կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 13:15
Աշխարհ

Ծանրագույն խնդիրներից դեպի գազաֆիկացում, նոր ձեռնարկություններ ու ճանապարհներ. Արագածոտնի մարզի վերելքը՝ Ռ. Քոչարյանի օրոք

Ծանրագույն խնդիրներից դեպի գազաֆիկացում, նոր ձեռնարկություններ ու ճանապարհներ. Արագածոտնի մարզի վերելքը՝  Ռ. Քոչարյանի օրոք

ՄՏՈՐՈԻՄՆԵՐ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԱՅՑԵԼԵԼԻՍ

Այսօր՝ հունիսի 10-ին, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպումների շարքը Արագածոտնի մարզում առիթ տվեց վերհիշելու 1998-ից 2003թ․ այդ մարզում իմ՝ մարզպետ աշխատած տարիներին Ռ․ Քոչարյանի ղեկավարությամբ կատարված գործերը։ 1998-ի կեսերին ծանր էր իրավիճակը։ Ամիսներով կուտակված թոշակների, ուսուցիչների չնչին աշխատավարձի պարտքերը ժողովրդի մոտ խորը դժգոհություն էին առաջացրել․ մարդիկ իրավամբ դիմում էին մարզպետարան՝ խմբերով, և ընդվզում, խաղողի մթերում գրեթե չկար, և հաճախ խաղողագործները, որպես բողոքի նշան, բերքը բերում էին մարզպետարանի շենքի մոտ՝ պահանջելով կազմակերպել մթերում, խմելու, ոռոգման ջրի լուրջ խնդիրներ կային, և ժողովուրդն ընդվզում էր՝ հաճախ փակելով փողոցներ ու ճանապարհներ․․․

Ընդամենը կես տարի էլ չպահանջվեց ոչ միայն թոշակների և աշխատավարձների կուտակված պարտքերը փակելու համար, այլև դրանք անընդհատ բարձրացվեցին, կարճ ժամանակում կարգավորվեց մթերման հարցը՝ ստեղծվեցին նոր մթերող ձեռնարկություններ։ Շուրջ 35-ից ավելի գյուղերում, որտեղ նույնիսկ կոմունիստների ժամանակ խմելու ջուր չէր եղել, և ժողովուրդը դրամով էր գնում ջուրը, կառուցվեցին նոր ջրագծեր, ոռոգման նոր ցանցեր, որոնց շնորհիվ մարզում հսկայական տարածքներ դարձան ոռոգելի․ ընդ որում՝ այս ծրագրերն ավելի հաճախ իրականացվում էին տարբեր միջազգային հիմնադրամների միջոցներով։ Գրեթե երկու տարվա ընթացքում գազաֆիկացվեցին Արագածոտնի մարզի բնակավայրերը, ամբողջովին վերականգնվեց մարզի աղետի գոտու բնակֆոնդը /մարզի 40 տոկոսը աղետի գոտում էր/, կառուցվեցին բազմաբնակարան շենքեր նաև սոցիալական նպատակներով /Աշտարակ, Ծաղկահովիտ, Թալին/, գյուղերում որտեղ դպրոցներ չկային, զրոյից կառուցվեցին դպրոցներ, 50-ից ավելի մշակույթի տներ և կրթօջախներ կապիտալ վերանորոգվեցին, կառուցվեցին բժշկական բազմաթիվ ամբուլատորիաներ և այլն։

Մարզում, աշխատատեղերի ստեղծման առումով, կարևոր էր Թալինում ադամանդի վերամշակման արտադրամասի /շուրջ 500 աշխատատեղով/, մարզի քաղաքներում գորգագործական արտադրամասերի, մթերող և մթերքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը և այլն։

Ճանապարհաշինության առումով՝ բացառիկ նշանակություն ուներ Աշտարակը շրջանցող մեծ կամուրջի շինարարությունը, Թալին-Երևան, Ծաղկահովիտ-Արթիկ և այլ՝ նոր որակի ճանապարհների շահագործումը։

Այս և նման գործերը հաստատված էին մարզի զարգացման հստակ ծրագրով և գտնվում էին նախագահ Ռ․ Քոչարյանի խիստ հսկողության տակ։ Բացի նրանից, որ մարզպետն ամիսը մեկ զեկուցում էր նրան ընթացքի մասին, համարյա ամենօրյա ռեժիմով նախագահի օգնական Արմեն Գևորգյանն անընդհատ կապի մեջ էր և հետաքրքրվում էր ծրագրի իրականացման ընթացքով, լուծում առաջացած ընթացիկ հարցերն ու խնդիրները։

2000 թ․-ին Արագածոտնի մարզը փոխհամագործակցության պայմանագիր կնքեց ՌԴ Լենինգրադի մարզի հետ։ Ռ․ Քոչարյանն ընդունեց մարզի պատվիրակությանը և խրախուսեց այդպիսի հորիզոնական կապերի ստեղծումը հատկապես առևտրատնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում։ Ցավոք, տարիներ շարունակ նման կապերը սառեցվեցին 2018 թ․-ից մեզ հայտնի սուբյեկտիվ պատճառներով, ինչպես ՌԴ Արխանգելսկի և Վայոց ձորի, ՌԴ Վոլոգդայի և Արմավիրի և այլ փոխհամագործակցությունները ՌԴ-ի և ՀՀ մարզերի միջև։ Օրինակ՝ Լենինգրադի նահանգապետ Դրոզդենկոն 2019 թ․-ին հայտարարեց, որ քանի դեռ Արագածոտնի մարզպետն է մի մարդ, որն անարգել է ՌԴ դրոշը ՌԴ դեսպանատան մոտ սորոսական բողոքի ցույցի ժամանակ, ինքը չի շարունակի փոխհամագործակցությունն այդ մարդու հետ։ Այս օրինակը ևս մի ապացույց է ՀՀ և ՌԴ «ջերմ» հարաբերությունների մասին ՀՀ ներկա իշխանությունների ստահոդ հայտարարությունների։ Վստահ եմ, որ ժողովրդի հիշողությունը կարճ չէ, և նա հունիսի 20-ին ըստ արժանիքների կգնահատի այն քաղաքական դաշինքին և նրա ղեկավարին, որն իր ունեցած վաստակով ու նվիրումով ներշնչում է հավատ, որ ապագայում ավելի մեծ թափով և բազմապատկված ուժերով կունենանք նորանոր ձեռքբերումներ Արագածոտնի մարզի և մեր ժողովրդի համար։

Հրայր Կարապետյան

Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀ արտակարգ դեսպանորդ