կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 14:00
Առանց Կատեգորիա

Ո՞ւր են ժողովրդի անունից խոսողները

Ո՞ւր են ժողովրդի անունից խոսողները

Եթե գալիք նախագահական ընտրություններին առաջադրվեն միայն այն թեկնածուները, ովքեր նախօրոք հայտարարել են իրենց այդ մտադրության մասին, արդեն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է: Եթե միայն ՀՀԿ անդամները ձայն տան նրան, նաեւ` համակիրները (եթե, իհարկե, այդպիսիք դեռ կան), Սերժ Սարգսյանը կընտրվի: Մյուսները վստահության այդքան քվե չունեն (խորհրդարանական ընտրությունների արդյունքն է վկայում):

 

Կարծում եմ, որ եկող ընտրությունները երկրորդը կդառնան մեր 22-ամյա ընտրական գործընթացներում, երբ անգամ ընտրակաշառք բաժանելու կարիք չի լինի: Սա թե' դրական է, թե' բացասական: Դրական է այն իմաստով, որ չեն բաժանվի միլիոններ, զանազան խոստումներ չեն տրվի մարդկանց, եւ հետո էլ դա մեր ջանից դուր չի գա գնաճի եւ այլնի տեսքով: Առաջին անգամ իշխանությունն, իր կամքից անկախ, չի ապավինի ընտրակաշառքին: Իհարկե, արջի ծառայություն մատուցող որոշ անձինք կբաժանեն գումարներ` սովորություն է. կա մարդկանց մի խումբ, ում գործը ընտրություններում փող տալն է, եւ կան ընտրողներ, որ երբեք տանից դուրս չեն գա, եթե էդ անտեր 5 հազարանոցի ծայրը չտեսնեն: Բայց, խոշոր հաշվով, ընտրակաշառք չի լինի:

 

Բացասականն էլ այն է, որ ընտրակաշառք չբաժանելու պատճառով բազմաթիվ մարդիկ կշարունակեն խանութներին պարտքեր ունենալ, ահագին փողոցներ կմնան անասֆալտ, առուները` չմաքրած, հոսանքի վարձերը՝ չմուծված, Բելառուսը մի քանի հարյուր տրակտոր պակաս կարտադրի, տուկի թելը կմնա պահեստում: Իսկ, այ, ուսուցիչները, պետական հիմնարկների աշխատողներն ու ուսանողները կշարունակեն պարտադրված ծափ տալ նախագահի բոցաշունչ ճառերին:

 

Սերժ Սարգսյանը կարող է նաեւ նախընտրական ծրագիր չկազմել, քարոզարշավի չգնալ, միեւնույն է, այդ նախընտրական ծրագրում գրված ցուցանիշները մեծ հաջողությամբ տապալում է այդ գործի վարպետ մեր կառավարությունը: Սերժ Սարգսյանը կհաղթի մի 15-20 դրածոների եւ մեկ-երկու անքվե հավատավորի ու կհորջորջվի որպես ամենաժողովրդավարական ընտրություններով ընտրված նախագահ, ու հենց այդ ժամանակ էլ կպարտվենք մենք՝ բոլորս, ՀՀԿ-ն էլ մեզ հետ միասին: Որովհետեւ այլեւս նրանց կթվա, որ իրենց մինչ այս կատարած բոլոր քայլերը ճիշտ էին, ու կշարունակեն նույն ուղիով: Հենց դա է, որ կործանարար է Հայաստանի համար: Կշարունակեն կառուցել իրենց Հայկական աշխարհը, միայն թե այդ աշխարհում ապրող եւ ապրել ցանկացողների թիվը գնալով կհասնի պատմական մինիմումին: Կիսագրագետ պաշտոնյաներն էլ գլուխ կգովեն, թե՝ տեսա՞ք, բա որ ասում էինք` չեն համարձակվում մեր դեմ պայքարե՞լ:

 

Բայց այս ամենի հետեւանքով միայն մենք՝ հասարակ ժողովուրդը, կրկին կհայտնվի «քցվածի» վիճակում, քանի որ բոլոր մասնակցողներն ու չմասնակցողները իրենցը կստանան: Հենց սա է Հայաստանը, ու վե՛րջ... Ազգ, ժողովուրդ, պայքար, ավազակապետություն, թունիսացում, ղրղզացում, հեղափոխություն... Ժողովուրդը հոգնել է, ուզում է պայքարել, չհանձնվել, սրանց քշել... Եվ ուրեմն ո՞ւր են այժմ ժողովրդի, այդ թվում՝ նաեւ իմ անունից խոսողները: Ո՞ւր եք, եկե՛ք, առաջնորդե՛ք ինձ, տարե՛ք ձեր երազած Հայաստանը, ինչո՞ւ «թռաք» պայքարից: Վստահ եմ, որ թե՛ հիմա, թե՛ ընտրություններից հետո եւս 5 տարի ծլելու եք ու խոսելու եք ավազակապետության, պայքարի մասին, շարունակելու եք խոսել իմ անունից` ժողովրդի անունից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովուրդը ստիպված է ամաչել թե' այսպիսի իշխանության, թե' ընդդիմության գոյության համար, կամ էլ` երկուսի բացակայության: Ո՞վ գիտի...

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ