կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-09 10:46
Առանց Կատեգորիա

Նոր ռուսները

Նոր ռուսները

Կեցցե մեր ԱԱԾ-ն: Տեսա՞ք: Ախպեր, ըսենց օպերատիվությո՞ւն: ЦРУ-ն գլուխը պատն է տվել: Մերոնք շատ ուժեղ են, շատ: Իսկ եթե ձերբակալված երիտասարդների լուսանկարների հետ հրապարակեին նաև Հայրիկյանի երևակայության շնորհիվ ստեղծված ֆոտոռոբոտի դեմքը, ամեն ինչ սուպեր կլիներ: Բայց մեզ թվում է՝ դա չի արվել ինչ-ինչ մասնագիտական նկատառումներից ելնելով: Մեթոդի հարց կա: Ծառայություններ կան, որ մարդ չեն ձերբակալի` մինչև նրա յոթը պորտը չճշտեն: Բայց ծառայություններ էլ կան, որ հարցին մոտենում են 180 աստիճանով հակառակ կողմից՝ բռնում են, հետո են ճշտում պորտերի թիվն ու ինքնությունը: Թող որ բռնվողի մոտ էլ անձնագիր չեղավ՝ գնա՛ց, մի տարի կարող են ճշտել:

 

Կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ մենք այդքան ժամանակ չունենք, որ հլա նոր ճշտեն: Այսինքն՝ մենք ժամանակ ունենք, Հայրիկյանը չունի: Փետրվարի 18-ին ընտրություններն են, իսկ նրան դեռ պիտի տանեն առերեսման, ձերբակալվածներին պիտի կանգնեցնեն մի 10-20 հոգու մեջ ու ասեն՝ գտիր ինքդ… Մի խոսքով՝ ո՞վ առաջինը ասաց մորթենք, ով բռնեց ոտքերը, ով մորթեց, ով ասաց փողը տանք…

 

Ժամանակը` դեռ հեչ, Հայրիկյանին ուրիշ բաներ էլ են նեղում: Ձեռքի ցավը քիչ էր, հիմա էլ էս հակագովազդը: Մեր շատ հարգելի ԱԱԾ-ին մի համեստ հարց ունենք: Ներողություն, դուք չգիտեի՞ք, թե նախագահի թեկնածու Հայրիկյանի դեմ մահափորձ կատարած անձը ինչպիսի արտաքին է ունեցել: Այս ո՞ւմ եք բռնել: Արտաքինը՝ մի կողմ: Բա անուն ազգանուննե՞րը: Թե՞ հայերը զրկված են ազգային պատկանելության կանխավարկած ունենալուց: Հայրիկյանը սևով սպիտակի վրա ասել էր՝ դեմքը ծածկած չէր, 25 սանտիմետր էր ինձնից հեռու, սլավոնական դիմագծերով մեկն էր, հաստատ ուզում էր սպանել, դեմքն ինձնից չէր թաքցնում, իսկ դա նշան է, որ եկել էր սպանելու: Չէ, մեզ թվում է, որ այստեղ ինչ-որ սխալ կա: Հա, ֆոտոռոբոտը: Մեջտեղ բերեք, որ հասկանանք՝ Հայրիկյանն իր կյանքում ռուս տեսած կա՞, թե՞ չէ: Ախր ո՞նց կլինի: Ես լինեի այդ երիտասարդների տեղը՝ մինչև հոգուս խորքը կվիրավորվեի, որ ինձ այլազգու տեղ են դրել: Հայրիկյանն, ի դեպ, կարող էր ճապոնացու կամ չինացու էլ նկարագրել, ի՞նչ է, դարձյա՞լ այս երիտասարդներին էիք բռնելու: Գոնե Հայրիկյանի խաթեր կարելի էր մեկ հատ սլավոն հայթայթել այս տարածաշրջանում:

 

Այդուհանդերձ, կեցցե մեր ԱԱԾ-ն: Չթողեց, որ մեր խոսքը գետնին ընկնի: Բոլորս պահանջում էինք, չէ՞, անհապաղ հայտնաբերել, արագ բացահայտել… Ըսենց օպերատիվությո՞ւն… ЦРУ-ն գլուխը պատն է տվել: Ցանկության դեպքում կարելի է և ասել՝ Հայրիկյանը մի քիչ վերախմբագրել է իր նախնական ցուցմունքը: Պիտի ասեր՝ նորռուսական դեմք ուներ, ասել է՝ ռուսական:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները  կարող են չհամապատասխանել  yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: