Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երկու օր առաջ հեռուստակամրջի ընթացքում կարծիք է հայտնել, թե Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը մահափորձ չէր համարի: Առանց փաստերի նման հայտարարություն անելն, իհարկե, ինքնանպատակ չէ: Բորդյուժան պարզապես հասկացրեց, որ եթե ցանկանային սպանել Պարույր Հայրիկյանին, ապա 1-1.5 մետրից պրոֆեսիոնալ որևէ քիլլեր չէր վրիպի:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որն ավելի շատ ներկայացնում է ռուսական հետաքրքրությունները, այսպիսով` երկու կոնկրետ մեսիջ է հղում: Առաջին` նա, փաստորեն, անլուրջ է համարում Հայրիկյանի և հայաստանյան քաղաքական որոշ շրջանակների կողմից համառորեն հասունացվող այն վարկածը, թե մահափորձի ետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները: Եվ երկրորդ` այն ուժը կամ ուժերը, որոնք արել են այդ քայլը, ոչ թե Հայրիկյանին սպանելու, այլ ընդամենը դրա շուրջ աղմուկ բարձրացնելու, պրովոկացիաներ հրահրելու նպատակ են հետապնդել: Իսկ այս փուլում նման քայլի դիմելն այլ կերպ, քան ընտրություններ կոչվող այս ֆարսի սահուն ընթացքը խաթարելու փորձ, չի կարելի անվանել:
Ճի՞շտ է, արդյոք, Բորդյուժան, թե՞ ոչ, արդեն էական չէ: Հազար հիմնավորված ու չհիմնավորված պատճառ կարելի է գտնել իրավիճակի խաթարման մեջ ռուսական շահագրգռության համար այնպես, ինչպես հազար պատճառ կարելի է բերել Արևմուտքի շահագրգրռության համար: Փաստն այն է, որ Հայաստանի քաղաքացիներին կրկին շեղում են ինքնիշխանության վերահաստատմանն ուղղված ամենակարևոր պրոցեսից` ընտրություններից, ինչպիսիք էլ դրանք լինեն, դեպի իրենց շուրջն ու ներսում դավադիրներ փնտրելը: Միջազգային, հատկապես` արևմտյան դիտորդները, դեռ քվեարկությունից առաջ արդեն գիտեն` ինչ են գրելու նախագահական այս ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցներում ու եզրակացություններում: Հիմա արդեն Սերժ Սարգսյանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող անցկացնել Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավարական ընտրությունները: Եվ սա այն հիմնական արդյունքն էր, որ ակնկալվում էր Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցներից: Ոմանք չէին կարող համակերպվել այն մտքի հետ, որ իշխանություններին հաջողվելու է այսքան հեշտ ու հանգիստ, առանց լուրջ դիմադրության, ընդամենը արտաքուստ պահպանելով խաղի կանոնները, վերարտադրվել: Չէին կարող համակերպվել այն իրողությանը, որ ստիպված են լինելու զուտ ձևականորեն անցկացված ընտրությունները գնահատել որպես առանց էական ընտրախախտումների անցկացված, հայաստանյան օրենսդրությանը և միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող: Այս կրակոցները փրկություն էր նրանց համար, ովքեր սովոր են, Հայաստանին ժողովրդավարության դասեր տալով, կրակից տարածաշրջանային մակարդակով շագանակներ հանել, և որոնք ոչ մի կերպ չէին կարող ընդունել, որ իշխանության թեկնածուն իր լեգիտիմությունը ստանում է ոչ թե իրենցից, այլ սեփական ուժերով կազմակերպված` թեկուզ ֆարսային, անբովանդակ ու անմրցակից ընտրություններով: Որովհետև ինչպես ինքը` իշխանության թեկնածուն էր օրերս հանկարծ հայտնագործել, «արդար» ընտրություներով ընտրված նախագահի ոտքը պինդ է լինում:
Թեկուզ պրոթեզով` պինդ ոտքեր ունեցող, քիչ թե շատ կայուն Հայաստան ոչ ոքի պետք չէ: Մեզ դա հասկացրին 1999թ հոկտեմբերի 27-ին, հասկացնում են նաև հիմա: Որովհետև պինդ ոտքերով երկիրը ոչ միայն տվող, այլ նաև պահանջող, ոչ միայն հարմարվող, այլ նաև նախաձեռնող է դառնում: Նման երկիրը ոչ միայն քաղաքականության օբյեկտ, այլ նաև սուբյեկտ դառնալու հավակնություն է հանդես բերում: Որովհետև դրսում հանկած հասկացել էին, որ նման կերպ ընտրված նախագահը կարող է սկսել ինքնուրույն խաղալ և ազատ որոշումներ կայացնել արտաքին օրիենտացիաների հարցում: Հանկարծ հասկացան, որ մի գեղեցիկ օր կարող են հայտնաբերել, ասենք, եվրոպական երկարաճիտ կոշիկների փոխարեն ռուսական «վալենկաներ» հագած Հայաստան: Հիմա արդեն առավել քան հասկանալի է, թե ինչու էր եվրոպական երկրներից մեկի հայաստանյան դեսպանը, տեղական քաղաքական ուժերի ընդդիմադիր լինելուն կասկածելով, նրանց պատվախնդրության ու ընդդիմադիր լինելը կոնկրետ գործողություններով ապացուցելու դրդում: Հերթական անգամ ուզում էին շագանակները տեղական ուժերի ձեռքերով հանել, ինչը, կարծես, չստացվեց: Ֆարսային այս խաղին չմասնակցելով` այդ ուժերը նրանց հասկացրին, որ ինչպես իրենց ձեռքերով հասունացրել են տեղական «հրեշին», ինչպես սեփական գրկում փայփայել, մեծացրել ու պաշտպանել էին հայաստանյան իշխանությունների կողմից սարքված իմիտացիոն ժողովրդավարությունը, այնպես էլ պետք է քաղեն դրա պտուղները: Նրանք էլ ահա քաղում են... գիշերները և թիկունքից արձակված կրակոցներով...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ