կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-31 17:17
Տնտեսական

Հարկային բարեփոխումների օգուտն ու վնասը

Հարկային բարեփոխումների օգուտն ու վնասը

Կառավարությունը ներկայացրել է հարկային դաշտում մի շարք բարեփոխումներ կատարելու փաթեթ, որի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

 

«Մենք կարծում ենք, որ ցանկացած հարկային խստացում, փոփոխություն չի կարելի ընդունել տարին սկսելուց մեկ ամիս կամ մի քանի օր առաջ, դրա համար կես տարի  է պետք, որպեսզի տնտեսվարողները կարողանան ադապտացվել հարկային նոր փոփոխություններին»,- ասաց նա:

 

Այս փաթեթի բարեփոխումներից մեկը վերաբերում է սոցիալական վճարների չափերին. այժմ ամսական գանձվում է նվազագույնը 7000 դրամ, նախատեսվում է, որ այն կբարձրացվի մինչեւ 9000 դրամ: Վ. Սաֆարյանի խոսքերով` այս փոփոխությունը լարվածություն կառաջացնի տնտեսվարողների շրջանում. «Սա դրական միտումներ կարող է ունենալ, բայց քանի որ տնտեսվարողները պատրաստ չեն լինի դրա իրականացմանը, կարող է որոշակի դժգոհություններ առաջացնել եւ հանգեցնել ստվերային մոտեցումների»:

 

Փոփոխություններ են լինելու ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դեպքում. նախատեսվում է, որ տեղական արտադրանքի եւ ներկրվող նույն ապրանքների դեպքում այս հարկը հավասարեցվելու է:

 

Վ. Սաֆարյանն ասաց, որ կառավարությունն այս փոփոխությունը բացատրում է նրանով, որ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ այս ինստիտուտը պահանջում է հավասար պայմաններ ստեղծել ԱՀԿ անդամ երկրների արտադրողների համար:

 

Սակայն այստեղ կան որոշ խրթին պահեր: «Մենք պետք է հնարավորինս լավ պայմաններ ստեղծենք տեղական արտադրողի համար, որպեսզի տեղական արտադրանքի ծավալները մեծանան, աշխատատեղեր ունենանք եւ ավելի մատչելի գին լինի»,- նշեց Վ. Սաֆարյանը` հավելելով, որ նման հարկային քաղաքականությունն անմիջականորեն ազդելու է բնակչության եկամուտների վրա. «Վճարողը լինելու է բնակիչը: Չեմ կարծում, որ որեւէ գործատու իր շահույթների հաշվին ապրանքի գինը նույնը կպահի»:

 

Կիրառվելու է նաեւ նոր հարկատեսակ` շքեղության հարկ: Երեք տարվա թարմություն ունեցող ավտոմեքենաների ներկրման դեպքում հավելյալ տուրք պետք է վճարվի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 5000 դրամ: Հավելյալ հարկ են վճարելու նաեւ մեծ տարածքներ ունեցող առեւտրի կետերը, խոսքը, մասնավորապես, վերաբերում է սուպերմարկետներին: 

 

Բարեփոխումների շրջանակներում մեծացվելու է նաեւ պատժամիջոցների չափը: Եթե այժմ խախտումների դեպքում գանձվում է 150 հազար դրամ, ապա այն կրկնակի ավելացվելու է, իսկ եթե տնտեսվարողը խախտումն անի երկրորդ անգամ, ապա կվճարի 600 հազար դրամ:

 

«Ենթադրենք, որ մեկն իր կրպակում միայն սիգարետ է վաճառում, եւ տարեկան եկամուտը կարող է 600 հազար դրամ էլ չլինել, բայց նրան հենց այդքան տուգանեն: Սա կհանգեցնի նրան, որ փոքր ձեռնարկություններն իրենց անփութության պատճառով զրկվեն տնտեսական գործառույթներ իրականացնելուց»,- ասաց Վ. Սաֆարյանը:

 

Բացի այդ` պահանջվելու է, որ անհատ ձեռներեցներն էլ ունենան հաշվապահական հաշվառումներ, քանի որ 3 միլիոն դրամից ավելի չեն կարողանա կանխիկ գործողություններ կատարել:

 

Հանքարդյունաբերական ապրանքների արտահանման դեպքում գործելու են մաքսային տոկոսադրույքներ` 10 տոկոս: Վ. Սաֆարյանի խոսքերով` սա կարող է հանգեցնել արտահանման ծավալների կրճատման: