Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
80-ականների վերջ-90 ականների սկիզբ: 30 տարեկանի շուրջ եմ` սովետի զսպող գրաքննության` հերթական ուշ տպագրված, իբր տաղանդավոր բանաստեղծ, Գրողների միության քարտուղար: Նախագահը Վահագն Դավթյանն էր: Ընկերություն եմ անում նրա, Համո Սահյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Ալեքսեյ Կիրակոսյանի, Ռուբեն Հովսեփյանի, Ֆելիքս Մելոյանի հետ: Հաճախ ենք փոքր խմբով կամ առանձին հանդիպում` խոսում-խմում-լռում: Իրենք են ինձ ընկեր դարձրել` 30-40 տարվա տարբերությունը մի կողմ դրած: Նույն շնչառության մեջ ենք: Հրաշք օրեր:
Համոյի վերաբերումը միշտ մի փոքր այլ էր. կարծեմ` առաջին գիրքս հավանել էր, իր Սիսիանն ու իմ Նախիջեւանը նույնն են` մի սար է բաժանում: Իմ առողջ ցինիզմն ու կարեւոր բաները լռությամբ ապրելը հարազատ են իրեն թերեւս:
93-ի ամառն է՝ Սահյանի վերջին ամառը: Նախ «Էրեբունի» հիվանդանոցում էր, հետո` այժմյան «Նաիրի» կենտրոնում: Հաճախ մոտն եմ: Նաեւ «Երկիր» թերթի խմբագիրն եմ ու կուսակցական մարմին-խմբագիր բնական տարաձայնության հերթական պատճառով դիմում գրել՝ գործից ելել եմ: Ուռած-փքված եմ, ուզում եմ առանձնանալ, թողեցի-գնացի Կիրովական: Երեկոյան «Լրաբերն» անակնկալ գուժում է` Համո Սահյանը վախճանվեց: Խեղդվելով` առավոտյան Սահյանի տանն եմ: Կինը` տիկին Սվետան` երեկ, վերջին ժամին Համոն ասում էր` էսօր Աղվանը գալու ա: Կյանքիս ամենատխուր օրն է:
Այս զվարթ պատմությունները Համոյից բերում եմ այն օրվա տխրությունս զարդարելու հույսով:
Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Գրողիդ մերը...»
Սովետի օրով գրականության պրոպագանդայի բյուրո կար: Գրողներին` 3-4 հոգանոց խմբով` մի ահել, մի ջահել, մի քննադատ, մի ասմունքող, տանում էին հիմնարկներ, քաղաքներ, գյուղեր, բերքահավաքի օրերին՝ դաշտեր: Հանդիպում աշխատավորության հետ: Մարդիկ իբր առնչվում էին գրականությանը, գրողներն էլ, այս «գործի» դիմաց, ոչ թե իբր, այլ իրական փող էին ստանում:
80-ական թվականներ: Էդպիսի մի հանդիպում, էդպիսի մի դահլիճում: Համո Սահյանն ու գրականագետ Ֆելիքս Մելոյանը բեմում` կարմիր սփռոցով սեղանի մոտ նստած են, Վլադիմիր Աբաջյանը ոգեւորված արտասանում է Համո Սահյանի` սովետական իշխանությունը փառաբանող չարչրկված բանաստեղծությունը.
Թե Հոկտեմբերյան դրոշի փայլից
Չշիկներ ճակատն Արագածի,
Իր մութ այրերում շունչը կփչեր
Հայրենի երկիր Հայաստանս…
Ֆելիքս Մելոյանը պատմում է. մեկ էլ լսեմ` Համոն կողքիս, գլուխը կախ, քթի տակ մրթմրթում է. «Գրողիդ մերը…»:
«Կործ չունես...»
Մոսկվա: Գրողների համագումար է: Նույն օրերին` նաեւ կուսակցական պլենում: «Ռոսիա» հյուրանոցի նախասրահում հանդիպում են Համո Սահյանն ու Կարեն Դեմիրճյանը: Կուսքարտուղարը` բանաստեղծին.
- Համո Սահակիչ, իրիկունը բան չպլանավորես, ռեստորան եմ հրավիրում:
-Կարեն Սերոբիչ, ախր մենակ չեմ, Սերոյի հետ նույն սենյակում ենք:
- Լավ, ոչինչ, Սերո Նիկոլայիչին էլ հետդ բեր:
Համոն գնում է սենյակ: Խանզադյանին ասում ` էսպես ու էսպես, իրիկունը ժամը 7-ին: Ու, իր բնույթին հավատարիմ,պառկում է-ննջում:
- Մեկ էլ,- պատմում է,- արթնանամ-տեսնեմ` Սերոն հագած-կապած, հայելու առաջ մազերն է սղալում, որ դուրս գա:
- Սերո, էս ո՞ւր…
- Կործ չունես, ինձ մի կարեւոր մարդ տեղ է հրավիրել:
Սերոն «մոռացել է», որ Համոն է իրեն ասել: Իր նման թաքուն` ուզում է մենակ գնալ:
«Հա, ճիշտ ես ասում»
Համո Սահյանը խայտառակ շատ էր ծխում, կպցնում էր մեկը մյուսից: 90-ականների սկզբին արդեն վատառողջ էր, բայց շարունակում էր նույն շնչով ծխել ու հազալ: Երիտասարդ գրողներից մեկն այցելում է տուն` Աղայան փողոց:
- Համո Սահակիչ, ախր շատ ես ծխում, ախր վնաս է:
- Հա, ճիշտ ես ասում:
- Ախր հազում ես, գոնե մի քիչ պակասեցրու:
- Հա, ճիշտ ես ասում:
Համոն վառում է հերթական սիգարետը ու ջահելին` արի էստեղ: Տանում է պատուհանի մոտ: Բակում երեք տարեց մարդ` սովետի կապույտ ռետուզներով, քայլում են, վազում, մարզանք անում:
- Ըհը, Համո Սահակիչ, տեսնո՞ւմ ես` քո տարիքին են, մարդիկ հետեւում են առողջությանը:
- Հա, ճիշտ ես ասում: Անցյալ տարի յոթ հոգի էին, էս երեքն են մնացել:
Վաղուուո՜ւց
Պատմում է Տիգրան Մանսուրյանը.
Համո Սահյանի հայրենների հիմամբ հինգ երգ էի գրել: Խնդրեցի վարպետին՝ եկավ: Նվագեցի, երգեցի: Կարծեմ՝ հավանեց: Ասացի՝ վարպետ, չորս բանաստեղծության առաջին տողերը վերնագիր եմ դարձրել, ճիշտ տեղում են: Հինգերորդը չի լինում: Էստեղ մի բառ կա՝ «վաղուց», մտածում եմ էդ բառը վերնագիր անել: Սահյանը՝ գլուխը կախ, երկար դադարից հետո, ասաց՝ «վաղուուո՜ւց»:
Էս բառը պատմություն ունի, ասաց,- պատմեմ: Ժամանակին գրողներով սովետից տուն էինք ստացել: Իմը երկրորդ հարկում էր, էսինչ գրողինը՝ անունը պայմանական Խաչիկ դնենք, երրորդ հարկում: Իմ տան վերանորոգման գործով տղաս էր, նրանը՝ աղջիկը: Որ մեկ-մեկ գնում էի, տեսնեմ՝ սրանք շատ են վերեւ-ներքեւ անում: Մի օր էլ աչքս ընկավ՝ տղայիս ծնկներն են գաջոտ, աղջկա՝ ետեւը: Անհանգիստ՝ զանգեցի պայմանական Խաչիկին: Դեսից-դենից ու հետո միանգամից՝ լսիր, Խաչիկ, աղջիկդ կու՞յս է:
- Վաղուուո՜ւց,- պատասխանեց գրչակիցս: Հիմա էդ «վաղուուուցը» դու ուզում ես երգի վերնագի՞ր անել, Տիգրան ջան:
«Ամոթ է, չգնաս»
50-ական թվականներ: Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Թամրազյանը, Սուրեն Աղաբաբյանը (ի՜նչ խումբ է) աշխատում են «Ավանգարդ» թերթում: Վահագն Դավթյանն է պատմում` մեր տարիքի մի արձակագիր կար Բաքվում, ռուսերեն էր գրում: Մի տարի եկել էր Երեւան, ծանոթացել էինք, հաց կերել, ընկերացել: Պայմանական Հուրունց դնենք անունը: Հետո էլ ռուս կնոջ հետ մի երեք տարով տեղափոխվեց Երեւան: Մի օր խմբագրությունում նստած եմ: Դուռը բացվեց, ներս մտավ սրա կինը:
- Վաագ, Հուրունցը երեք օրով Բաքու է գնացել: Իրիկունը արի մեր տուն:
Ասաց ու գնաց: Մոլորվել-մնացել եմ: Ի՞նչ անեմ, ախր ո՞նց գնամ. մարդու հետ հաց եմ կիսել, ընկերություն եմ արել: Համոն էն գլխից իմաստունի համբավ ուներ. Ասի` մտնեմ մոտը, խորհուրդ հարցնեմ: Գնացի իր սենյակ:
- Համո, լսի` էսպես ու էսպես, մի խորհուրդ տուր: Համոն` գլուխը կախ.
- Հա, ամոթ է, հանկարծ չգնաս, մարդու հետ հաց ես կերել, ընկերություն ես արել:
Չգնացի: Հաջորդ օրն էդ կինը նորից եկավ.
- Վաագ, մալչիշկա, երեկ Համոն մի շիշ գինի էր առել, եկել էր մեր տուն:
«Արարատ»