Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ օրեր առաջ Նորք-Մարաշում տեղի ունեցած միջադեպին ու դրա հետևանքներին, ազդեցությանը: Քոչարյանի խոսքով`մեծ քանակությամբ զենք ու զինամթերք պահող այդ անձանց ահաբեկչական խումբ անվանելը շատ սխալ է, որովհետև գոյություն ունի անմեղության կանխավարկած:
«Որևէ տեղ ապացուցված չէ նրանց մեղքը: Պարզապես զինված խմբավորում է ձերբակալվել: Անշուշտ, այդ զենքը պետք է օգտագործվեր, սակայն դա պատկան մարմինները կբացահայտեն»,- ասաց նա` հավելելով, որ լուրջ բացթողում էր այն, որ ԱԱԾ-ից առաջ լրագրողներն են տարածել տեղեկատվությունը, թե զինված խմբավորման անդամներից մեկն արտասահմանցի է:
Ըստ Քոչարյանի` այս լուրը լուրջ խուճապ է առաջացրել հասարակության շրջանում, և այն այս օրերին բաժանվել է երեք կատեգորիայի` մարդիկ, ովքեր հավատացին, որ սա զինված հարձակման փորձ էր, մարդիկ, ովքեր չհավատացին դրան, և մարդկանց երրորդ խումբն էլ ծաղրուծանակի է ենթարկում այդ ամենը:
«Բացթողում են նման երևույթները: Մենք մոռանում ենք, որ մեր դաշտը մոնիթորինգի է ենթարկվում նույն Ադրբեջանի կողմից: Բավական զգույշ պետք է նկարագրել այսպիսի վիճակները, մեծ ուշադրություն պետք է դարձվի նմանատիպ երևույթներին: Ամենամեծ բացթողումն այս պարագայում «ահաբեկչություն» բառի կիրառումն էր»,- ասաց Քոչարյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե իրավապահ մարմինները բավական երկար ժամանակ լրագրողների մուտքն այդ տարածք արգելել էին, մինչդեռ` հետո լրատվական դաշտի ներկայացուցիչներն ազատ ելումուտ ունեին, մեդիափորձագետը պատասխանեց, որ ԱԱԾ աշխատակիցների առաջնային նպատակը վնասազերծելն է եղել, և երկար ժամանակ հետո են միայն լրագրողները կարողացել մուտք գործել տարածք:
«ԱԱԾ աշխատակիցները հասցրել էին պատշաճ աշխատել, հետո արդեն թողել են, որ լրագրողները ելումուտ անեն: Ինձ համար էլ էր տարօրինակ, որ լրագրողների ազատ ելումուտ եղավ»,- ասաց Քոչարյանը: