կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 18:19
Արցախ

"Պրեստիժի քաղաքականության" ցուցադրում

"Պրեստիժի քաղաքականության" ցուցադրում

Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը «պրեստիժի քաղաքականության» ցուցադրում է. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց արցախցի միջազգայնագետ Հայկ Խանումյանը, որի հավաստմամբ՝ նման քաղաքականության վրա Ադրբեջանը վաղուց միլիարդներ է ծախսում` սկսած տարբեր «եվրատեսիլներից» մինչեւ զորահանդեսներ:

 

«ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը, բնականաբար, ավելի լուրջ, ավելի թանկարժեք պատիվ է: Այն մեծապես օգտակար կլինի շարքային ադրբեջանցիների ազգային զգացմունքների համար, Ղարաբաղյան հարցի լուծման զարգացումների վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: Սրան հակառակ, պետք է նկատենք, որ ՄԱԿ-ում Հայաստանն այնքան էլ արդյունավետ չի աշխատում: ՄԱԿ-ը տեղեկատվական պատերազմի լավ վայր է, որտեղ մենք հիմնականում պաշտպանվողի դերում ենք: Սակայն ամեն ինչ Հայաստանի վրա գցելն էլ ճիշտ չէր լինի: Արդեն ժամանակն է, որ տարբեր հարթակներում, տարբեր ֆորմատներով նաեւ Արցախը երեւա: Բոլոր պնդումները, թե մենք ճանաչված չենք և չենք կարող ակտիվ լինել, տրամաբանությունից դուրս են եւ ծույլիկ աշակերտի արդարացումներ են»,- նշեց միջազգայնագետը:

 

Արցախցի քաղաքագետ Հրաչ Արզումանյանի կարծիքով նույնպես` Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալը նույնպես էական ազդեցություն չի կարող ունենալ ո'չ Ղարաբաղյան կարգավորման, ո'չ էլ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։ Դա, ըստ նրա, ընդամենը դիվանագիտական հաղթանակ է։

 

«Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հարցը եւ նմանատիպ խնդիրները լուծվում են ոչ ՄԱԿ-ի շրջանակներում։ Իրականում այլ գործոններ են աշխատում եւ ազդեցություն ունենում, որոնք այսպես, թե այնպես կապված են անվտանգության խնդիրների հետ»,- համարում է Հրաչ Արզումանյանը, որի կարծիքով՝ ավելի զսպող գործոն է այն, որ «Հայաստանը, փաստորեն, կարողանում է ապահովել ռազմական եւ ռազմաքաղաքական բալանս Ադրբեջանի նկատմամբ», քան Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակը։