կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-02 17:38
Հասարակություն

Ամերիկյան բժշկական առաքելությունը բուժօգնություն է տրամադրում Հայաստանում և Արցախում

Ամերիկյան բժշկական առաքելությունը բուժօգնություն է տրամադրում Հայաստանում և Արցախում

2015 թվականից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գրասենյակը համագործակցում է «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ, կազմակերպում նրանց այցը Հայաստան՝ ի նպաստ հայրենի բժշկության զարգացման։ Այս կարևոր նախաձեռնության մտահղացումը ծնվեց «Գլենդեյլ ադվենտիստ» ԲԿ-ի բուժաշխատողների մոտ, և արդեն 5-րդ տարին է, անվճար բուժծառայություններ են մատուցվում Հայաստանում։ Սկսած  2018 թվականից, արդեն երկրորդ անգամ, բժիշկները մեկնում են նաև Արցախ և իրենց փորձը փոխանցում արցախցի գործընկերներին: Համագործակցության այս հինգ տարիների ընթացքում հազարավոր խորհրդատվություններ և վիրահատություններ են անցկացվել, հիվանդանոցներին տրամադրվել է բարձրորակ և արդի սարքավորումներ և դեղորայք. հայտնում են հիմնադրամից: 

Բժշկական առաքելությունը երկու բաղադրիչից է բաղկացած՝ վիրաբուժական - ոչ վիրաբուժական, ստացիոնար խնամք։ Առաքելության անդամ են շուրջ հիսուն մասնագետներ՝ վիրաբույժներ, բժիշկներ, քույրեր, դեղագետներ, տեխնիկներ և այլ արհեստավարժ անդամներ, որոնց ջանքերով է պայմանավորված առաքելության հաջողությունը։

Վիրաբուժական թիմը միջամտություններ է իրականացնում ընդհանուր և որովայնի, կոլոռեկտալ վիրաբուժության, ինտերվենցիոն սրտաբանության ու նյարդաբանության, օրթոպեդիկ վիրաբուժության ոլորտոներում։ Իրենց նախորդ այցելության ժամանակ բժիշկները նկատել էին որոշակի սարքավորումների պակաս, և արդեն այս տարի «Գլենդեյլ ադվենտիստը» Հիմնադրամի միջոցով բարձրակարգ բժշկական տեխնիկա է նվիրաբերել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնին, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել բուժանձնակազմի համար։

Բժշկական առաքելությունը բաժանվել է երկու աշխատանքային խմբի․ մինչ մայրաքաղաքում կատարվում են բարդ վիրահատական միջամտություններ, բժշկական խմբերն այցելում են Արցախի վեց գյուղական համայնքներ խորհրդատվություն և բուժզննում անցկացնելու նպատակով, իսկ մանկաբույժների թիմն աշխատում է Ստեփանակերտի մանկական բուժկենտրոնում։ Բժիշկների կազմում ընդգրկված են ընտանեկան բժիշկներ, թոքաբաններ, շտապօգնության մասնագետներ, նյարդաբաններ և սրտաբաններ, որոնք բժշկական օգնություն և բարձրորակ դեղեր  են տրամադրում բնակիչներին։

Հայաստան համահայկական հիմնադրամը և ԱՄՆի «Հայաստան» հիմնադրամը կազմակերպող օղակ են  հանդիսանում բժշկական առաքելության և Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի հետ։ Հիմնադրամը «Ադվենտիստ հելթս» թիմին տրամադրում է նյութատեխնիկական, համակարգող և ներպետական աջակցություն: Վերջիններս հիմնադրամն ընկալում են որպես իրական գործընկեր՝ համոզված լինելով որ ամբողջ գործընթացը հաջող է և բարձր արդյունավետություն ունի: Իր հերթին, ներգրավված բուժհաստատություններում Հիմնադրամն իրականացնում է մշտադիտարկում և գնահատում։ Ըստ ամերիկացի մասնագետների՝ տարեցտարի խնամքի որակը և բժշկական ընթացակարգերը բարելավվում են:

 

---

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։