կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-17 18:56
Մշակույթ

Ամոթ

Ամոթ

2012թ. Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք է հռչակվել: Այն Երեւանը, որտեղ ձեռքերի մատները լրիվ կբավականացնեն գրախանութները հաշվելու համար: Բայց որ այսպես շարունակվի, մի ձեռքի մատներն էլ շատ կլինեն:

 

Ովքեր են երբեւիցե մտահոգվել, թե ինչո՞ւ են գրախանութներ փակվում. ԿԳ նախարարությո՞ւնը, թե՞ մշակույթի նախարարությունը: Ոչ ոք, քանի որ գրքերը, հավանաբար, չե՞ն պատկանում ո'չ մշակութային եւ ո'չ էլ կրթական ոլորտներին: Բայց այս հանգամանքը տվյալ դեպքում նաեւ բարեբախտություն է. Աստված մի արասցե, որ գրքերն ինչ-որ ընդհանուր բան ունենան այսօրվա մեր կրթության կամ մշակույթի ընդգրկման հետ:

 

Մարդիկ, իմանալով հանդերձ, որ Հայաստանում գրքի բիզնես գոյություն չունի, այնուամենայնիվ, գրախանութ են բացում. նույն պատճառաբանությամբ էլ փակում այն:

 

Տեսնես ի՞նչ են մտածում մեր ԿԳ եւ մշակույթի նախարարները, երբ  մայթերին վաճառքի հանված գրքեր են տեսնում. հարց է առաջանում, իսկ նրանք հասցնո՞ւմ են դա նկատել. դե, նախարար են, շատ զբաղված կլինեն, ի՞նչ իմանաս...

 

Այսօր արդեն փակման իրական վտանգի առջեւ է կանգնած Կորյունի 8 հասցեում գտնվող «Ուսումնական գիրք» գրախանութը, որը մեծ տեսականի էր առաջարկում սպառողին, բայց այնքան էլ երկար «կյանքի պատմություն» չուներ: Գրախանութը հասցրել էր իր մշտական հաճախորդներն ունենալ, որոնց համար հիմա այլընտրանք չկա, մայթերից բացի:

 

Տեսնես ինչպե՞ս են ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել իրավիճակը մեզ մոտ, կամ ինչի՞ց ելնելով են մեզ գրքի միջազգային մայրաքաղաքի բնակիչներ կոչելու:

 

Այս օրերին գրողները, գրականագետները, ընթերցասերներն անում են ամեն ինչ` ընթերցանության ավանդույթը դարձյալ Հայաստան «բերելու» համար, իսկ մենք հանգիստ խղճով նայում ենք, թե ինչպես է մի ամբողջ գրախանութ փակվում:

 

Հարգարժա'ն նախարարներ, դանդաղ հաշվեք փակվող եւ բացվող գրադարանների թիվը, հանկարծ հաշվարկում հետ եւ առաջ չընկնեք...