Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կաթողիկոս Գարեգին 2-րդի ծննդյան օրը արժեւորեց հետեւյալ նախադասությամբ. «Հայաստանը հոգեւոր վերելք է ապրում»: Մի քանի օր հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում ԵԺԿ քաղաքական ասամբլեայի նիստում հայտարարեց բառացիորեն հակառակի մասին. «Ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»:
Իր ղեկավարած երկրում ի՞նչ հոգեւոր վերելք է տեսել Սերժ Սարգսյանը, ընդհանրապես, որտե՞ղ է նրա իմացած Հայաստանը: Վերջին 20 տարում քանի՞ անգամ է հայ մայրն իր տանը բացել Աստվածաշունչը, միաժամանակ սպանել երկու փոքրահասակ որդիներին: Քանի՞ անգամ են տղամարդիկ տատիկ բռնաբարել: Ո՞րն է հոգեւոր վերելքի սանդղակը, ո՞ր կետից է վերելքը հոգեւոր, ո՞ր կետից է այդ վերելքին նայում երկրի ղեկավարը: Փորձենք հասկանալ:
Ովքե՞ր են երկրից արտագաղթողները, երբ վերելք կա: Ովքե՞ր են կուսակցական ստրկամիտները: Մի քանի ամիս առաջ Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի պատուհաններին ՀՀԿ դրոշներն էին կախել: Այս փաստը հոգեւոր վերելքի ո՞ր սանդղակում է: Զինակոչիկը փոխգնդապետին փող է տալիս «խարոշի» զորամաս ընկնելու համար, զոհված զինծառայողների սպանության բացահայտման համար պայքարող միտինգավորը ոստիկանապետի երեսին շպրտում է. «Անասուն»: Լոռու մարզպետը Թեղուտի հանքերի շահագործման մասին խոսելով ի լուր Հայատանի ասում է. «Ցավոք, ծառերը պիտի կտրվեն (հանքերը շահագործելու համար-Ս.Հ)»: Պարզ չէ՞, որ մարզպետն իրեն իր հողի զավակը չի զգում: Դրա համար է մայրն իր որդիներին սպանում Աստվածաշունչը բացած:
Այս ամենից բացի, դու` երկրի ղեկավարդ, ազատականացրել ես դավանանքը այս երկրում, մարդն ինքն է որոշում` հավատակցել Կյանքի խոսքի՞ն, Եհովայի վկաների՞ն, Հիսունականների՞ն, թե մնա հայ քրիստոնյա: Խղճի եւ դավանանքի օրենքի առկայությամբ ո՞վ է ձեզ խորհուրդ տվել այդ բառերն ասել կաթողիկոսի ծննդյան եւ գահակալության օրվա շրջանակներում: Դուք տեղյա՞կ եք, որ կենսաբանների, ֆիզիկոսների եւ մաթեմատիկոսների զգալի մասը աթեիստ է: Հոգեւոր վերելքի մեջ որտե՞ղ տեղավորենք նրանց: Դուք վերեւում եք եւ ավելի լավ կտեսնեք` որտե՞ղ է հոգեւոր վերելքի ճակատը` բարձրաստիճան հոգեւորականին նվիրած ատրճանակի մե՞ջ:
Իսկ ի՞նչ է ասում վարչապետը` կա ճեղքվածք հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ: Ի՞նչն է հայտարարագրված արժեք` օլիգոպոլիաների դեմ պայքարը: Ի՞նչ է իրականությունը` թեթեւացնել օլիգարխների կյանքը: Ո՞վ է այսօր այս ճեղքվածքի գլխին. բնականաբար երկրի նախագահը եւ վարչապետը: Իսկ ու՞մ է հայտնի` մի քանի օր առաջ ինչի՞ մասին էր խոսում հասարակությունը, ու՞մ էր դարձրել թեմա, այն էլ ոչ հոգեւոր բնույթի` եկեղեցուն: Պատճառը կառավարության որոշումով եկեղեցուն հատկացված գույքի խայտաբղետությունն էր: Հասարակությունը փնտրում էր որոշման հոգեւոր հենքը: Ես այն գտա բոլորովին ուրիշ տեղ: Համացանցում փնտրում էի նորանշանակ ոստիկանապետի կենսագրությունը: Պարզեցի, որ մեր ամենահավատացյալ բարձրաստիճան այրն է: Ուրիշ մեկին չգիտեմ: Ահա նրա հոգեւոր բնույթի խոսքերից մեկը` ուղղված բանակում որդի կորցրած մորը, ասված այս տարվա սեպտեմբերի 8-ին դեռեւս պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում. «Արյուն լափողի զավակը թող արյուն լափի եւ դրանք քողարկողի զավակը թող արյուն լափի»:
Աստվածաշնչյան կառուցվածքի միտք է, խոսք չկա:
Սեյրան Հանոյան