կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 22:38
Քաղաքական

Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ առանց ուսուցիչների. հավատացի՞ք

Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ առանց ուսուցիչների. հավատացի՞ք

Այսօր Գավառում տեղի է ունեցել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումը ընտրողների հետ: Ինչպես ցանկացած այլ հանդիպման ժամանակ, այս անգամ եւս մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատողների, դաստիարակների, ուսուցիչների պակաս չի եղել: Վերջիններս ծնողական ժողով են հրավիրել եւ, ծնողներին ներկա-բացակա անելով, բերել հրապարակ՝ ասելով, թե համերգ է լինելու, իսկ համերգից հետո կանգնել են վերջին շարքերում, որ որեւէ ծնող չհամարձակվի ներկա չգտնվել ապահով Հայաստանի վերաբերյալ` նախագահի ելույթին: Այդպես տնօրեններն էլ հսկել են ուսուցիչներին: Այս մասին մեզ պատմեցին Գավառի մեր գործընկերները:

 

Չենք ուզում հավատալ, թե պետական ու հանրային աշխատողներին ստիպելով են տարել նախագահի համերգ-հանդիպմանը: Բնավ, նախագահն ասել է, չէ՞, որ նման մասնակցություն իրեն պետք չէ, կրթության նախարարն էլ խոստացել է պատժել: Ուրեմն դժվար թե զանազան շեֆ-տնօրեններ նման բան իրենց թույլ տային: Մի պահ մտածենք, թե նրանք գնացել են իրենց կամքով՝ դա համարելով նախագահին լսելու` իրենց քաղաքացիական պարտքը:

 

Այս դեպքում զարմանալի է, որ նախագահին լսելու անհագ ցանկություն են ունենում հիմնականում միայն նշված աշխատողները, Սերժ Սարգսյանի ելույթները ընկալելի եւ ընդունելի են միայն ուսուցիչների, բժիշկների, դաստիարակների, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատողների համար, կամ էլ գուցե Սերժ Սարգսյանի կառավարումը բարերար ազդեցություն է ունեցել միայն նրա՞նց վրա: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ, ասենք, 1000 հոգանոց դահլիճներում նշված աշխատողներն իրենց մշտական տեղն ունեն:

 

Գուցե կարելի է ինչպես լրագրողների դեպքում, մյուս պարագաներում եւս ռոտացիոն կարգ սահմանել, որ մեկ անգամ ուսուցիչներն ու դաստիարակները ներկա գտնվեն հանդիպումներին, մյուս անգամ՝ ուսանողները, հաջորդ դեպքում՝ մարզետարանների, քաղաքապետարանների աշխատողներն ու այսպես շարունակ: Այլապես նրանք օկուպացնում են դահլիճն ու տեղ չեն թողնում հասարակական լայն զանգվածների համար:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ