կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 18:56
Առանց Կատեգորիա

Նախագահական ութանկյան բութ կողմերը

Նախագահական ութանկյան բութ կողմերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում այսօր գրանցեց նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 8 թեկնածուների: Եթե մինչև փետրվարի 8-ը նրանցից ոչ ոք ինքնաբացարկ չհայտնի, ապա քվեաթերթիկներում կլինի 8 անուն, որոնց ակտիվ հասարակայնությունն արդեն քիչ թե շատ ծանոթ է:

 

Դժվար է ասել` Հայաստանի պայմաններում ութ թեկնածուն շա՞տ է, թե՞ քիչ: Եթե նկատի առնենք քաղաքական դաշտի ամլությունը, գրեթե ամբողջական գաղափարազրկությունը, պետական ինստիտուտների վարկաբեկումը, իհարկե, քիչ է, որովհետև նման պայմաններում իրեն ընտրություններին մասնակցելու իրավունք կարող էր վերապահել յուրաքանչյուրը, ով համապատասխանում է Սահմանադրությամբ դրված չափորոշիչներին, ում մտքով դա կանցներ, կամ ով արկածներ փնտրելու մեծ սիրահար էր: Հայաստանում կայացած նախագահական բոլոր ընտրություններից սա թերևս միակն է, որտեղ միակ զսպող, խոչընդոտող հանգամանքը դարձավ չափազանց բարձր ընտրագրավը: Եթե այն չլիներ կամ լիներ ընտրական օրենսգրքով նախատեսվածից զգալիորեն ցածր, ուղղակի մի օր կարող էինք արթնանալ նախագահի թեկնածուների երկրում:

 

Սակայն մյուս կողմից` 8 թեկնածուն չափից դուրս շատ է` հաշվի առնելով ուժեղ մրցակցության փաստացի բացակայությունը, ընտրությունների ելքի գրեթե կանխորոշվածությունը, ընտրական համակարգի նկատմամբ հասարակության կատարյալ անվստահությունն ու անտարբերությունը: Այնպես որ` թեկնածուների այս քանակը կարելի է Հայաստանում ստեղծված աննախադեպ իրականության մեջ նույնիսկ օպտիմալ համարել:

 

Ընդհանուր առմամբ, պրոցեսը խոստանում է լինել խիստ անհետաքրքիր ու գորշ, որովհետև խոշոր քաղաքական ինտրիգներ, որպես այդպիսին, չեն լինելու: Սակայն որոշ մանր դրսևորումներ բոլոր դեպքերում կլինեն` հաշվի առնելով թեկնածուների ինտելեկտուալ խիստ բևեռացվածությունը, մարդկային նկարագրերի հակասականությունը և, բնականաբար, որդեգրվելիք տակտիկաների բախումները:

 

Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ ընտրարշավին կմասնակցի «միայնակ գայլի» կարգավիճակով` առանց հակադրվելու մրցակիցներին, որի կարիքն, ըստ էության, չունի: Նրա պարագայում խնդիրն ընդամենը մրցակցության իմիտացիա ստեղծելն է և այն համոզվածության ձևավորումը, որ, անկախ մրցակիցների ով լինելուց, նա իր քարոզարշավն է կառուցում և փորձում է ընտրողների վստահությունը շահել` քաղաքական տեխնոլոգիաներին ապավինելով:

 

Նրան բովանդակային առումով հակադրվելու են միայն երկու թեկնածուներ` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը. առաջինը` տնտեսական, երկրորդը` քաղաքական-քաղաքացիական իրավունքների շրջանակներում: Նրանք ձգտելու են Սերժ Սարգսյանի թիմին ներքաշել ֆորմալ կամ ոչ ֆորմալ բանավեճերի մեջ` հաշվի առնելով, որ գործող նախագահի դիրքերը թույլ են հենց այս երկու առանցքային բլոկներում: Այսինքն` բովանդակային քաղաքական բանավեճ ծավալվելու է միայն այս եռանկյունում, թեև մեծ հաշվով Բագրատյանն ու Ղուկասյանը հատման ընդհանուր եզրեր չունեն:

 

Քաղաքացիական ակտիվ շրջանակների վստահությունը գրավելու առումով, որն, ի դեպ, այս ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկն է, որոշակի մրցակցություն թերևս կարող է լինել Անդրիաս Ղուկասյան-Րաֆֆի Հովհաննիսյան միջակայքում: Հովհաննիսյանի ուժեղ կողմը քաղաքական գործունակ և եռանդուն թիմի առկայությունն է: Թույլ կողմերը` իրականության զգացողության բացակայությունը, քարոզչությունը վերամբարձ հայրենասիրական պաթոսով ներծծված վիրտուալ տարածության մեջ ծավալելու` անսանձ հակումը: Ղուկասյանի ուժեղ կողմը ապաքաղաքականացվածությունն է, «նոր մարդու» իմիջը և քաղաքացիական շարժումներում կոփված նախաձեռողականությունը: Թույլ կողմը քաղաքական անփորձությունն է, մրցակիցներին վարկաբեկելու, որոշակի իմաստով պրովոկացիոն մեթոդաբանությամբ առաջնորդվելու հակումը:

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, ովքեր կազմում են այսպես կոչված «հավերժ պարտության դատապարտվածների» եռյակը, իրենց մարտավարությունը ձևավորելու են հընթացս` պայմանավորված իշխանության թեկնածուի գործունեությամբ ու հայտարարություններով: Նրանցից «նու-հաու»-ներ սպասելն անիմաստ է: Այս մարդիկ ընդամենը ֆոնային դերակատարություն են ունենալու: Նրանց ներկայությունն այս ընտրություններին պարզապես ավելորդ անգամ ցույց է տալիս քաղաքական դաշտի կախվածությունը իրենց վաղուց սպառած, թոշակի անցած, բայց համառորեն հասարակության վզին փաթաթվող շրջանակներից և այս երևույթի տորպետահարող ազդեցությունը քաղաքական մտքի զարգացման վրա:

 

Ինչ վերաբերում է նորահայտ էպոսագետին, ապա հասարակությունն ամենաշատը պետք է նրան շնորհակալ լինի ընտրական գորշությունն իր անլուրջ դերակատարությամբ փոքր-ինչ մեղմելու` ստանձնած առաքելության համար: Նրա դերակատարությունը կարելի է նմանեցնել կինտոյի պարին, որը բեմադրվել է քոչարու ծանր հնչյունների ներքո:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ