Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, որն ընդամենը երեք օր առաջ է ՀՀ նախագահին ու արտգործնախարարին փոխանցել հավատարմագրերը, իր աշխատանքային կենսագրությունում դիվանագիտական լուրջ ձեռքբերումներ չունի: Ամենալուրջ պաշտոնը, որ նա զբաղեցրել է մինչ Հայաստան գալը, եղել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալինը:
Ադրբեջանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մեթյու Բրայզան, օրինակ, եղել է պետքարտուղարի տեղակալի օգնականը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը: Իսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանը Ջոն Բասն է, ով 2008թ. Իրաքում ղեկավարել է կառավարական այն խումբը, որը համակարգում էր այդ երկրի հետպատերազմյան վերականգնման աշխատանքները: Իսկ Թուրքիայում Վաշինգտոնը դեսպան նշանակեց Ֆրենսիս Ռիկարդոնեին, ով մինչ այդ ղեկավարել է ամերիկյան դիվանագիտական կորպուսը Աֆղանստանում, Եգիպտոսում, աշխատել է Իրաքում և Թուրքիայում:
Հայաստանում այս նշանակումը պարզորոշ ուրվագծում է այն երկրորդական նշանակությունը, որ ԱՄՆ-ը վերապահում է Հայաստանին իր աշխարհաքաղաքական առաջնահերթություններում: Միաժամանակ, այս նշանակումը ցույց է տալիս, թե առաջիկայում Հայաստանում հատկապես որ հարցերի վրա է Վաշինգտոնը կենտրոնացնելու իր ուշադրությունը:
Հայաստանյան իր առաջին պաշտոնական, պրոտոկոլային հանդիպումների ժամանակ Հեֆերնը երկու հիմնական ուղերձ հղեց: Առաջին` ԱՄՆ-ը առաջընթաց է որակում այն զարգացումները, որոնք անցած վեց ամիսներին արձանագրվել են Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ը հասկացնում է, որ իշխանության լեգիտիմությունն իր համար այլևս օրակարգային չէ: Ընդ որում` ԱՄՆ դեսպանը նման հայտարարություն արեց իշխանություն-ընդդիմություն երկխոսության տապալումից հետո, որը որևէ կերպ չլուծեց ներքաղաքական ու ներհասարակական հարաբերություններում առկա ճգնաժամը: Դա ակնհայտ իրողությունները չնկատելու տալու ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի կեցվածքի ակնհայտ դրսևորում էր:
Եթե նկատի առնենք ներկայիս իրավիճակի ստեղծման հարցում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի ոչ երկրորդական դերակատարությունը, ապա Վաշինգտոնի նման վերաբերմունքը կարելի է հասկանալի համարել: Այն, ինչի հասել է Յովանովիչը մարտիմեկյան իրադարձություններից հետո, ԱՄՆ-ը համարում է բավարար Հայաստանում և տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու և ազդեցությունը չթուլացնելու տեսանկյունից: Այս լույսի ներքո է ԱՄՆ-ը մոտենում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը Հեֆերնի համար լինելու է առաջնային:
Երկրորդ ուղերձը, որով պատճառաբանվում է իշխանության որդեգրած ներքաղաքական կուրսի նկատմամբ նման լոյալությունը, վերաբերում է հայ-թուրքական և հատկապես` Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հետ կապված՝ Հայաստանի դիրքորոշումներին: Պատահական չէր դեսպանի կողմից ԱՄՆ նախագահի քաջալերանքի փոխանցումը Սերժ Սարգսյանին. «Նախագահ Օբաման հատկապես բարձր է գնահատում ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համար»: Թե կոնկրետ ինչում և ինչպես է դրսևորվում Սերժ Սարգսյանի «վճռականությունն» այդ հարցերում, դեսպանն, իհարկե, գաղտնազերծել չէր կարող:
Բայց ուշագրավն այն է, որ գրեթե նույն մտքերն արտահայտել էր նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Հայաստան կատարած պետական այցից հետո Սերժ Սարգսյանին ուղղված նամակում: «Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա»,- ասել էր Սարկոզին: Այսինքն՝ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից առնվազն երկուսը հասկացնում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը համահունչ է միջազգային հանրության ակնկալիքներին: Իսկ դրանք, ինչպես հայտնի է, բանակցող կողմերին զիջումների գնալու պարտադրումն է:
Ջոն Հեֆերնը, այսպիսով, փորձում է վերահաստատել, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատալ այս հարցում Հայաստանի նախագահի հավաստիացումներին: Գուցե նաև դրանով է պայմանավորված, որ ԼՂ հակամարտության կարգավորման նման փակուղային իրավիճակի հիմնական պատճառը սկսել է համարվել Ադրբեջանի պահվածքը, որը հենց միջազգային հանրության ակնկալիքներին դեմ գնալու փաստացի հետևանքն է: Հետևաբար, ԱՄՆ-ի հիմնական ակնկալիքը հայաստանյան իշխանություններից լինելու է ստանձնած պարտավորություններից ցանկացած պարագայում չհրաժարվելը, և Հեֆֆերնը կփորձի հոգ տանել այդ մասին: Ի տարբերություն Յովանովիչի, Հեֆերնը փորձելու է ավելի նախաձեռնող լինել տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Պատահական չէր, որ նրա ժամանումը համընկավ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի և սպառազինությունների վերահսկման, հավաստագրման և համապատասխանության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերի տարածաշրջանային այցերին: Այնպես որ, Հեֆերնը կարող է մարմնավորել տարածաշրջանում Հայաստանի մասով կորցրած դիրքերը կրկին վերագրավելու` ԱՄՆ հնարավոր ձգտումները:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ