Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, անարձագանք չթողեց Սիրիայի հայկական Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները: Նախ` Ռուսաստանի արտգործնախարարությունը «Սիրիայի խաղաղ բնակչության, մասնավորապես` հայերի նկատմամբ ահաբեկչական գործողություններն ու հանցագործությունները» դատապարտող հայտարարություն տարածեց: Նույն տոնայնությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱՄՆ պետդեպը` ի դեմս պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆի: Մարտի 28-ին ամենօրյա ասուլիսի ժամանակ նաս հայտարարեց, թե ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող բռնություններով, «որոնք սպառնում են տեղի հայկական համայնքի անվտանգությանը»: Քեսաբի հայությանը պատուհասած արհավիրքին անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Նա ներկայացրել է Բրյուսելի պաշտոնական տեսակետը, ըստ որի` ԵՄ-ն սկզբունքորեն դատապարտում է ցանկացած երկրի ժողովրդի անվտանգությանը սպառնացող գործողությունները:
Այս արձագանքները, սակայն, որքան անհրաժեշտ էին, նույնքան էլ, ըստ էության, աննպատակ և հերթապահ: Քեսաբի վերաբերյալ պաշտոնական բոլոր հայտարարությունները` անկախ նրանից` աշխարհաքաղաքական որ կենտրոնից են արվում, դատապարտումից ու անհանգստության արտահայտումից բացի, որևէ էլեմենտ չեն պարունակում և փաստացի որևէ գործնական նշանակություն չունեն: Միջազգային հանրությունը բացահայտ խուսափում է Քեսաբում տեղի ունեցածը կոչել իր իսկական անունով, դրանք որակել իբրև էթնիկական զտումներ և բռնի տեղահանություն, որոնք ցեղասպանության դրսևորումներ կամ մեթոդներ են: Հիմնական պատճառն այն է, որ նրանցից ոչ ոք իրականում չի ցանկանում խոսել այն մասին, թե ով կամ ովքեր են այդ բռնարարքների իրական պատասխանատուները, ինչն էլ դրդում է այդ բռնարարքների և հանցագործությունների հետևում տեսնել բացառապես կատարողներին, այսինքն` միայն ահաբեկիչ ծայրահեղականներին: Այն փաստը, որ վերջիններս գործում են Թուրքիայի կառավարության ուղղակի հովանավորությամբ և աջակցությամբ, և որ Քեսաբի վրա երեք ուղղություններով հարձակումը տեղի է ունեցել հենց Թուրքիայի տարածքից, նրա կողմից վերահսկվող սահմանային անցակետերով, այդ հայտարարություններում անգամ հեռավոր ակնարկի մակարդակով տեղ չի գտնում:
Եվ դա պատահական չէ: Անգամ թեթևակի խոստովանել, որ Քեսաբի հայության հետ կապված ողբերգական իրադարձություններում հիմնական մեղավորը և պատասխանատուն Թուրքիան է, նշանակում է թարմացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը և հաստատել Թուքիայի հայատյաց քաղաքականության շարունակման փաստը: Դա նշանակելու է նաև Թուրքիային ճանաչել որպես միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկիր, ինչն անել չեն ցանկանում ո'չ Արևմուտքը և ո'չ էլ Ռուսաստանը: ԱՄՆ-ը և Եվրամիությունը խուսափում են դրանից` հաշվի առնելով Բաշար ալ Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված պատերազմում Թուրքիայի առանցքային դերակատարությունը և նրա տարածքն իբրև հակակառավարական ուժերին սպառազինելու տրանզիտային ճանապարհ օգտագործելու իրողությունները: Դրանք այս պահին Արևմուտքի համար այնքան կարևոր են, որ կարող է իրեն թույլ տալ դրան զոհաբերել ինչ-որ փոքրիկ հայաբնակ գյուղաքաղաք` մի քանի հարյուր խաղաղ բնակիչներով: Իսկ Ռուսաստանը դա չի անում` չցանկանալով ավելորդ սրել հարաբերությունները Անկարայի հետ մի իրավիճակում, երբ դեռևս լուծված չէ Ղրիմի և, հատկապես, թերակղզու թաթար բնակչության հիմնահարցը, և երբ միջազգային հնարավոր տնտեսական սանկցիաների պարագայում Մոսկվան անպայման փորձելու է հենման կետ որոնել Թուրքիայում:
Այս իմաստով Քեսաբի դեմ սանձազերծված օպերացիան Թուրքիան կազմակերպեց իր համար չափազանց նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակում` հրաշալի հասկանալով, որ ոչ միայն կարող է հանգիստ պատսպարվել ահաբեկիչների թիկունքում, այլև խուսափել իրեն ուղղված ճնշումներից: Թուրքիան օգտագործեց այն իրողությունը, որ Արևմուտքն այս պահին, հանուն Ասադի ռեժիմի տապալման, արդարացնում է ահաբեկչական ծայրահեղականությունը Սիրիայում, իսկ Ռուսաստանը, «թաղված» լինելով Ուկրաինայում, բացարձակապես ընդունակ չէ հակազդելու այս պարզ մանիպուլյացիաներին:
Միջազգային հանրության նման հանդուրժողականությունն ու երկակի ստանդարտների քաղաքականությունը դառը հիշողություններ են առաջացնում` դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործմանը նպաստած միջազգային իրողությունների հետ կապված, տխուր զուգահեռներ անցկացնելու առիթ տալիս: Բայց պատճառը Թուրքիան չէ, որի իշխանությունը, զբաղված ներքին քաղաքական ցնցումներով, ընտրություններով, իրականում բացարձակ անտարբեր է ձևանում Քեսաբի հիմնահարցի նկատմամբ: Իրական պատճառն այն է, որ Հայաստանը, չափից դուրս զգուշավորություն ցուցաբերելով, խուսափում է նույնիսկ անուղղակիորեն մատնացույց անել Քեսաբի հետ կատարվածում Թուրքիայի ոչ երկրորդական դերակատարությունը` գիտակցելով հանդերձ, որ դա է սիրիահայ համայնքի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի չեզոքացման առաջին նախապայմանը: Հայաստանն այս ուղղությամբ ձախողված դիվանագիտություն է վարում: ՄԱԿ-ում քեսաբահայության անվտանգության ապահովմանը և բնակավայրեր վերադառնալուն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն տալու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ է անցել: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ: Լռում են պետական բոլոր պատասխանատու գերատեսչությունները: Հայաստանը միտումնավոր նախաձեռնողականությունն ամբողջությամբ թողել է սփյուռքահայ կազմակերպությունների վրա, որոնք, լոբբիստական գործունեություն իրականացնելուց զատ, իրականում ոչինչ անել չեն կարող: Եվ չնայած դրան` այս պահին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն միայնակ ավելի լուրջ դիվանագիտ է և ավելի սկզբունքային առաքելություն է իրականացնում, քան Հայաստանը` իր ողջ պետական դիվանագիտական արսենալով: Արամ Ա-ի, սփյուռքահայ կազմակերպությունների հետևողական ջանքերի շնորհիվ է, որ հարցը միջազգային հնչեղություն է ստացել, և գերտերություններն արձագանքում են` թեկուզ այսքան երկդիմի և այսքան կրավորական:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ