Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Ուզում եմ նախազգուշացնել նրանց, ովքեր տարածում են լուրեր մեր կուսակցության մասին. Հանրապետական կուսակցությունը երկրի ամենաազդեցիկ ուժն է, որը կարող է ապագայում էլ ձեւավորել քաղաքական դաշտի միջուկը: Ուստի նրանք, ովքեր կհամագործակցեն մեր կուսակցության հետ, կհաղթեն դրանից, ով չի ցանկանա, կմնա կոտրած տաշտակի առջեւ»,- ԱԺ-ում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Կոտրած տաշտակի» ակնարկը ոչ թե նախազգուշացում էր կոալիցիոն գործընկերներին և առհասարակ քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին, այլ սպառնալիք` բառի բուն իմաստով: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը բացահայտ կերպով խոսում է խորհրդարանում և քաղաքական դաշտում ՀՀԿ դիրքերի ամրապնդման մասին` հատուկ նշելով. «Մենք համախմբված ենք Հայաստանի նախագահի շուրջ եւ մտադիր ենք ավելացնել մեր քաշը քաղաքական ասպարեզում, ոչ թե գործընկերների հաշվին, այլ մեր հեղինակության բարձրացման հաշվին»:
Այսպիսով, վարչապետը թափանցիկ կերպով հասկացնում է, որ ՀՀԿ-ն և նրան սատարող շրջանակներն իրենց քաշն ավելացնելու են բոլոր այն ուժերի հաշվին, որոնք ՀՀԿ-ին հակադրումն ու մրցակցությունը կնախընտրեն նրա հետ գործընկերությունից և ի սկզբանե չեն հայտարարի, որ նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը: Այս հայտարարությունն այլ կերպ, քան ծավալապաշտական, ուղղակի հնարավոր չէ որակել: Որովետև չնայած մրցակիցների հաշվին քաղաքական կշռի մեծացումը առողջ պայքարի տրամաբանությունն է, սակայն տվյալ դեպքում խոսքը իշխանություն ունեցող կուսակցության կողմից ուժի դիրքերից խոսելու, «մկաններե ցույց տալու մասին է»: Սա ակնհայտորեն «մեզ հետ չես, ուրեմն` մեր դեմ ես» հայտնի սկզբունքի կիրառումն է, որի սկզբնավորողը եղավ ՀՀՇ-ական իշխանությունը: Իսկ արդեն ընդդիմադիր դաշում նա վերահաստատեց այդ մոտեցումն իր առաջնորդի հայտնի արտահայտությամբ՝ «ով մեզ հետ չի, թշնամի է և տականք»:
Եվ այս սկզբունքը նորից շրջանառության մեջ է դնում մի անձնավորություն, ով դեռ ոչ վաղ անցյալում խոսում էր քաղաքական և հասարակական հանդուրժողականության մասին՝ փաստորեն իր մոտեցումներով նույնանալով այսօրվա իր օպոնենտ «արմատականների» հետ: Ակնհայտ է, որ այս հայտարարություններն արվեցին ՀՀԿ-ԲՀԿ ներկայիս անորոշ հարաբերությունների վերջնական հստակեցման համատեքստում: Նման կոշտ, «կամ-կամ»-ի սպառնալիքը, սակայն, երկու բան է նշանակում:
Առաջին, քաղաքական դաշտը թևակոխում է իսկապես վերջնական հստակեցումների շրջափուլ, և որ առաջիկայում այս ուղղությամբ այնպիսի հարցեր են լուծելու, որոնք քաղաքական վերաձևումների իմաստով կարող են հետևանք թողնել առնվազն մի քանի տարիների կտրվածքով: ՀՀԿ-ն ակնհայտորեն փորձում է ժամ առաջ կանխատեսելի քաղաքական դաշտ և կանխատեսելի ելքով ընտրությունների երաշխիքներ ստանալ: ԲՀԿ-ի շարունակական մանևրումները, նրա բավական բարձր ժողովրդականությունը, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ուրվականը, ՀԱԿ-ի մշտապես թռիչքի պատրաստ կեցվածքը մի կողմից և միջազգային հանրության` սպասվող ակնդետ ուշադրությունն ընտրությունների նկատմամբ՝ մյուս կողմից, ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին պահում են կատրյալ անորոշության մեջ: Եվ քանի որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները ՀՀԿ-ն դիտարկում է բացառապես 2013-ի նախագահական ընտրությունների լույսի ներքո, այդ անորոշությունն ու նյարդայնությունը դրդում են դիմել ոչ ադեկվատ քայլերի:
Երկրորդ` ՀՀԿ-ի նման արձագանքը ոչ այնքան հուշում է այդ կուսակցության հզորության, որքան անինքնավստահության մասին:
Եվ դա արտահայտվում է երկու իրողությամբ: Նախ` իսկապես ուժեղ կուսակցությունը երբեք ճնշում չի բանեցնում այն ուժերի վրա, որոնց ավելի թույլ է համարում: Իսկապես ուժեղ լինելու և դրա գիտակցումն ունենալու պարագայում նման մեթոդները բացարձակապես անիմաստ են դառնում, եթե չասենք՝ նույնիսկ վնասակար, որովհետև դրանք ընդամենը ցույց են տալիս իշխանական լծակներն ամեն կերպ պահպանելու ՀՀԿ-ի մտասևեռման մասին:
Երկրորդ` ինքնավստահ կուսակցությունը չի հայտարարի լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության և այդ կոալիցիան լուսանցքային, իրենց սպառված ուժերով ու քաղաքական գործիչներով համալրելու մտադրության մասին: Դա ոչ թե հասարակական համախմբման, այլ ընդամենը դրա իմիտացիան ստեղծելու խնդիր է լուծելու: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն պարզապես ահաբեկված է կոալիցիայից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալուց հետո իր շուրջը առաջանալիք վակուումից, և հենց այդ վակուումը լրացնելու համար էլ ձեռքը գցում է փտած ծղոտներին:
Այնպես որ, դեռ հարց է` այս հայտարարությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերոսությո՞ւն արեց, թե՞ պարզապես արջի ծառայություն մատուցեց նախագահին: Սակայն դա կերևա առաջիկայում` կախված նրանից, թե ԲՀԿ-ն, ակտիվ գործող քաղաքական ուժերը և մարգինալներն ինչ դիրք կբռնեն վարչապետական «մանիֆեստիե նկատմամբ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ