Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարվա մարտին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնեց Բելգիա, մենք կատակում էինք, թե նա այնտեղ ուսումնասիրելու է առանց կառավարության գոյատեւելու, տնտեսական աճ գրանցելու հնարավորությունները:
Հիշեցնենք. շուրջ մեկ տարի` Բելգիան աճում ու զարգանում է գործադիր մարմին` կառավարություն չունենալով, մինչդեռ Հայաստանում կառավարություն կա, բայց դրա գործունեության արդյունքները չեն երեւում: Սա կատակ էր, բայց ոչ առանց հիմքի։
Հրաժարականներով հարուստ այս օրերին շատերն են ուզում հասկանալ` ինչի՞ համար են նախարարությունները, ինչո՞ւ են նրանք հսկայական աշխատավարձեր ստանում` չկատարելով իրենց գործը։
Դեռ ամիսներ առաջ վարչապետի եւ մեր գործընկեր Արթուր Կիրակոսյանի միջեւ այսպիսի մի երկխոսություն տեղի ունեցավ:
- Ընդհանուր առմամբ, որոշում կայացնել՝ առանց հաշվի առնելու բոլոր հնարավոր հետեւանքները. այս գործելակերպը դեռ որքա՞ն պետք է շարունակվի,- հարցրել էր Ա. Կիրակոսյանը։
- Ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ։ Որ դժգոհություններ կան՝ ակնհայտ է, եւ ցանկացած փոփոխություն, որ իրականացրել ենք, ենթադրում է մարդկանց վարքագծի ստիպողաբար փոփոխություն, իսկ նրանք հակտված չեն այդ փոփոխությանը,- հնչել էր պատասխանը։
Տիգրան Սարգսյանը համաձայն չէր մեր գործընկերոջ հետ, թեեւ մի քանի օր հետո չառարկեց, երբ նույն դիտողությունն արեց նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչ- որ բան փոխելիս՝ հարցին նայեք բոլոր կողմերից, ինչ-որ բան փոխելիս՝ ամենից կարեւորն անթերի օրենք, որոշում ձեւակերպելը չէ: Ամենից կարեւորն այն է, որպեսզի փոփոխություն առաջարկողը կարողանա ավելացնել, թե ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու այն տարբեր մարդկանց վրա: Եթե մենք չկարողանանք դա անել, մենք ղեկավարելու ենք միայն բարի ցանկություններով»,- ասել էր նախագահը։
Արժեչափերը պարտադիր են բոլորի համար։ Շարքային քաղաքացու համար պարտադիր են օրենքի նկատմամբ հարգանքը, կառավարական որոշումների կատարումը, որոնց կայացման համար քաղաքացին լիազորել է տարբեր պաշտոնյաների՝ նախարարից մինչեւ գրասենյակային գործավար։ Բայց արժեչափերը գործում են բոլորի, այդ թվում` նախարարների եւ նախարարությունների պաշտոնյաների համար։ Պետք է մեր գործադիրն աշխատի այնպես, որ նրա ընդունած որոշումից հետո կառավարության շենքի մոտ բողոքավորներ չհավաքվեն: Բողոքներից, դժգոհություններից ու կարեւորը՝ իրավացի ու հիմնավորված ընդդիմությունից հետո, իհարկե, կառավարությունը կարող է փոխել իր իսկ որոշումը։ Օրինակների պակաս անցնող տարիներին չկա։ Փաստեր՝ որքան ասեք։
Ամենաթարմ օրինակը վերջին շաբաթներին արծարծվող` Թռչկանի ջրվեժի խնդիրն էր։ Կառավարության նիստում վարչապետը տեղեկացրեց, որ «բնապահպանության նախարարությունը, ՀՀ նախագահի հանձնարարականով, կայացրել է որոշումներ, որոնցով այդ ռիսկերը չեզոքացվել են»։
Սակայն ինչո՞ւ պետք է մեր երկրի բնապահպանության եւ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվելու համար ստեղծված նախարարությունը հանգիստ հետեւեր դեպքերի ընթացքին ու նոր միայն այլ որոշումներ կայացներ։ Բնությունով անհանգստանում էր ոչ թե բնապահպանության նախարարությունը, այլ երիտասարդների մի խումբ։ Թող նրանց էլ վստահվի այդ գործը։
Ամիսներ առաջ նախագահի նստավայրի դիմաց ցույց էին անում հղի կանայք` բողոքելով կառավարության մեկ այլ որոշման դեմ։ Երկար բոողոքներից հետո որոշումն, ի վերջո, փոխվեց։ Այդ դեպքում` ինչո՞ւ է պետք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, եթե նրանք մարդկանց ընկերային իրավունքները չեն պաշտպանում ֆինանսների նախարարությունից։ Փոխարենը` դա անում են հղի կանայք։ Այդ ոլորտն էլ գուցե վստահվի հղիների՞ն:
ԱՊՊԱ-ի հարցով կայացրած որոշումը մյուս օրինակն է, երբ բողոքներից հետո կարգի գործադրումը հետաձգվեց։ Ինչո՞ւ որոշեցին եւ ինչո՞ւ հետաձգեցին։
Օտարալեզու դպրոցների մասին կրթության նախարարության նախաձեռնությունը մեծ աղմուկ բարձրացրեց, եղան քննարկումներ, ելույթներ։ Արդյունքում նախարարությունը գրեթե ամբողջությամբ վերանայեց իր նախաձեռնությունը։ Եթե կա պաշտպանության նախարարություն, ռազմական ոստիկանություն, զինվորական դատախազություն` հսկայական աշխատակազմերով, մեծամեծ աստղերով ու շքեղ մեքենաներով, որոնք պետք է ծառայեն մեր բանակի մարտունակությունն ու կարգապահությունը բարձրացնելու եւ ամրապնդելու գործին, ապա ինչո՞ւ պետք է բանակում տեղի ունեցած խախտումների մասին ահազանգի առանձին մի խումբ, թեկուզ նրանք կրեն «Չենք լռելու» անունը։ Գգուցե նրանք էլ դառնան ռազմական դատախազություն կամ ոստիկանությո՞ւն։
Հարց է առաջանում. որքա՞ն նյութական միջոցներ են ծախսվում անիմաստ։ Քանի տոննա թուղթ է մրոտվում, էլեկտրաէներգիա օգտագործվում, աշխատավարձ ու խորհրդատվական հոնորարներ վճարվում հազար ու մի պաշտոնյայի, որ հետո էլ կառավարությունն ընդունի, որ հասարակական անհանգստությունը տեղին է եւ վերանայի իր որոշումները։ Գուցե դրա համար այդ ոլորտները պետք է վստահել սրտացավ այդ խմբերի՞ն, ու արդյունքում խնայվեն հսկայական միջոցնե՞ր։ Միջոցներ, որոնք գոյանում են նաեւ նույն այդ բողոքող, ցույց անող, ընդդիմացող, հասարակական խնդիրներ վեր հանող մարդկանց հարկային մուտքերից։ Այս դեպքում ինչպե՞ս չհիշել Բելգիայի փորձը։ Երկիր, որը մնաց առանց կառավարության ու կարծես թե վատ չապրեց։
Հայաստանի Հանրապետության հարկատու, պետական բյուջեին ամսական 35942 դրամ վճարող`
Գեղամ Մանուկյան