Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` դեռ հոկտեմբերի 14-15-ի համար նախատեսված, բայց հետաձգված այցը Թուրքիա կայացավ անցած հանգստի օրերին: Պուտինն Անկարա ժամանեց` չնայած երկու երկրների հարաբերություններում` Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռը Թուրքիայում ստիպողաբար վայրէջքի բերելու և զննության ենթարկելու պատճառով ի հայտ եկած որոշակի անվստահությանը: Սակայն թե' Մոսկվան և թե 'Անկարան առանձնապես ջանք չգործադրեցին լարվածությունը խորացնելու համար` հաշվի առնելով երկուսի համար էլ Պուտինի այցի խիստ կարևորությունը: Եվ դա հասկանալի է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը միայն այս տարվա ընթացքում աճել է 25 տոկոսով` հասնելով 35 մլրդ դոլարի:
Թուրքիան ռուսական էներգառեսուրսների` երկրորդ ամենախոշոր սսպառողն է: Իր գազային պաշարների 60 տոկոսը Թուրքիան ապահովում է Ռուսաստանի միջոցով: Հաշվի առնելով նաև սիրիական ճգնաժամը, որտեղ նրանք հակադրվող շահեր ու դիրքրոշումներ ունեն, Պուտինի այցը այս փուլում չէր կարող զուտ արարողակարգային լինել:
Քաղաքական տեսանկյունից Կրեմլի համար ամենաակտուալ խնդիրը Սիրիայի սահմանգծի երկայնքով Patriot հրթիռային համալիրների տեղակայման Անկարայի որոշումն էր: Էրդողանի հետ համատեղ ասուլիսում Պուտինը հյայտարարեց, թե դա ոչ թե թոթափելու է Սիրիայի և Թուրքիայի միջև առկա գերլարվածությունը, այլ հակառակը` ավելի է խորացնելու: Նա եկել էր Թուրքիա` Էրդողանին համոզելու հրաժարվել հրթիռային համալիրների տեղակայման որոշումից` ոչ այնքան Սիրիայի դեմ կիրառելու մտավախության պատճառով, որքան այն փաստից, որ, օգտագործելով սիրիական խաղաթուղթը, ՆԱՏՕ-ն, փաստորեն, իր քթի տակ հրթիռային համակարգ տեղակայելու առիթ է գտել: Սակայն, ըստ ամենայնի, այս հարցում Պուտինը ոչ մի հաջողության չի հասել: Նրա այցից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Պուտինը թուրքերին այլընտրանքային առաջարկներ է արել, և ավելի ճիշտ կլիներ, եթե երկու երկրների դիվանագետներն աշխատեին դրանց մանրամասների վրա: Նա նաև ընդգծել էր, որ Թուրքիայում տեղակայվող այդ կայանների ուղղությունը ցանկացած պահի կարող է փոխվել:
Ակնհայտ է, որ եթե թուրքերը չեն մերժել Պուտինի այս առաջարկությունները, դրանցից առանձնապես չեն էլ ոգևորվել: Իսկ այն հանգամանքը, որ հենց այդ այցից հետո հստակեցվեցին հրթիռային կայանների տեղակայման կոնկրետ վայրերը, իսկ ՆԱՏՕ-ն դեկտեմբերի 4-ին անդամ երկրների արտգործնախարարների խորհրդաժողովի ընթացքում տվեց դրանք Թուրքիային տրամադրելու նախնական համաձայնությունը, ցույց է տալիս, որ ռուսական դիվանագիտությունն այս հարցում պարտություն է կրել:
Երկրորդ նկատելի պարտությունը Մոսկվան կրեց էներգետիկ ոլորտում: Անկարայում Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը պատրաստ է ամբողջությամբ ստանձնել Թուրքիայում կառուցվող առաջին` Ակկաուի ատոնակայանի ամբողջական ֆինանսավորումը, որը կազմում է 20 մլրդ դոլար: Խոսքը վերաբերում է մի կայանի, որն ունենալու է 4 էներգաբլոկ` ընդհանուր տարեկան 35 տրիլիոն կՎտ/ժ. էլէներգիայի թողունակությամբ և որի շահագործումը նախատեսվում է 2021-22թթ: Ռուսաստանն արդեն 1.5 մլրդ դոլար է ներդրել այդ ատոմակայանի կառավարումն իրականացնող ընկերության կադոնադրական կապիտալում, ինչը նշանակում է, որ ռուական կապիտալով այս այս նախագծի իրականացումն արդեն կասկած չի հարուցում, և որ Ռուսաստանը ձգտում է այս ճանապարհով ազդեցություն ձեռք բերել Թուրքիայում նոր ստեղծվող ատոմային էներգետիկայի ոլորտում: Դրանով կարելի է բացատրել նման խոշորամասշտաբ ներդումը Ակկաուի ԱԷԿ-ում: Սակայն խնդիրն այն է, որ սա Թուրքիայում պլանավորված ԱԷԿ-ներից ընդամենը մեկն է:
Երկրորդ խոշոր նախագիծը պլանավորվել է իրականացնել Սինոպում, որի կառուցման համար հայտ են ներկայացրել միանգամից չորս`կանադական, Ճապոնական, հարավկորեական և չինական ընկերություններ: Ինչպես պարզվեց Պուտինի այցի ընթացքում, ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը ցանկություն է հայտնել նաև այս ատոմակայանի կառուցումն ֆինանսավորել, որըլիովին տեղավորվում է իր էներգետիկ ազդեցությունը թուրքիայում ամրապնդելու Մոսկվայի քաղաքականության ծիրում: Սակայն Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե իրենք նախևառաջ քննարկելու են վերոնշյալ չորս ընկերությունների ներկայացրած առաջարկությունները, որից հետո միայն հանդես կգան կոնկրետ հայտարարությամբ: Այլ կերպ ասած`Անկարան առայժմ մերժում է «Ռոսատոմի» հայտը: Իսկ դա նշանակում է, որ չնայած Ռուսաստանը ներկայացված կլինի թուրքական էտոմային էներգետիկ համակարգում, բայց ընդամենը որպես շարքային խաղացող առանց վերահսկիչ փաթեթի: Սա կարելի է հասկանալ որպես ոլորտում դիվերսիֆիկացման քաղաքականության իրականացում, որը երաշխավորում է Թուրքիայի էներգետիկ անկախությունը: Բայց ամեն դեպքում այսքանով այն չափավորեց ՌԴ-ի ախորժակը:
Պուտինի այցի օրակարգային այս երկու խնդիրներն ուղղակիորեն շոշափում են Հայաստանի շահերը: Ինքնին այն հանգամանքը, որ Թուրքիան մեր սահմանից ոչ այնքան հեռու նմանատիպ հրթիռային կայաններ է տեղակայում, չի կարող չանհանգստացնել: Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ից հստակ երաշխիքներ ստանա, որ դրանք չեն կարող Թուրքիայի կողմից այլ նպատակներով կիրառվել և այդ ազդակները Երևանից պետք է հնչեն որան հնարավոր է շուտ: Ինչ վերաբերում է Թուրքիայում ատոմակայանի կառուցմանը, ապա պետք է նկատի առնել, որ Ռուսաստանը պարտավորվել է ստանձնել նաև Մեծամորում նոր ԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորման կեսը, որը կազմում է մոտավորապես 2.5 մլրդ դոլար: Դրա շինարարությունը պետք է սկսեր դեռ 2011թ., ավարտվեր մոտավորապես 2016-17թթ: Սակայն առ այսօր այդ ուղղությամբ ոչ մի կոնկրետ քայլ չի կատարվել: Դժվար է ասել` արդյո՞ք դա ռուսական կողմի պատճառով է, թե՞ ոչ, բայց փաստը, որ այս տարի ԱՄՆ-ի կառավարության հետ կնքված հուշագրով Մեծամորի ներկայիս ԱԷԿ-ի շահագործումը երկարացվեց ևս 10 տարով, վկայում է, որ նոր ատոմակայանի կառուցման հեռանկարը դեռևս մնում է չափազանց անորոշ:
Մի կողմից ճիշտ է ատոմակայանի կառուցման ֆինանսավորման կեսը ռուսական կողմին թողնելու քաղաքականությունը, որովհետև ի տարբերություն Թուրքիայի` սա լինելու է Հայաստանի միակ ԱԷԿ-ը, և դրա ամբողջական ֆինանսավորումը «Ռոսատոմին» թողնելը ուղղակի Ռուսաստանից Հայաստանին էներգետիկ կախվածությունը կդարձնի ամբողջական: Բայց մյուս կողմից եթե անհրաժեշտ միջոցների մնացած մասը, որը ՀՀ կառավարությունը փորձում է ապահովել մասնավոր այլ ընկերությունների ներգրավվելու միջոցով, չճարվի, այս նախագիծը կարող է մնալ թղթի վրա: Իսկ թե արդյոք մասնավոր ընկերությունների հետաքրքրության պակասը պայմանավորված չէ ռուսական կողմից միջուկային ռեակտորի հետ մյուս դետալների համակցման պահանջը կատարելու անկարողությամբ, մնում է կռահել:
Գևորգ Դարբինյան