կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-22 23:32
Քաղաքական

ՀՅԴ-ն համակարգային իշխանափոխություն է պահանջում

ՀՅԴ-ն համակարգային իշխանափոխություն է պահանջում

Այսօր իշխանությունն օտարված է ժողովրդից եւ ապրում է իր կյանքով, իսկ ժողովուրդը` բարձիթողի վիճակում, բախտի քմահաճույքին մատնված. Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

 

Նա նշեց, որ երկրում տեղի ունեցող փոփոխություններին պետք է մասնակից լինի նաեւ ժողովուրդը, նա ամեն պահ պետք է զգա պետության զարկերակը: Իսկ իշխանափոխության հասնելու միակ ճիշտ ճանապարհը, Արմեն Ռուստամյանի համոզմամբ, արդար ընտրություններն են:

 

ԳՄ ներկայացուցիչը համոզված է, որ եթե Հայաստանի 2000  ընտրատեղամասում «Քվեն ուժ է» ընտրական շարժումն ունենա մեկ-երկու ներկայացուցիչ, հնարավոր կլինի վերահսկել ողջ ընտրական գործընթացը, իսկ ընտրությունը կեղծված լինելու դեպքում` ունենալ փաստեր` իրավական հիմքերով արդյունքները բողոքարկելու համար:

 

«Եթե անգամ կեղծեն ընտրությունները, բայց մենք ունենանք համապատասխան իրավաբանական հիմքերով ամրապնդված ապացույցներ, կեղծիքների հաջորդ, հետընտրական փուլը մենք կվերածենք իսկապես համաժողովրդական ապստամբության, եւ այդ ապստամբությունը հիմք կունենա»,- իր ելույթում ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Դաշնակցության հիմնական պահանջն այսօր համակարգային իշխանափոխությունն է, իսկ իշխանությունը որեւէ համակարգային փոփոխության չի գնա, քանի որ դա կնշանակի «կտրել այն ծառը, որի վրա նստած ես»:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ` իշխանության ձախողումը փաստելու համար միայն արտագաղթի հսկայական ծավալներն էլ բավարար են: Իսկ Հայաստանում տիրող անարդարությունն ու կոռուպցիոն երեւույթները պատճառ են դառնում, որ հայը չվերադառնա Հայաստան: «Հայաստանում կա կոռուպցիա, որովհետեւ Հայաստանում չկա արդար մոտեցում մարդու աշխատանքին, որովհետեւ Հայաստանում կաշառակերությունն այն աստիճանի է հասել,  որ անգամ այն մարդուց, ով ուզում է ներդրում կատարել երկրում, գումար են ուզում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա  վստահ է` այսօր միայն սոցիալիստական գաղափարախոսությանը հարող քաղաքական ուժը կարող է բոլոր ոլորտներում իրավիճակը փոխել: Իսկ մեր երկրում բոլոր ոլորտներում իրավիճակն օրհասական է, եւ դրանում հնարավոր է համոզվել ամեն օր: Որպես ասվածի ապացույց` դաշնակցական պատգամավորը նշում է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թվի աճը, նաեւ` աղանդավորների թվի աճը, քանի որ մարդիկ, այլընտրանք չունենալով, չնչին գումարների դիմաց համալրում են նրանց շարքերը:

 

Դաշնակցությունը համոզված է` կարելի է հաջողություն հասնել միայն ժողովրդի օգնությամբ, իսկ դրա համար պետք է աջակցել Դաշնակցության` ամբողջական իշխանափոխության մասին պահանջին, միայն այդ դեպքում ժողովուրդը կկարողանա դառնալ իր երկրի տերը եւ ոչ թե օտարվել իշխանությունից, ինչպես հիմա: