|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի նախաձեռնությամբ` Հայաստանում հաշմանդամային սպորտի հեռանկարներին նվիրված քննարկմանը մասնակցել են ոլորտը ներկայացնող շուրջ 10 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարարը կոչ է արել բոլորին` լինել առավելագույնս անկեղծ և առաջ քաշել կոնկրետ առաջարկություններ հասարակության այդ խոցելի շերտի ներկայացուցիչների ներգրավվածությունը սպորտում ավելի նպատակային և արդյունավետ դարձնելու համար:
Նրա խոսքերով` արդեն իսկ Կառավարություն է ներկայացվել Հաշմանդամային սպորտի զարգացման 2013-2017թթ. ծրագիրը, որտեղ ներառված են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ և տրված են դրանց լուծման ուղիները: «Մենք ակնկալում ենք ձեր՝ որպես հաշմանդամ մարզիկների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ունենալ ակտիվ մասնակցություն այդ ծրագրի իրականացման գործընթացում»,- նշել է Հ. Ռոստոմյանը:
Նրա խոսքերով` կարևորը սպորտի մասսայականացումն է, և որքան հնարավոր է մեծ թվով հաշմանդամների մասնակցությունը սպորտային միջոցառումներում:
Քննարկման ներկաները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ նմանատիպ միջոցառում առաջին անգամ է կազմակրեպվում հենց ոլորտի ղեկավարի կողմից: Նրանք հույս են հայտնել, որ պետական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ:
Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին սերտ համագործակցել հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, հավաքագրել նրանց բոլոր առաջարկությունները և հաջորդ շաբաթվա ընթացքում կազմակերպել նոր հանդիպում այդ առաջարկությունները քննարկելու և միջոցառումների ծրագիրը կազմելու համար: