կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 11:37
Առանց Կատեգորիա

Փրկությունը փնտրիր քո ներսում

Փրկությունը փնտրիր քո ներսում

Եվրասիական միություն ստեղծելու մասին ՌԴ վարչապետ Պուտինի գաղափարը շրջանառության մեջ դնելուց հետո ռուսաստանյան մամուլը հետաքրքիր հրապարակումներ է անում ուրիշ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների վերաբերմունքի մասին:

 

Այսպես, novopol.ru կայքում քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Չեռնյախովսկին, հենվելով «Լեւադակենտրոնի» սոցհարցման արդյունքների վրա, ինքնատիպ դատողություններ է անում ներկայացված հարցերից մեկի («Դուք համաձա՞յն եք, թե՞ ոչ այն կարծիքին, որ Ռուսաստանը պետք է ցանկացած միջոցներով, եթե պահանջվի՝ նաեւ ուժով իր հսկողության տակ պահի ԽՍՀՄ նախկին հանրապետությունները») կոռեկտության շուրջ:

 

«Հարցվածները սրան տալիս են ակնկալվող պատասխանը. համաձայն է փոքրամասնությունը՝ 27 տոկոս, համաձայն չէ 65 տոկոսը… Եվ սա հիմք է տալիս նման հարցերը մեկնաբանել իբրեւ քաղաքացիների անպատրաստություն՝ պաշտպանելու երկրի վերամիավորման ակտիվ գործողությունները»,- գրում է նա:

 

Պրոֆեսորի կարծիքով՝ հարցը սադրիչ բնույթի է: Ռուսաստանին բոլորովին պետք չէ ուժով վերահսկել մյուս հանրապետությունները: Միավորումը պետք է լինի կամավոր: Չեռնյախովսկին համարում է, որ մի բան է, երբ որեւէ հանրապետության ժողովուրդ չի ցանկանում ուրիշների հետ ապրել միասնական պետության մեջ, այլ բան է, «եթե ժողովրդի կամքն արտահայտված չէ, եւ նրա անունից ուրիշ կամք է հայտարարում ազգայնական ավանտյուրիստների մի խումբ, որը երկրում բռնատիրել է իշխանությունը»: Պրոֆեսորը գրում է, որ հարցադրումը պետք է դրվի «օբյեկտիվորեն եւ անկողմնակալ ձեւով». «Արդյոք համաձա՞յն եք, որ Ռուսաստանը եղբայրական օգնություն ցուցաբերի, այդ թվում՝ նաեւ ռազմական, նացիստական բռնապետության կողմից ճնշված ու ստրկացված հարեւան հանրապետության ժողովուրդին, որը ձգտում է բարեկամության եւ ինտեգրման ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ»:

 

Այդ դեպքում պատասխանը կլինի ուրիշ: Բայց կարեւոր է, որ լեւադովյան շահադիտական հարցադրման պարագայում Ռուսաստանի քաղաքացիների 27 տոկոսը պատրաստ է զենք վերցնել միութենական պետության վերամիավորման համար: Այսինքն՝ ռուսաստանցի պրոֆեսորը կոչ է անում քողարկել իր երկրի մեծապետական նկրտումները: Իսկ համարձակությունը չի հերիքո՞ւմ հարցնել նախկին խորհրդային հանրապետություների ժողովուրդների կարծիքը, որոնց ղեկավարներն անվերապահորեն պաշտպանեցին Պուտինի գաղափարը: Թերեւս, նրանց ղեկավարները նույնպեւս չեն արտահայտում «ճնշված եւ ստրկացված» ժողովրդի կարծիքը:

 

Իսկ որեւէ մեկը հարցրել է ռուսաստանցիներին, թե Ռուսաստանի համար փրկարար են համարում, արդյոք, Եվրասիական միության գաղափարը: Չէր խանգարի հարցնել նաեւ նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին, թե իրենց համար արդյոք փրկարար են համարում Պուտինի գաղափարը: Novopol.ru-ի մեկ այլ հոդվածում, որը նվիրված է ԱՊՀ երկրների (բացառությամբ՝ Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի) կառավարությունների ղեկավարների կողմից Համագործակցության շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրմանը, ասվում է. «Տաջիկստանի եւ Հայաստանի դրդապատճառը հասկանալի է. թշմանական շրջափակման մեջ սեղմված այս երկու փոքր երկրներն ուրիշ ելք չունեն, եւ նրանց հիմնական հույսը Ռուսաստանն է»:

 

Բայց այդպե՞ս է իրականում: Վստահություն չկա: Ինչպես որ վստահություն չկա այն հարցում, թե Հայաստանի համար կարող է փրկօղակ լինել որեւէ միության մեջ մտնելը՝ լինի Եվրասիական թե Եվրոպական: Փրկությունը պետք է փնտրենք մեր ներսում, ինչի համար կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանում փոխել պետական կառավարման եւ փոխհարաբերությունների ներկա համակարգը, որոշել շահերը, նպատակները, առաջնահերթությունները, արժեքները:

 

Ղարաբաղյան շարժման եւ Ադրբեջանի դեմ պատերազմի ընթացքում մենք դա շատ լավ էինք հասկանում: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին, ինչի մասին վաղուց եւ մտահոգությամբ գրում են ռուսական փորձագետները: Խնդիրը միությունները չեն, այլ այն, թե դու ինչպես կներկայացնես քեզ եւ քո շահերը եւ հարաբերություններ կկառուցես: Ավաղ, դատելով վերոգրյալ մեջբերումներից, հավասարազոր գործընկերության մասին խոսք չկա: Ավելին, ռուսաստանյան որոշ քաղաքագետներ անրջանքով այդ միություն են հրավիրում Թուրքիային:

 

«Անկարայից կարող են խլել արաբական Արեւելքի ամրոցների բանալիներն ու հանձնել մեկ ուրիշի: Բայց այդ դեպքում Թուրքիայի նկատմամբ իր հետաքրքրությունը կկորցնի Եվրոպան: Ճիշտ է, Անկարան ուրիշ հնարավորություն ունի՝ շրջվել դեպի Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միության կողմը: Եվ այդ ժամանակ թուրքական քայլերգը կարող է ուրիշ կերպ հնչել եւ շատ ավելի բարձր»,- գրում է Ստանիսլավ Տարասովը: Այս խորապատկերին սադրիչ հնչեց Մոսկվայի այն հայտարարությունը, թե Եվրասիական միության ստեղծման գաղափարը կարող է իրականացվել 2015 թվականի սահմանագծին: Ճիշտ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ