կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-23 15:45
Հասարակություն

Ամերիկյան ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

Ամերիկյան ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ և ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը համախմբվել է նախարարության հովանու ներքո:

Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իրենք ակտիվ հետևում են նախարարության գործունեությանը և շատ տպավորված ու ոգևորված են նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նա նշել է, որ կարևորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երևանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում:

Նախարարը շատ է կարևորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում և տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարևոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձևավորվող ենթակառուցվածքները:

Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձևավորելու ուղղությամբ:

Սփյուռքի դերին անդրադառնալով՝ նախարար Արշակյանը նշել է, որ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները և երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար:

Հովիկ Սաֆոյանը շատ տպավորիչ է համարել նախարարության ծրագրերը, ռազմավարությունը, ուղղությունները, վերլուծությունները, համադրությունները, նշել, որ նախարարությունը գլոբալ տեսլական ունի, որը սփյուռքում շատ բարձր է գնահատվում:

«Սա կարծես թե թարմ օդ լինի, նոր մոտեցում, որ նախկինում չի եղել, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկիր չէ բարեգործություն անելու, այլ՝ փոխշահավետ գործակցությամբ նոր ընկերությունների և հնարավորությունների ստեղծման կենտրոն»,֊ նշել է Սաֆոյանը:

SADA Systems ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական և ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ և աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում և կոչված կլինի բացահայտելու և կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Ոգևորիչ է կառավորության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման և Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, և հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարևոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը և հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են և հեռանկարային:

Ամփոփելով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայ գործարարին իր պատրաստակամության և հայրենանվեր մոտեցումների համար, ընդգծել՝ մեկտեղելով ջանքերը սփյուռքի հետ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների: