտությունները, Մելիքյանն առաջարկում է բնապահպանական ոլորտում ներդնել կառավարման միջազգային համակարգերի պրակտիկան: Իսկ, ո՞վ է ասել, որ մինչ օրս մեր կառավարման համակարգը նույն բանը չի անում եւ առաջ չի շարժվում միջազգային պրակտիկայի տառին եւ բառին համապատասխան: Հենց այդ նույն միջազգային պրակտիկան էլ պատճառ է դարձել, որ այսօր ունենք բնապահպանական հիմնախնդիրներ:
Նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը, ով վերջին մեկ տարում հայտնի դարձավ իր բնապահպան կեցվածքով, իր նախընտրական ծրագրում նշում է. «Ընդերքը եւ չվերականգնվող բնական ռեսուրսները հավասարաչափ պատկանում են ներկա եւ ապագա սերունդներին, այդ պատճառով ընդերքի եւ չվերականգնվող բնական ռեսուրսների շահագործումից ստացված ազգային եկամուտը չպետք է դուրս հանվի պետության սահմաններից եւ բնական ռեսուրսների արդյունահանման արդյունքին համարժեք պետք է կուտակվի որպես ազգային պաշար` ոսկե կամ այլ ստրատեգիական պահուստների տեսքով»: Շատ լավ է ասված, սակայն, օրինակ, ինչպես կարելի է պատկերացնել, որ բնական ռեսուրս համարվող ջուրը, որը մեր երկրի տարածքում տարեկան արտադրվում է ավելի քան 7 մլրդ խմ, ինչպես ենք պահելու Հայաստանի տարածքում. ներկա պահին Հայաստանում առկա 79 ջրամբարները կարողանում են կուտակել ընդամենը մոտ 1 մլրդ խմ:
Ա. Ղուկասյանը նաեւ խոստանում է հենց 2013-ին մշակել եւ իրագործել «2014-2020 թվականների ազգային զարգացման յոթնամյա ծրագիրը»: Այդ ծրագրով Հայաստանի 25 տոկոսը պետք է անտառածածկ լինի` ներկայիս 10-11 տոկոսի փոխարեն: Մի հետաքրքիր դրույթ եւս` Ա. Ղուկասյանը առաջարկում է, որ ՀՀ նախագահը իրավունք ունենա վերանայելու երկրի բնական ռեսուսները, իսկ թե ինչպես, չի մանրամասվում:
Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն էլ իր` «Դեպի ապահով Հայաստան» ծրագրի «Համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում» բաժնում հայտարարում է, որ վերընտրվելուց հետո շարունակելու է վարել էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականությունը: Այսինքն` եթե նման կերպ պետք է վարի վերոհիշյալ քաղաքականությունը, ապա նորից կցամաքեն գետային որոշ ջրավազանները, դա էլ մեծ վնասներ կբերի շրջակա միջավայրին եւ կենսաբազմազանությանը, նաեւ` գյուղատնտեսությանը: Եվ ոչ մի բառ, որ հոգատար է լինելու հայրենի բնության նկատմամբ:
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նախընտրական «Տնտեսական ծրագրում» առաջարկում է գույքագրել ՀՀ ընդերքը եւ սահմանել ընդերքից օգտվելու հստակ չափաքանակ: «Յուրաքանչյուր տարի բյուջեի հետ միասին ԱԺ կողմից պետք է հաստատվի ընդերքի օգտագործման (արդյունահանման) քվոտա` ըստ հանքատեսակների եւ շահագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտների»,- նշված է Բագրատյանի ծրագրում։ Նախագահի թեկնածուն ճանապարհներ է ցույց տալիս, թե ինչպես պետք է արդյունավետ օգտվել հայրենի ընդերքից:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի ծրագիրը» մյուս նախընտրական ծրագրերից առանձնանում է նրանով, որ հատուկ գլխով նա անդրադառնում է շրջակա միջավայրի պահպանությանը` «Բնական պաշարների ողջամիտ ու անվտանգ օգտագործում եւ շրջակա միջավայրի պահպանություն»: Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ բնության հարստությունը բոլորինս է, եւ օրենքի ուժով պետք է խրախուսել արդյունահանող ձեռնարկությունների անցումը բաց բաժնետիրական ընկերությունների` մեխանիզմներ ամրագրելով, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա բաժնետոմս ձեռք բերելու նման ձեռնարկություններից որեւէ մեկում: Չլսված բան:
Հովհանիսյանը նաեւ հավաստիացնում է, որ ՀՀ նախագահ դառնալուց հետո կընդունի բնական պաշարների արդյունավետ օգտագործման մասին ՀՀ օրենք, ինչպես նաեւ կկատարի օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին», «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին», «Ջրային օրենսգիրքը», «Անտառային օրենսգիրքը», «Ընդերքի մասին օրենսգիրքը», «Սեւանա լճի մասին» եւ այլ բնապահպանական օրենքներում:
Նախագահի թեկնածուն նաեւ կարեւորում է ՀՀ-ում ձեւավորել էկոլոգիական դաստիարակություն եւ մշակույթ: Ի դեպ, որպես առաջնահերթ խնդիր, նա կարեւորում է էկոտրանսպորտի զարգացումը Երեւան քաղաքում:
ՀՀ նախագահի մյուս թեկնածուների` Պարույր Հայրիկյանի, Արամ Հարությունյանի եւ Վարդան Սեդրակյանի նախընտրական ծրագրերին, հայտնի չլինելու պատճառով, չենք անդրադառնում: Պատկերացնո՞ւմ եք` Վ. Սեդրակյանի դեպքում ուսումնասիրել «Սասնա ծռեր» էպոսի բնապահպանական կողմերը:
Գալուստ ՆԱՆՅԱՆ