Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտակ Առաքելյանը օգոստոսի 13-ին նշանածի` Շահումյան Մերիի ծննդյան օրն էր ամուսնական առաջարկություն արել աղջկան: Զույգերը որոշեցին ամուսնանալ նոյեմբերի 11-ին` 11.11.11 թվերի գեղեցիկ համընկնումը նաեւ գեղեցիկ ընտանեկան կյանքի սկիզբ համարելով: Զույգերն ուշացել էին... Բոլոր հավանական եւ ոչ հավանական տարածքները, որտեղ կարելի էր, սեղան-աթոռ դնելով, հարսանյաց հանդեսի սրահ դարձնել, վաղուց արդեն զբաղված էին:
«Հերիք չի զբաղված էին, մի հատ էլ ասում էին` մեզ 120 հոգու համար պատրաստ են վճարել 1 440 000 դրամ, տես, թե դրանից ավելի կմուծեք` համեցեք»,- զայրացած պատմում էր Արտակը` հավելելով, որ սա դեռ շարքային «օբյեկտն» էր նման գին առաջարկում. «Ախր, ռեստորան էլ չէր, ուղղակի ազատ տարածք»: Մինչ զույգն ընկած սրահ էր փնտրում, նրանց ծնողները փորձում էին հարսանեկան այլ հարցեր էլ լուծել:
Հարսանեկան երեկոն վարելու համար շատ մարդիկ են խորհուրդ տվել օգտվել իրենց ծառայությունից: «Արարատի մարզից մի տղա կար, հանդիպեցինք ու..., պարզվեց` տղան իրեն Գարիկ Մարտիրոսյանի տեղն է դրել: Ասում էր` հոպար ջան, 350 000 դրամ տուր ու տես թե ինչ եմ անում` էլ ասմունք, էլ խաղ, էլ ճոխ կենացներ, սարն գումարած նաեւ դիպլոմներ` լավագույն պարողին, կենաց ասողին ու ամենաակտիվ զույգին»,- ասում է Արտակի հայրը` Գեւորգ Առաքելյանը:
Վերջինս նշեց, որ վարողից սկսվեց եւ ավարտվեց տղայի` 11.11.11-ին ամուսնանալու ցանկությունը. «Եկա տուն ու տղայիս սկզբից գոռգոռալով, հետո համոզելով` բացատրեցի, որ երջանկությունն ամենեւին էլ կլոր թվերի մեջ չէ: Ինչու չգիտեմ ինչքան պարտք անենք, գուցե դրա փոխարեն մեկ այլ օր անենք հարսանիքը` խնայած դրամով էլ կգնան հանգստանալու»:
Արտակը չի համաձայնել, բայց հարսանիք այդպես էլ մինչեւ հիմա չի եղել, քանի որ ազատ սրահ չեն գտել:
Նախախնամությունը, թե սնահավատությունն է հոր եւ որդու մինչ այսօր ձգվող խռովության պատճառը: Ի՞նչ էր տալու զույգերին այն, որ նրանց հարսանիքի օրը ինչ-որ գլխանի 6 փայտերն են իրար կողք շարված... Բա որ զույգերի ցանկալի հարսանիքի օրը սեւ կատու անցներ նրանց կողքով, ինչ է` բաժանվելո՞ւ էին: Իսկ ինչո՞ւ մեր սնահավատության պատճառով պետք է թույլ տանք, որ բոլոր սրահները, վարողները, տարոսիկ պատրաստողներն ու դիզայներները հանկարծ մեկ օրով բարձրացնեն «իրենց գները». չէ որ առջեւում 12.12.12 կա:
Այդպես էլ չհասկացա կլոր թվեր սիրողներին, հավանաբար այն պատճառով, որ այս նյութն էլ գրելիս` ոչ լեզուս էի կծում, ոչ էլ` մատերս խաչ անում... Թու-թու-թու` հանկարծ աչքով չտամ ինձ...
Կ. Հ.