կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 13:06
Առանց Կատեգորիա

Չքավորություն` շքեղության մեջ

Չքավորություն` շքեղության մեջ

Կոտայքի մարզում գտնվող Ձորաղբյուրը Երևանին ամենամոտ համայնքներից է. քաղաքից հեռու է ընդամենը 20 կիլոմետրով, բայց քաղաքի շունչ անգամ չկա: Համայնքը երկու մասի է բաժանված` գյուղն ու ամառանոցները: 2300 բնակչություն ունեցող գյուղում գործում է դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, գրադարան: Աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները` անբարենպաստ:

 

«Էն ամառվա շոգին էլ իրիկունները տաք ենք հագնվում, ցուրտ ա»,- ասում է գյուղացի Վանիկն ու հավելում, որ իրենց բախտը ոչ մի տեսակետից չի բերել: «Գիտե՞ս, տղա' ջան, էդ կողքը դաչաներ են, նորմալ էլ սարքում են, սաղ հարուստներ են, տենաս տները` քեֆդ կգա: Բա ո՞նց կարա էդքան հարստության կողքին էսքան խեղճություն լինի»,- իր հերթին բողոքում է տիկին Սուսաննան:

 

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ եւ պտղաբուծությամբ, որը, սակայն, չնչին եկամուտ է ապահովում ոռոգման ջուր չունենալու պատճառով: Ոչ միայն ոռոգման, այլեւ խմելու ջրի հարցը գյուղում լուծված չէ: Խմելու ջրի ներքին ցանցի 70% -ը անմխիթար վիճակում է: Իսկ ամառանոցներում ընդհանրապես խմելու ջուր չկա, յուրաքանչյուրն իր համար ջրհոր է փորել, խմելու ջուրն էլ` գնում են:

 

«Գյուղի մեծ մասը սրա-նրա դաչաներում են աշխատում. ուրիշ գործ չկա, ի՞նչ անենք, սոված մնա՞նք»,- ասում են գյուղացիները:

 

Թեեւ ամառանոցներում մեծ մասամբ բնակվում են ունևոր ընտանիքներ, սակայն դա բնավ չի նշանակում, թե Ձորաղբյուրի այս մասում խնդիրներ չկան: Այստեղ ոչ միայն «սեզոնային» բնակվողներն են, այլեւ մարդիկ, որոնք ապրում են մշտապես: Ամառանոցների մասում մինչեւ վերջերս խանութներ գրեթե չկային, միայն մեկ-երկու փոքրիկ կրպակ` մթերքի սահմանափակ տեսականիով: Ընդամենը վերջերս են «փոքրիկ սուպերմարկետ» բացել, այն էլ` մայրուղու վրա, եւ բնակիչները ստիպված են հսկայական ճանապարհ կտրել խանութ իջնելու համար:

 

«Մարդիկ որ գալիս են դաչա, մի քանի օրվա սնունդ են քաղաքից բերում, էլ ո՞ւմ ա պետք խանութը: Իսկ մենք մի հատ հաց առնելու համար կիլոմետրերով քայլում ենք»,- ասում է Գրիգոր պապն ու դժգոհություն հայտնում մեկ այլ խնդրի կապակցությամբ. «Եթե մեկը մեռնի, դեղատուն չկա, որ մի դեղ առնեն»:

 

Ձորաղբյուրի փողոցներն անբարեկարգ են: Գյուղացիների խոսքերով` համայնքի ղեկավարությունը փողոցները անտեր է թողել` հույս ունենալով, թե յուրաքանչյուր դաչա սարքող գոնե իր հարակից փողոցը բարեկարգի: Մայրաքաղաք Երեւանին մոտ լինելը հնարավորություն է տալիս համայնքի մասնագետներին աշխատանք փնտրել այստեղ: Սակայն գնալ-գալու խնդիրներն ամենամեծն են: Տարիներ ի վեր Ձորաղբյուրում գործում էր մի երթուղի` երկու «ԳԱԶել»-ով: Դրանք ամառանոցների տարբեր փողոցներից մարդիկ էին հավաքում եւ բերում Երեւան` մինչեւ Նոր Նորքի շուկան: Ուղեւորափոխադրում էր իրականացնում ժամը մեկ:

 

2010 թվականի սեպտեմբերի 10-ին Երեւան (Աշխատանքի հրապարակ) – Ջրվեժ - գյուղ Ձորաղբյուրի ամառանոցներ-Երեւան երթուղին սպասարկելու մրցույթում շահեց «Լյոնարտ» ՍՊԸ-ն` թիվ 296 երթուղով: Սա միակ գիծն էր, որ քաղաքացիներին հասցնում էր ամառանոցներ: Սակայն կարճ ժամանակ գործելուց հետո գիծը չաշխատեց, չնայած որ մրցույթը շահել էր 6 տարով: Այնուհետեւ 296-ին փոխարինեց 264 միկրոավտոբուսը` արդեն 200 դրամով: Սա եւս չաշխատեց երկար ժամանակ: Հիմա երթուղային չի աշխատում:

 

Թեեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունը խոստացել էր խնդիրը կարգավորել, սակայն ցայսօր մնում է չկարգավորված: Ըստ գյուղացիների` որոշ մարդիկ աչք տնկեցին այդ գծի վրա` մտածելով, թե միլիոններ են աշխատում: «Գիծը ձեռներից առան, վայ թե դեպուտատ էր, թազա գիծ բացեց, 10 օր հետո էլ մարշրուտկեքը հավաքեց-գնաց: Էլ իզը-թոզը չկա»,- պատմեց Լեւոն Սարգսյանը, ով ամեն առավոտ Երեւանում աշխատանքի է գալիս:

 

Ամառանոցներում բնակվողները ստիպված են երկար ճանապարհ կտրել-հասնել մայրուղի, որտեղով յուրաքանչյուր ժամը մեկ անցնում է 111Ա միկրոավտոբուսը: «Առավոտյան ժամերին հնարավոր չէ կանգնելու տեղ գոնե գտնել, մի րոպե էլ ուշացար` պիտի մի ժամ էլ սպասես, որ հաջորդ լիքը մարշրուտնին գա»,- դժգոհում էին ամառանոցների բնակիչները: Աշխատում է նաեւ 52 համարի երթուղին` դարձյալ գալով գյուղերից ու հասնելով մինչեւ Ջրվեժ:

 

Ամառանոցներում դպրոց չկա, երեխաները կա'մ գյուղի դպրոց են հաճախում, կա'մ էլ` Երեւան: Սակայն տրանսպորտի խնդիրը ստիպել է որոշ մարդկանց վաճառել ամառանոցն ու վարձով ապրել կամ տուն գնել Երեւանում: Մյուսներն էլ այնքան են կանգնում փողոցում, մինչեւ մի խղճով վարորդ կանգնի ու իրենց հասցնի Ջրվեժ: Գիծը շահութաբեր չէ, նախարարության հայտարարած մրցույթին չեն մասնակցում. ահա երթուղային չլինելու պաշտոնական բացատրությունը:

 

Ձորաղբյուրը համարվում է երեւանցիների համար ամառանոց կառուցելու կամ գնելու լավագույն վայր: Այստեղ, առավել քան որեւէ տեղ, կարելի է հանդիպել «Վաճառվում է» գրության: Հիմնականում վաճառվում են փոքրիկ ու հին տները. «Բա ի՞նչ անեմ, որ չվաճառեմ: Ամոթ էլ ա էդ «էլիտարի» կողքին իմ ապրելը»,- ափսոսանքով ասաց Ալիկ Հարությունյանը, ով տան կողքի էլեկտրասյանը փակցրել էր «Վաճառվում է» գրությունը:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ