Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՊՀ երկրների միասնական մաքսային համակարգին միանալը Հայաստանի համար կարող է ունենալ թե' դրական, թե' բացասական կողմեր: Ներկայումս մաքսային այդ միությանն անդամակցում են Բելառուսը, Ղազախստանը եւ Ռուսաստանը, սպասվում է, որ կմիանան նաեւ Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, թե նախեւառաջ Հայաստանի համար խնդիր կարող է լինել այն է, որ ընդհանուր մաքսային սահման չկա Ռուսաստանի եւ միությանն անդամակցող մյուս պետությունների հետ:
«Մաքսային միությանն անդամակցելու առավելություններից մեկն այն է, որ կրճատվում են տրանսպորտային ծախսերը: Եվ այս դեպքում, բնականաբար, դա մեզ վրա ազդեցություն չի ունենա»,- ասաց տնտեսագետը:
Ոչ դրական կողմերից նա նշեց նաեւ այն, որ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ է եւ ներպետական բոլոր օերնքներն ու իրավական նորմերը համապատասխանեցված են ԱՀԿ պահանջներին: Իսկ Բելառուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանը չեն անդամակցում ԱՀԿ-ին, եւ այս պետությունների մաքսային օրենսդրության հիմքում ռուսաստանյան քաղաքականությունն է:
Այս դեպքում բնական է, որ Հայաստանի` մաքսային քաղաքականության փոփոխությունը պետք է կատարվի այնպես, որպեսզի միաժամանակ չխախտվեն ԱՀԿ պահանջները: Սա հնարավոր է անել, սակայն դրա համար կպահանջվեն հավելյալ ռեսուրսներ:
Մաքսային համակարգի միասնականացումը եւ ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ունեն նաեւ դրական կողմեր. որոշ տնտեսագետներ կարծում են, որ դա հանգեցնում է տնտեսական աճի, բնակչության կենսամակարդակի բարձրացման, սակայն, Հ. Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի դեպքում պետք է լրջորեն քննարկել հարցը` հաշվի առնելով ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական շահը. «Մաքսային միությանն անդամակցելով` մենք պետք է հստակորեն հաշվարկենք, թե դա որքանով կնպաստի մեր արտադրողների շահերին: Չէ՞ որ մաքսային գոտի ստեղծելը ենթադրում է ներկրման ծավալների ավելացում: Արդյո՞ք մեր արտադրողները պատրաստ են մրցել, օրինակ, ռուսական կաթնամթերք արտադրողների հետ»:
Տնտեսագետը նշեց նաեւ, որ դեռեւս պետք է սպասել: Հայաստանը վերոնշյալ երեք պետությունների հետ ունի բավարար պայմանագրեր, որոնք կարող են խթանել առեւտրատնտեսական հարաբերությունները: