Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բժիշկներ, ճարտարագետներ, տնտեսագետներ, մանկավարժներ..., անգամ սպաներ: Պետության մտավոր կորիզը լքում է երկիրը' գերադասելով ապրել և աշխատել Ռուսաստանի ծայրամասերում: Նրանք, որքան էլ ցավալի է, ընտրում են ՀՀ-ում Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության «Հայրենակիցներ» կոչվող ծրագրով Ռուսաստան մեկնելու, այդ երկրի տարբեր ծայրամասերում մշտական բնակություն հաստատելու տարբերակը:
Ծրագիրն արդեն 6 տարի է' պետության լուռ գիտությամբ կազմակերպում է հազարավոր հայերի օրինական արտագաղթը: «Հայրենակիցներ» միգրացիոն պետական ծրագիրը 2006-ին մշակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ մասնագետների' արտերկրում բնակվող հայրենակիցների վերաբնակեցման ծրագրով Ռուսաստանը փորձում է լուծել իր ժողովրդագրական խնդիրները:
Ռուսաստանը վերաբնակիչներին հիմնականում տեղավորում է ծայրամասային բնակավայրերում, որտեղ բնակչությունը նոսր է: Ընտրվում են այն քաղաքացիների հայտերը, ովքեր համապատասխանում են «հայրենակիցներ» սահմանմանը: Ըստ այդմ' «հայրենակիցը» նա է, ով կրում է Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները, խոսում է ռուսերեն: Ցանկալի է, որ քաղաքացին ոչ թե միայնակ գնա Ռուսաստանի այս կամ այն երկրամաս, այլ ընտանիքով: Ծրագրի պահանջները բավարարող քաղաքացուն տրվում են ռուսական անձնագիր, ճանապարհածախսի փոխհատուցում, բնակության վայրում աշխատանք չունենալու դեպքում' ամսական նպաստ և այլն:
Այսօր Հայաստանից մեկնողների մասին պաշտոնական վիճակագրությունը կցկտուր թվեր է հայտնում, դրանք անհամեմատ փոքր են Գյումրիի և Երևանի միգրացիոն դաշնային ծառայություններում և դրանց մասնաճյուղերում գոյացող հերթերի համեմատ: Միայն Երևանի միգրացիոն ծառայությունում օրական 50-ից ավելի դիմում-հայտ է լրացվում:
Աշխատանքային օրվա մի առավոտ այցելեցի ՀՀ-ում ՌԴ միգրացիոն դաշնային ծառայություն: Հավաքված հոծ բազմությունը շտապում էր ներս' բաց չթողնելու ռուսական իշխանությունների մշակած «աղանդավորական սեանսը»: Ներկա լինելով այդ սեմինար-խորհրդատվությանը' առաջին հայացքից տպավորություն ստացա, թե իբր Ռուսաստանն ինձ դրախտ է ուղեկցելու, որտեղ իմ մասին հոգ են տանելու ՌԴ միգրացիոն ծառայության «պահապան հրեշտակները»: Իսկ այդ դրախտը, պարզվում է, գտնվում է Ռուսաստանի ծայրամասերում, օրինակ' Ալթայի երբեմնի աքսորավայրերում: Հավաքվածները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին: Այս հուսալքված զանգվածին արտագաղթի էին մղել սոցիալական դժվարություններն ու հանապազօրյա հացի փնտրտուքը: Նրանցից շատերը երազում էին ժամ առաջ հեռանալ երկրից:
22-ամյա Աննան առաջին անգամ էր Միգրացիոն ծառայությունում' ծրագրին մասնակցելու բուռն ցանկությամբ: Ինձ հետ զրույցում անկեղծացավ. «Հերթական անգամ հիասթափվեցի իմ երկրից. երբևիցե չէի պատկերացնի, որ այսքան շատ մարդ կտեսնեմ այստեղ»: Մասնագիտությամբ մանկաբարձ մի կին պատմեց, որ երեխաների հետ պատրաստվում է մեկնել ամուսնու մոտ. «Ես իմ մասնագիտությամբ այստեղ հազիվ եմ գոյատևում, երեխաս առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման համար ահռելի ծախսեր են հարկավոր: Այնտեղ ինչ գործ էլ լինի կանեմ, միայն թե երեխաս ապաքինվի»: Ճարտարագետ մի տղամարդ էլ նշեց, որ Հայաստանում աշխատանք դժվար է գտնել, իսկ ՌԴ-ում, հույս ունի, որ կգնահատեն իր աշխատանքը. «Քաղաքը դեռ չեմ ընտրել, բայց որտեղ էլ լինեմ' մեկ է, միայն թե աշխատանք ունենամ»:
Նորեկները հերթագրվեցին ծառայությունում, նրանց կընդունեն դեկտեմբերի վերջին, քանի որ բավականաչափ հերթ է գոյացել, իսկ այ գյումրեցի մի երիտասարդ գոհ և ուրախ դուրս եկավ ծառայությունից' գործն ստացվել էր: «Վերջապես ստացվեց, մի ամիս է գնում- գալիս էի: Մեզ մոտ' Գյումրիում, հայտը ձեռագրով սխալ էին գրել, ստիպված ձգձգվեց: Հիմա արդեն կարող եմ գնալ Կուրսկ: Ռուսաստանը հայերին նման հնարավորություն է ընձեռել, ինչո՞ւ չօգտվեմ որ»:
Համաձայնեք, որ «Հայրենակիցները» Ռուսաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման հիանալի ծրագիր է: Իսկ թե ի՞նչ հետեւանքներ կունենա այդ ծրագիրը խիստ ծերացող երկրների շարքը դասվող Հայաստանի համար, մինչ այժմ պետությանը մտահոգության առիթ չի տվել:
Մեզ հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիգ Եգանյանը «Հայրենակիցներ»-ը համեմատեց ամերիկյան «Գրին քարտ» ծրագրի հետ: «Հայրենակիցները» միգրացիոն անցանկալի երևույթ է: Այլ բան է, երբ գնում են երկրից' վերադարձի պայմանով և այլ բան, երբ այլևս չեն վերադառնում: Այն ՌԴ-ի կողմից հաստատված ծրագիր է և մեզ հետ որևէ առնչություն չունի»,- ասաց նա: Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունն այդ «անցանկալի երևույթը» կանխելու համար...
ՌԴ նախագահի կողմից հաստատված ծրագիրն օրըստօրե մաքրում է մեր երկիրը մեզանից: Նրանք, ովքեր մեր հայրենիքի անմիջական կառուցողներն են, այսուհետ դառնում են օտարի հայրենակիցը, շենացնում օտարի երկիրը: Նրանց այսօր միայն մի հարց է տանջում՝ մնա՞լ, թե՞ լքել հայրենիքը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ