կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-05 12:05
Առանց Կատեգորիա

Ինչ է հնարավոր ''փոխզիջել'' Ադրբեջանին

Ինչ է հնարավոր ''փոխզիջել'' Ադրբեջանին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Պաղեստինին դիտորդ-երկրի կարգավիճակի շնորհումը ոգեւորում է հայկական կողմին: Հարցն այն է, որ այս որոշումով ՄԱԿ-ը, փաստորեն, հաստատում է Պաղեստինի ինքնորոշման իրավունքը Իսրայելի կողմից 45 տարի առաջ օկուպացված տարածքներում` Հորդանանի արեւմտյան ափին, Գազայի հատվածում եւ Արեւելյան Երուսաղեմում:

 

Բացի դրանից` Պաղեստինն արդեն իրավունք ունի դիմելու Հաագայի Միջազգային քրեական դատարան եւ մեղադրանք ներկայացնելու Իսրայելին: ԼՂՀ հարցում հայկական կողմի փաստարկումներն էլ են վերաբերվում ազգերի ինքնորոշման իրավունքին` իհարկե հաշվի առնելով նաեւ տարածքային ամբողջականությւան եւ ուժի չգործադրման սկզբունքները:

 

Սակայն ՄԱԿ-ի ԳԱ-ի հիշյալ որոշումը, որքան էլ որ ուրախալի լինի, մեծ հույսեր չի ներշնչում հայերիս, քանի որ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը էականորեն տարբերվում է ԼՂՀ հակամարտությունից: Նախ` չպետք է մոռանանք, որ Պաղեստինն ավելի քան 100 երկրների կողմից ունի ճանաչում: Այսինքն` այն, ի տարբերություն ԼՂՀ-ի, որը ոչ մեկի կողմից ճանաչված չէ, բազմաթիվ երկրների կողմից ճանաչված է: Իսկ ինչ-որ պետության ճանարումը այլ երկրի կողմից ճանաչողի համար անհատական բնույթ է կրում` յուրաքանչյուրն իր համար առանձին է ճանաչում որևէ այլ երկրի: Երբ հայտնվում է կարծիք, թե ՄԱԿ-ը ճանաչեց Պաղեստին պետությունը, դա, ըստ էության, ճիտ ձևակերպում չէ, քանի որ ՄԱԿ-ը չի ճանաչում, այլ նրա անդամ երկրները, որոնք քվեարկել են ՄԱԿ-ում Պաղեստինի կարգավիճակի բարձրացման համար: Ու այդ դեպքում, հարց է առաջանում` ինչո՞ւ Պաղեստինը չի դառնում ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

 

«Որովհետեւ ՄԱԿ-ի անվտանգության անդամ գոնե երկու երկրներ` ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիայի ՄԻացյալ Թագավորությունը, առնվազն, դեմ են: Հետևաբար, մի կողմից մեզ համար լավ է, որ ինքնորոշման հիման վրա նոր երկրներ են ի հայտ գալիս, կամ կարգավիճակ է որոշվում, բայց մյուս կողմից էլ չպետք է գերագնհատենք այս երևույթը, որովհետեւ ԼՂՀ-ն, ի տարբերություն Պաղեստինի, դեռևս ճանաչում չունի»,- նշեց նախկին դեսպան, Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 

Այս կոնֆլիկտի սկզբում, երբ ՄԱԿ-ը 1947 թվականին քվեարկությամբ որոշեց ենթամանդատային Պաղեստինի վրա ստեղծել երկու պետություն` Իսրայել և Պաղեստին, արաբական երկրները չճանաչեցին Իսրայելի գոյությունը: Եվ երբ 1948 թվականի մայիսի 18-ին հռչակվեց Իսրայելը, արաբական երկրները հարձակվեցին այս երկրի վրա` նպատակ ունենալով ոչնչացնել այն: Այսինքն` արաբների այդ գործողությունն ուղղված էր ոչ միայն Իսրայելի, այլև ՄԱԿ-ի դեմ: Այդ պատերազմի ընթացքում արաբները` մասնավորապես պաղեստինցիները, ունեցան տարածքային կորուստներ` Պաղեստինի այն հատվածը, որը հետագայում պետք է դառնար Պաղեստին պետության հիմքը, նվաճվեց Իսրայելի կողմից:

 

Եվ հիմա խնդրի էությունը կայանում է նրանում, որ պաղեստինյան իշխանությունները պետք է ճանաչեն Իսրայել երկիրի գոյության իրավունքը, որպեսզի Իսրայելն էլ ճանաչի նրանց գոյության իրավունքը: Ղարաբաղյան կոնֆլիկտի էությունն այլ է:

 

«Երբ Սովետական միությունը տրոհվեց, Ադրբեջանի ՍՍՀ-ի տարածքում, Ադրբեջանն այսօր միակ պետությունն է, որ իրեն համարում է Ադրբեջանական ՍՍՀ-ի իրավահաջորդը, որն, ըստ էության, այդպես չէ, քանի որ այդ երկու անվանումները, բացի նույնահունչությունից, տարբեր են: Ադրբեջանական ՍՍՀ-ն վարչատարածքային միավոր էր նախկին ՍՍՀՄ կազմում, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը այլ երկիր է: Հիմա երբ Ադրբեջանական ՍՍՀ-ն անկախացավ, զուգահեռաբար առաջացավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ըստ էության, արդեն մինչ այդ էլ միացել էր Հայաստանին 1991 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումով: Այսինքն` զուգահեռներ անցկացնել հնարավոր չէ, քանի որ այս երկրները ՄԱԿ-ի որոշումով չեն ստեղծվել, այլ դե ֆակտո առաջացել են»,- ներկայացրեց Արա Պապյանը:

 

Նա այս հարցում հայտնեց իր դիրքորոշումը, որը տարբերվում է պաշտոնական դիրքորոշումից: Արա Պապյանի դիրքորոշմամբ` երբ ասում ենք, որ այս հարցը պետք է դիտարկվի Հայաստան-Ադրբեջան հարթությունում, ապա վախ կա, թե այդ դեպքում ԼՂՀ-ն կդիտարկվի, որպես Հայաստանի մաս, ապա կստացվի թե մենք տարածքային հավակնություններ ունենք Ադրբեջանի նկատմամբ: Այդպես չէ` համոզված է դիվանագետը:

 

«Երբ դեռ առաջին հանրապետություններն էին առաջանում` 1918 թվականին հռչալվեցին ու 1920 թվականի հունվարին դե ֆակտո ճանաչվեցին, այդ ժամանակ էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կար տարածքային վեճ, որն ամրագրվեց Ազգերի Լիգայի կողմից: Հետո էլ Ազգերի Լիգան առաջարկեց լուծման բանաձևը: Դա 1920 թվականի փետրվարի 24-ի Ազգերի Լիգայի առաջարկ-զեկույցով էր, որով ասվում էր, որ բոլոր հայաբնակ շրջանները պետք է անցնեն հայերին, իսկ բոլոր թաթարաբնակ շրջանները` Ադրբեջանին: Եվ համապատասխան քարտեզը գծվեց, որով ոչ միայն ներկայիս Լեռնային Ղարաբաղն էր Հայաստանի մաս, այլ նաև Դաշտային Ղարաբաղը, որովհետև հայերն էին այդ ժամանակ այդտեղ մեծամասնույթուն կազմում: Դա չիրականացվեց, որովհետև երկուն երկրներն էլ բռնազավթվեցին Կարմիր Բանակի կողմից, ու հետագայում, որպես բռնազավթված տարածքներ` բռնակցված տարածքներ ՍՍՀՄ-ի մեջ, վարչատարածքային փոփոխություններ կատարվեցին, և ինչ-որ վարչական ենթակայության հարցեր լուծվեցին: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը դրվեց Բաքվի վարչական ենթակայության ներքո: Իսկ 1991 թվականին, երբ մենք էլ, իրենք էլ անկախացանք, ապա պետք է վերադառնանք այն միջազգային փաստաթղթին, որով որոշվել է այս երկու երկրների սահմանները: Ու այս դեպքում ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է մերը, այլև Դաշտային»,- նշեց Արա Պապյանը:

 

Բացի Դաշտային Ղարաբաղից, Ազգերի Լիգայի կողմից Նախիջեւանն էլ էր ճանաչվել, որպես Հայաստանի անքակտելի մաս, որը բռնակցվել էր Ադրբեջանին Երեւանի նահանգից: Այդ դեպքում, «հանուն եղբայրության եւ խաղաղության», արդեն փոխզիջում ասելով, կարելի է նաեւ նկատի ունենալ Դաշտային Ղարաբաղը, պայմանով, որ Ադրբեջանը ԼՂՀ-ն ու Նախիջեւանը Հայաստանի մաս է ճանաչում:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ