Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011թ-ի օգոստոսի 31-ին Երևանի բնակիչ Կարեն Անանյանը, տեղեկանալով, որ ունենալու է 3-րդ երեխան, ոգելիչ խմիչք է օգտագործում և հաջորդ օրը որոշում գնալ որսի: Արսեն Պեպանյանին` ավագ դստեր կնքահորը, առաջարկում է միանալ իրեն:
«Արաբկիր» մանկական զբոսայգում Կարենը մեքենայի բեռնախցիկից հանում է որսորդական հրացանը, որպեսզի ցույց տա Արսենին, սակայն այդ պահին պատահաբար կրակում է նրա վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքից անմիջապես հետո Կարենն Արսենին մեքենայով տեղափոխում է հիվանդանոց: Մի քանի օր անց Արսենն ապաքինվում և դուրս է գրվում: Այս մասին պատմում են Կարենի հարազատները և նույն ինքը` տուժողը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և Կարեն Անանյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քր-օրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քննությամբ չպարզված վիճաբանության ժամանակ դիտավորությամբ Արսեն Պեպենյանի վրա կրակելու համար: Նախաքննության ընթացքում հաստատվել է, որ Կարենն ու Արսենը միմյանց հետ գտնվել և գտնվում են ջերմ ընկերական և բարեկամական հարաբերությունների մեջ, նրանք նշել են , որ կրակոցը պատահական է եղել: Սակայն մեղադրանքի հիմքում դրվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` տուժողին պատճառվել է ծանր աստիճանի մարմնական վնասվածք և Կարենը կալանավորվել է : Եթե մեղադրանքը հաստատվի Կարենին սպառնում է 2-8 տարի ազատազրկում:
Կարենի փաստաբանը, ընտանիքի անդամները և նույնիսկ տուժողը դիմել են բոլոր պատկան մարմիններին, մինչև անգամ ՀՀ նախագահին, որպեսզի իրենց թույլատրվի ներկայացնել համապատասխան ապացույցներ, բայց ապարդյուն:
Կարենի կալանավորումից հետո ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում, նրա խնամակալության տակ են գտնվում կինը, 3 անչափահաս երեխաները, 1-ին կարգի հաշմանդամ քույրը և 2-րդ կարգի հաշմանդամ մայրը: Ընկերոջ կալանավորումից հետո տուժողն իր հնարավորության սահմաններում հոգում է նրա ընտանիքի կարիքները, սակայն ինքն էլ անչափահաս երեխաների հայր է և այլևս չի կարող միաժամանակ հոգալ երկու ընտանիքների կարիքները:
Կարենը շուրջ մեկուկես տարի է գտնվում է կալանքի տակ: Նրա ազգականների կողմից, որպես գրավ առաջարկվել է բնակարանի շուկայական արժեքի գինը, որը կազմում է 25,000,000 ՀՀ դրամ, սակայն դատարանը չի ընդունել այն:
Մեղադրյալի փաստաբան Արա Զաքարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունը հայտնեց սույն գործի քննության վերբերյալ և հավաստիացրեց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը բացահայտ ապօրինությունների վրա է հիմնվում: Դատարանը գործը քննում է ծայրահեղ միակողմանի, հրաժարվում է ընդունել և հետազոտել իրենց ներկայացրած ապացույցները, բոլոր ենթադրությունները մեկնաբանում ի վնաս Կարենի և այլն:
Ավելին, նա նշեց, որ գործն արդեն 130 օր է դատավորի պատճառով չի քննվել: Փաստաբանը հայտնեց, որ երբ դատարանին հայտնել է ընտանիքի անդամների սոցիալական ծանր վիճակի մասին, դատավորն առաջարկել է երեխաներին մանկատուն տանել, իսկ հաշմանդամ քրոջն ու մորը` ծերանոց: Դատավորի առաջարկը ոչ միայն բարկացրել է Կարենի փաստաբանին, այլև Կարենի Կնոջը `Նելլին, ով հույս ունի իր երկրում հասնել արդարության: