կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 17:28
Քաղաքական

Հենց լիդերի կռիվ ընկավ, ուրեմն արժե դադարեցնել ակցիաներն ու գնալ տուն. Սևակ Հակոբյան

Հենց լիդերի կռիվ ընկավ, ուրեմն արժե դադարեցնել ակցիաներն ու գնալ տուն. Սևակ Հակոբյան

«Էս ամբողջի մեջ, ոստիկանության պահվածքից բացի, ևս երկու անթույլատրելի, մերժելի բան կա, որոնց ուզում եմ հակիրճ անդրադառնալ․

Առաջին․ որոշ ընդդիմադիր կամ չակերտում ընդդիմադիր ուժեր ու մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու, չեն ուզում մասնակցել ակցիաների, որ իրենց ինչ-որ հեղինակությունը հանկարծ մի բանի արդյունքում ընկնի, չքաշքշվեն, չհայտնվեն ոստիկանության բաժիններում, բայց հետո հույս ունեն այդ ամենի արդյունքում սպիտակ սառոչկայով գալ ու քաղաքական տոկոսներ ստանալ։ Կարծում եմ՝ սխալ հաշվարկներ են, ով այսօր փողոցում չէ, վաղը իրավունք չի ունենալու խոսել ժողովրդի անունից ու պետության համար։

Երկրորդ․ հիմա, այս խառը պահին ամենասխալ, ավելին՝ ամենից խնդալու բանը լիդերություն խաղացնելն է։ Վերջապես հասկացեք, որ պայքարը մեկին իշխանությունից վռնդելու համար է, ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելը։ Բողոքի ակցիա անող բազմաթիվ քաղաքական ուժերից ու գործիչներից ամեն մեկն իր «սրտի» լիդերն ունի ու դա նորմալ է։ Բայց, ուշադրություն դարձրեք, ոչ մեկը իրեն թույլ չի տալիս լիդերի հարց բարձրացնել, որովհետև, կրկնում եմ, սա որևէ մեկ հոգու իշխանության բերելու համար չէ։

Հենց լիդերի կռիվ ընկավ, ուրեմն արժե դադարեցնել ակցիաներն ու գնալ տուն։ Որովհետև պարզ է՝ սկսվելու է մեր՝ հայերիս, սիրած գործը (էս մեկը բոյով ա, մյուսը նիհար ա, ճաղատ ա, փոր ունի և այլն)։ Ամեն մեկս մեկին պատկերացնում ենք առաջնորդ, բայց հիմա բոլորովին դրա ժամանակը չէ։

Ինչո՞ւ եմ այս ամենը գրում, «էս նեղ մաջալին», այս մեծ բոբոլայի մեջ, փոխանակ մի բանով իրականում օգնեն, մեր որոշ հայրենակիցներ ֆլեշմոբ են սկսել, թե կուզենան ընդդիմությունը ամբիցիաները մի կողմ թողնի և միասնական առաջնորդ ընտրի Արման Թաթոյանին։ Իսկ այդ առաջարկողներն ինչո՞վ են զբաղված հիմա։ Իսկ Արման Թաթոյանն ինչո՞վ է զբաղված այս օրերին։ Նա Մարդու իրավունքների պաշտպան էր, շատ դրական էր ընկալвում, ուներ լուրջ հեղինակություն, բայց այսօր բացի ստատուս գրելուց, ինչո՞վ է զբաղված։

Թե՞ իրավապաշտպան լինելը միայն աշխատավարձի պայմաններում է ստացվում։ Թաթոյանի մղումներն ազնիվ են, բան չասեմ։ Բայց ո՞ւր է։ Երեկվանից ժողովուրդը փողոցն է, գիշերում է, էսօր ծեծվում ու բերման է ենթարկվում, բացի ստատուս գրելուց անելիք չունի՞։ Իսկ կարող է՞ իր հեղինակությամբ իջնել փակվող փողոցներ ու կանգնել ցուցարարների ու էն հայտնի կենդանու պես քացի տվող ՊՊԾ պետի արանքը, իսկ որ առավել պարտավոր է՝ ակցիա անողների կողքին։ Ի՞նչ է, կասկածո՞ւմ է Իշխանի, Արամի, Աննայի հայրենասիրության ու ազնիվ մղումների մեջ։ Կոչուբաևը, Վարդևանյանը ո՞նց են կանգնել։ Թաթոյանի կամ իմ գրառումները քա՞նի ոստիկանի են կասեցնում։ Ոչ մի։

Ի դեպ, էդ Թաթոյան գոռացողներին մի հարց տամ, բա որ ասում եք ամբիցիաները դնեն մի կողմ, իսկ Թաթոյանին «ընդդիմության առաջնորդ» նշանակելը ամբիցիա չէ՞։ Դա՞ ում ամբիցիան է։ Ես էլ ձեզ, կոչ եմ անում գնալ ու միասին մի հատ փոքրիկ փողոց փակել։ Ասենք ՝ Լամբրոնի փողոցը փակեք։

Այս պահին դա է ավելի կարևոր, ոչ թե մարդիկ ոստիկանների հետ պայքար մղեն, դուք լիդեր խաղացնեք։ Դրա վախտն է՞։ Կամ՝ ընդդիմության առաջնորդը նշանակովի ինչ-որ պաշտոն ա՞, էդ առաջնորդները պայքարից չեն ծնվո՞ւմ։

Կրկնում եմ, ամեն մեկս ունենք ընդդիմության առաջնորդի մեր թեկնածուին, ակցիա անողներից ամեն հասարակական, քաղաքական միավոր ունի իր առաջնորդը կամ իր պատկերացումները, բայց այս պահին ոչմեկ դրա մասին չի մտածում․ սա լիդերության պայքար չէ։ Իսկ դուք՝ մտածում եք»։

Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի խմբագիր